Ճշմարտությունը Մեռյալ ծովի ձեռագրերի մասին

Ավելի քան հիսուն տարի առաջ իր հոտը հովվող մի բեդվին քար էր նետել քարանձավ, որի շնորհիվ երևան է եկել մի հայտնագործություն, որը ոմանք համարում են 20–րդ դարի հնագիտական հայտնագործություններից մեծագույնը։ Բեդվինը լսել էր, թե ինչպես էր քարը կավե ամանի դեմ առել ու կոտրել այն։ Տեսնելու համար, թե ինչ է դա, նա զննել էր և հայտնաբերել առաջինն այն ձեռագրերից, որոնք հետագայում հայտնի դարձան որպես Մեռյալ ծովի ձեռագրեր։

Այդ ձեռագրերը հայտնվեցին ոչ միայն գիտական աշխարհի, այլ նաև զանգվածային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ վիճաբանությունների առարկա դառնալով։ Հասարակությունը խառնաշփոթության մեջ էր. ամենուրեք սխալ ինֆորմացիա էր տարածվում։ Լուրեր էին պտտվում այն մասին, թե թաքցնում են փաստերը՝ վախենալով, որ ձեռագրերում այնպիսի տեղեկություն է պարունակվում, որը իբրև կարող է փլուզել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ հրեաների հավատը։ Սակայն ի՞նչ են իրականում պարունակում այդ ձեռագրերը։ Հնարավո՞ր է արդյոք ավելի քան հիսուն տարի հետո բացահայտել ճշմարտությունը։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Մեռյալ ծովի ձեռագրերը

Դրանք հրեական հնագույն ձեռագրեր են, որոնց մեծամասնությունը գրվել է եբրայերենով, մի մասը՝ արամերենով, մի քանիսն էլ՝ հին հունարենով։ Այս ձեռագրերից և դրանց հատվածներից շատերը ավելի քան 2 000 տարվա պատմություն ունեն և թվագրվում են Հիսուսի ծննդից առաջ ընկած ժամանակներին։ Բեդվիններից ձեռք բերված առաջին ձեռագրերի մեջ կային յոթ երկար ձեռագրեր, որոնք գտնվում էին քայքայման տարբեր վիճակներում։ Հետագայում ուրիշ անձավների որոնումների ժամանակ այլ ձեռագրեր և դրանց հազարավոր հատվածներ են հայտնաբերվել։ 1947–1956 թվականների ընթացքում Մեռյալ ծովի ափին՝ Կումրանի շրջանում, հայտնաբերվել են ընդհանուր առմամբ տասնմեկ անձավներ, որտեղ ձեռագրեր են պահված եղել։

Երբ բոլոր գլանաձև ձեռագրերը ու դրանց հատվածներ տեսակավորվեցին, դրանց ընդհանուր թիվը կազմեց 800 հատ։ Մոտ մեկ քառորդը՝ ավելի քան երկու հարյուր ձեռագրեր, եբրայերեն Աստվածաշնչի բնագրերի մասերից արտագրված օրինակներ են։ Կան նաև ձեռագրեր, որոնք հին հրեական, Աստվածաշնչի կանոնից դուրս գրվածքներ են՝ անկանոն և անվավեր գրություններ։*

Ձեռագրերի մի մասը, որը հատկապես հետաքրքրեց գիտնականներին, նախկինում անհայտ են եղել։ Դրանք ընդգրկում են մեկնաբանություններ հրեական օրենքի մասին, հատուկ կանոններ Կումրանի համայնքի աղանդավորների համար, պատարագային բանաստեղծություններ և աղոթքներ, ինչպես նաև՝ կատարածաբանական աշխատություններ, որոնցում արտացոլվում են վերջին օրերի և աստվածաշնչյան մարգարեությունների կատարման վերաբերյալ նրանց հայացքները։ Կան նաև առանձնահատուկ մեկնաբանություններ Աստվածաշնչի վերաբերյալ, սուրբգրային տեսքտերի մեկնաբանությունների հնագույն տարբերակներ՝ համար առ համար։

