Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25
  • Մայիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայիս
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 մայիսի, հինգշաբթի
  • 2 մայիսի, ուրբաթ
  • 3 մայիսի, շաբաթ
  • 4 մայիսի, կիրակի
  • 5 մայիսի, երկուշաբթի
  • 6 մայիսի, երեքշաբթի
  • 7 մայիսի, չորեքշաբթի
  • 8 մայիսի, հինգշաբթի
  • 9 մայիսի, ուրբաթ
  • 10 մայիսի, շաբաթ
  • 11 մայիսի, կիրակի
  • 12 մայիսի, երկուշաբթի
  • 13 մայիսի, երեքշաբթի
  • 14 մայիսի, չորեքշաբթի
  • 15 մայիսի, հինգշաբթի
  • 16 մայիսի, ուրբաթ
  • 17 մայիսի, շաբաթ
  • 18 մայիսի, կիրակի
  • 19 մայիսի, երկուշաբթի
  • 20 մայիսի, երեքշաբթի
  • 21 մայիսի, չորեքշաբթի
  • 22 մայիսի, հինգշաբթի
  • 23 մայիսի, ուրբաթ
  • 24 մայիսի, շաբաթ
  • 25 մայիսի, կիրակի
  • 26 մայիսի, երկուշաբթի
  • 27 մայիսի, երեքշաբթի
  • 28 մայիսի, չորեքշաբթի
  • 29 մայիսի, հինգշաբթի
  • 30 մայիսի, ուրբաթ
  • 31 մայիսի, շաբաթ
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25

Մայիս

1 մայիսի, հինգշաբթի

Մեծ սով է լինելու (Գործ. 11։28)։

Երբ առաջին դարում «ողջ երկրում» սով սկսվեց, դրանից անմասն չմնացին նաև քրիստոնյաները։ Անկասկած, ընտանիքի գլուխներն անհանգստացած էին, թե ինչպես են հոգալու իրենց ընտանիքի կարիքները։ Իսկ ի՞նչ ազդեցություն դա ունեցավ այն երիտասարդների վրա, որոնք պլանավորում էին ընդլայնել իրենց ծառայությունը։ Գուցե նրանք մտածում էին, որ պետք է հետաձգեն իրենց նպատակները։ Անկախ հանգամանքներից՝ քրիստոնյաները հարմարվեցին իրավիճակին։ Նրանք շարունակեցին քարոզչական գործում լավագույնն անել և իրենց ունեցած նյութական միջոցներից բաժին հանել Հրեաստանում ապրող հավատակիցներին (Գործ. 11։29, 30)։ Նրանք, ովքեր նյութական օգնություն ստացան, անձամբ համոզվեցին, որ Եհովան օրհնում է իրենց (Մատթ. 6։31-33)։ Հավանաբար, նրանք ավելի մտերմացան իրենց աջակցող հավատակիցների հետ։ Իսկ նրանք, ովքեր նվիրաբերություններ էին անում կամ մասնակցում էին օգնություն տրամադրելու գործին, զգացին այն ուրախությունը, որ գալիս է տալուց (Գործ. 20։35)։ w23.04, էջ 16, պրբ. 12-13

2 մայիսի, ուրբաթ

Գիտենք, որ.... կստանանք մեր խնդրածները (1 Հովհ. 5։15)։

Երբեմն Եհովան պատասխանում է իր ծառաների աղոթքներին՝ մղելով իրեն չպաշտող մարդկանց գործելու նրանց օգտին։ Օրինակ՝ նա մղեց Արտաքսերքսես թագավորին, որ թույլ տա Նեեմիային վերադառնալ Երուսաղեմ և կազմակերպել քաղաքի վերակառուցումը (Նեեմ. 2։3-6)։ Նմանապես այսօր Եհովան կարող է մեզ օգնության հասնել իրեն չպաշտող մարդկանց միջոցով։ Մեր աղոթքների պատասխանները սովորաբար արտասովոր կերպով չեն տրվում։ Բայց դրանք հենց այն են, ինչ մեզ պետք է մեր երկնային Հորը հավատարիմ մնալու համար։ Ուստի ուշադիր եղիր, որ նկատես, թե ինչպես է Եհովան պատասխանում քո աղոթքներին։ Ժամանակ առ ժամանակ կանգ առ և մտածիր այդ մասին (Սաղ. 66։19, 20)։ Մենք հավատ ենք դրսևորում ոչ միայն աղոթելով Եհովային, այլև ընդունելով նրա պատասխանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն (Եբր. 11։6)։ w23.05, էջ 12, պրբ. 13, 15-16

3 մայիսի, շաբաթ

Իմ Աստվա՛ծ, քո կամքը կատարելը ինձ համար ուրախություն է (Սաղ. 40։8)։

Երբ նվիրվեցինք Եհովային, խոստացանք պաշտել նրան և կատարել նրա կամքը։ Մենք պետք է պահենք մեր երդումը։ Նվիրման համաձայն ապրելը չափազանց դժվար չէ մեզ համար. չէ՞ որ մեր գոյության նպատակը Եհովայի կամքը կատարելն է (Հայտն. 4։11)։ Նա մեզ ստեղծել է իր պատկերով և իրեն ճանաչելու ու պաշտելու կարիքով։ Դրա համար էլ մենք կարողանում ենք մտերմանալ նրա հետ և բավականություն ենք ստանում նրա կամքը կատարելուց։ Դեռ ավելին՝ Աստծու կամքը կատարելով և նրա Որդու օրինակին հետևելով՝ մենք թարմանում ենք (Մատթ. 11։28-30)։ Ուստի շարունակիր խորացնել սերդ Եհովայի հանդեպ՝ խորհրդածելով այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար, և այն օրհնությունների մասին, որոնք նա տալու է քեզ ապագայում։ Այդ դեպքում նրան հնազանդվելը դժվար չի լինի (1 Հովհ. 5։3)։ Հիսուսը կարողացավ կատարել Աստծու կամքը, քանի որ օգնության համար աղոթում էր Եհովային և կենտրոնացած էր մնում վարձատրության վրա (Եբր. 5։7; 12։2)։ Հիսուսի պես՝ խնդրիր Եհովային, որ զորացնի քեզ, և քո մտքում վառ պահիր հավիտենական կյանքի հույսդ։ w23.08, էջ 27-28, պրբ. 4-5

4 մայիսի, կիրակի

Մի՞թե քեզ համար արժեք չունի այն բարությունը, մեծահոգությունն ու համբերատարությունը, որ Աստված առատորեն դրսևորում է։ Չգիտե՞ս, որ իր բարությամբ նա օգնում է քեզ զղջալ (Հռոմ. 2։4)։

Բոլորս էլ սիրում ենք համբերատար մարդկանց։ Նրանք կարողանում են առանց նյարդայնանալու սպասել, ինչը հարգանքի է արժանի։ Մենք նաև թանկ ենք համարում այն մարդկանց, ովքեր համբերատար են լինում մեր հանդեպ, երբ սխալներ ենք թույլ տալիս։ Մենք շնորհակալ ենք մեզ Աստվածաշունչ ուսուցանողին, ով համբերատարություն է դրսևորել, երբ դժվարացել ենք հասկանալ և ընդունել աստվածաշնչյան որոշ ուսմունքներ կամ կիրառել սուրբգրային որևէ սկզբունք։ Բայց ամեն բանից առավել մենք երախտապարտ