Ովքե՞ր են Մեռյալ ծովի ձեռագրերը գրողները

Հին ձեռագիր փաստաթղթերի թվագրման տարբեր մեթոդները ցույց են տալիս, որ այս ձեռագրերը կամ արտագրվել, կամ գրվել են մ.թ.ա. երրորդից մ.թ. առաջին դարերում ընկած ժամանակահատվածում։ Գիտնականներից ոմանք առաջ են քաշում այն ենթադրությունը, որ ձեռագրերը անձավներում թաքցրել են Երուսաղեմում բնակվող հրեաները մ.թ. 70–ին տաճարի կործանումից առաջ։ Սակայն, ձեռագրերը հետազոտող գիտնականների մեծամասնությունը գտնում է, որ այդ տեսակետը չի համապատասխանում ձեռագրերի բովանդակությանը։ Ձեռագրերից շատերում ամփոփված են այնպիսի տեսակետներ ու սովորույթներ, որոնք դեմ էին Երուսաղեմի կրոնական առաջնորդների համոզմունքներին։ Դրանցում պատմվում է մի համայնքի մասին, որի անդամները հավատում էին, որ Աստված մերժել է քահանաներին ու Երուսաղեմի տաճարում մատուցվող ծառայությունը և համարում է, որ իրենց՝ աղանդավորների՝ անապատում մատուցված խմբակային երկրպագությունը ինչ–որ չափով փոխարինում է տաճարի ծառայությանը։ Անհավանական է թվում, որ Երուսաղեմի տաճարի առաջնորդները թաքցնեին նման ձեռագրեր պարունակող որևէ ժողովածու։

Թեև հնարավոր է, որ Կումրանում գրագիրների խումբ է եղել, սակայն, ամենայն հավանականությամբ, ձեռագրերից շատերը այլ վայրերից հավաքել և Կումրան են բերել հավատացյալները։ Ինչ–որ առումով Մեռյալ ծովի ձեռագրերի մասին կարելի է ասել, որ դրանք իրենցից ներկայացնում են գրադարանային աշխատությունների մեծ հավաքածու։ Ինչպես և ցանկացած գրադարանի դեպքում, այս ձեռագրական հավաքածուն ևս հայացքների մեծ շարան է, որում ամեն միտք չէ, որ ներդաշնակ է ընթերցողի կրոնական հայացքների հետ։ Սակայն առկա բազմօրինակ տեքստերը, հավանաբար, ավելի շատ արտացոլում են տվյալ խմբին՝ համայնքին հատուկ հետաքրքրություններն ու համոզմունքները։

Արդյո՞ք Կումրանի բնակիչները հեսեներ էին

Եթե այս ձեռագրերը պատկանել են Կումրանի գրադարանին, այդ դեպքում ովքե՞ր են եղել Կումրանի բնակիչները։ Պրոֆեսոր Ելիազար Սուքենիքը, որը 1947–ին Երուսաղեմի Հրեական համալսարանի համար երեք ձեռագիր էր ձեռք բերել, առաջինն էր, որ առաջ քաշեց այն գաղափարը, թե այդ ձեռագրերը պատկանել էին հեսեների համայնքին։

Հեսեները հրեական աղանդի հետևորդներն են եղել, ինչի մասին հիշատակում են առաջին դարի գրողներ Հովսեպոսը, Փիլոն Ալեքսանդրիացին և Պլինիոս Ավագը։ Թե ինչպես են իրականում առաջ եկել հեսեները, կարելի է միայն ենթադրել, սակայն կա այն կարծիքը, որ նրանք մ.թ.ա. երկրորդ դարում Մակաբայեցիների ապստամբությունից հետո բարձրացված աղմուկի ժամանակ են առաջ եկել։* Նրանց մասին Հովսեպոսը գրում է հենց այդ դեպքերի կապակցությամբ՝ նկարագրելով, թե ինչով էին նրանց կրոնական հայացքները տարբերվում փարիսեցիների ու սադուկեցիների հայացքներից։ Իսկ Պլինիոսը նշում է հեսեների մի համայնքի բնակության վայրը՝ Մեռյալ ծովի մոտակայքում Երիքովի ու Ենգադդիի միջև ընկած տարածքը։

Մեռյալ ծովի ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող աստվածաբան Ջեյմս Վանդերկամի խոսքերի համաձայն՝ «Կումրանում բնակվող հեսեները եղել են հեսենական ուղղության ընդամենը մի փոքր խումբ», որն, ըստ Հովսեպոսի, ունեցել է շուրջ չորս հազար հետևորդ։ Թեև կումրանական գրություններից ուրվագծվող ընդհանուր պատկերը ոչ ամբողջությամբ է համապատասխանում խմբի մասին տրված բոլոր նկարագրություններին, սակայն ավելի շատ համապատասխանում է հեսեներին, քան այն ժամանակ հայտնի հրեական որևէ այլ խմբավորման։

Ոմանք պնդում են, որ քրիստոնեությունը սկիզբ է առել Կումրանում։ Սակայն, բազում կտրուկ տարբերություններ են նկատվում Կումրանի աղանդի և վաղ քրիստոնյաների կրոնական հայացքների միջև։ Կումրանական գրությունները ցույց են տալիս, որ հեսեները Շաբաթը պահելու ծայրահեղ խիստ պահանջներ ունեին և ծիսակարգային մաքրությանը չափից ավելի նշանակություն էին տալիս (Մատթէոս 15։1–20; Ղուկաս 6։1–11 Նաև նրանք հասարակությունից անջատ կյանք էին վարում, հավատում էին ճակատագրին և հոգու անմահությանը, հատուկ շեշտ էին դնում ամուրիության վրա և խորհրդապաշտական գաղափարներ էին առաջ քաշում հրեշտակների հետ միասին Աստծուն երկրպագելու վերաբերյալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրանց հավատալիքները տարբեր էին Հիսուսի և առաջին դարի քրիստոնյաների ուսմունքներից (Մատթէոս 5։14–16; Յովհաննէս 11։23, 24; Կողոսացիս 2։18; Ա Տիմոթէոս 4։1–3

Ոչ մի ծածուկ բան, ոչ մի գաղտնի ձեռագիր

Մեռյալ ծովի ձեռագրերի հայտնաբերումից հետո զանազան հրատարակություններ են լույս տեսել, որոնք ամբողջ աշխարհի գիտնականներին մատչելի են դարձրել առաջին հայտնագործությունները։ Սակայն, ինչ վերաբերում է քարանձավներից մեկում (որը հայտնի է որպես 4–րդ անձավ) գտնված հազարավոր այլ ձեռագիր հատվածներին, դրանց հետ ավելի մեծ դժվարություններ էին կապված։ Դրանցով զբաղվում էր Երուսաղեմի արևելյան մասում (այն ժամանակ՝ Հորդանանի մի մասը)՝ Պաղեստինի հնագիտական թանգարանում հաստատված գիտնականների մի փոքրիկ միջազգային խումբ։ Ոչ մի հրեա կամ իսրայելցի գիտնական ընդգրկված չէր այդ խմբում։

Խումբը որոշակի քաղաքականություն էր վարում. ոչ ոքի համար ձեռագրերը մատչելի չէին կարող լինել, քանի դեռ չէին հրատարակվել խմբի հետազոտության պաշտոնական արդյունքները։ Նաև խմբում գիտնականների թիվը խիստ սահմանափակ էր։ Միայն անդամներից որևէ մեկի մահվան դեպքում կարելի էր նոր անդամի կցել խմբին՝ նրան փոխարինելու համար։ Աշխատանքը մեծ էր, ուստիև, շատ ավելի մեծ խումբ էր պահանջվում, և, բացի այդ, որոշ դեպքերում հին եբրայերենի և արամերենի ավելի խորը գիտելիքների և փորձի պահանջ էր զգացվում։ Ջեյմս Վանդերկամը դա հետևյալ կերպ է բացատրում. «Որքան էլ որ հմուտ լինեին մասնագետները, տասնյակ հազարավոր ձեռագիր հատվածները չափազանց շատ էին ութ հոգու համար»։

1967 թ. Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի արևելյան մասն անցավ Իսրայելի իրավասության տակ և դրա հետ մեկտեղ՝ ձեռագրերը, սակայն խմբի համար սահմանված քաղաքականությունը դրանից չփոխվեց։ Քանի որ 4–րդ անձավի ձեռագրերի հրատարակումը ձգձգվեց տասնամյակներով, մի շարք գիտնականներ բողոք ներկայացրեցին։ 1977 թ.–ին Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Գեզա Վերմեշը այդ իրավիճակն անվանեց 20–րդ դարի ակադեմիական մեծ սկանդալ։ Սկսեցին լուրեր տարածվել, թե Կաթոլիկ եկեղեցին դիտավորյալ թաքցնում է ձեռագրերում պարունակվող ինֆորմացիան, որը կարող է մեծ վնաս հասցնել քրիստոնեությանը։

Խմբի անդամների թիվը 1980–ականներին վերջապես հասավ քսանի։ Այնուհետև 1990–ին նոր գլխավոր խմբագրի՝ Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտաշխատող Էմանուել Թովի ղեկավարության ներքո խումբն ընդարձակվեց և անդամների թիվն անցավ հիսունից։ Խիստ գրաֆիկ դրվեց մնացած ձեռագրերի հետազոտական բոլոր աշխատությունները հրատարակելու համար։

Իսկապես անսպասելի մի նվաճում կատարվեց 1991 թվականին։ Նախ՝ լույս տեսավ «Մեռյալ ծովի չհրատարակված ձեռագրերի նախնական հրատարակությունը» («A Preliminary Edition of the Unpublished Dead Sea Scrolls»)։ Այդ աշխատությունը պատրաստվել էր համակարգչի օգնությամբ՝ խմբի կազմած համաբարբառի կրկնօրինակի հիման վրա։ Ապա՝ Սան Մարինոյի (Կալիֆոռնիա նահանգ) Հանթինգտոնյան գրադարանը հայտարարեց, որ յուրաքանչյուր գիտնական կարող է ձեռք բերել ձեռագրերի լուսանկարների իրենց կողմից պատրաստված լրիվ ժողովածուն։ Շատ չանցած լույս տեսավ «Մեռյալ ծովի ձեռագրերի ճշգրիտ վերահրատարակություն» գիրքը՝ նախկինում չհրատարակված ձեռագրերի լուսանկարներով («A Facsimile Edition of the Dead Sea Scrolls»)։

Այսպիսով՝ վերջին տասնամյակում Մեռյալ ծովի բոլոր ձեռագրերը մատչելի են դարձել ուսումնասիրելու համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչինչ չի թաքցվել, և ոչ մի գաղտնի ձեռագիր չի եղել։ Եվ միայն հիմա, երբ լույս են տեսնում ձեռագրերի պաշտոնական վերջնական հրատարակությունները, կարելի է ամբողջական վերլուծություններ սկսել։ Ձեռագրերի մասնագետների նոր սերունդ է առաջ եկել։ Սակայն ի՞նչ նշանակություն ունեն այս հետազոտությունները Աստվածաշունչն ուսումնասիրողների համար։

[ծանոթագրություններ]

Անկանոն («ապոկրիֆ», բառացի՝ գաղտնի) և անվավեր (կեղծ հեղինակի վերագրվող գրություններ) գրվածքները հրեական գրություններ են՝ թվագրված մ.թ.ա. երրորդ դարից մինչև մ.թ. առաջին դարը։ Անկանոն գրվածքները Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից ընդունվում են որպես Աստվածաշնչի ներշնչված, կանոնական գրություններ, սակայն մերժվում են հուդայականների ու բողոքականների կողմից։ Անվավեր գրվածքները հաճախ աստվածաշնչյան պատմությունների մանրամասն շարադրանքներ են, որոնք իբրև արձանագրվել են Սուրբ Գրքի որոշ հայտնի կերպարների կողմից։

Տեսե՛ք «Ովքե՞ր են եղել Մակաբայեցիները» վերնագրով հոդվածը, «Դիտարան» նոյեմբերի 15, 1998, էջ 21–24, ռուս.։

[նկար 3–րդ էջի վրա]

Սրանք Մեռյալ ծովի մոտակայքում գտնվող անձավներից են, որտեղ հայտնաբերվել են հնագույն ձեռագրերը

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Ձեռագիր հատվածներ, էջ 3, 4 և 6. Courtesy of Israel Antiquities Authority

[նկար 5–րդ էվի վրա. թույլտվությամբ]

Courtesy of Shrine of the Book, Israel Museum, Jerusalem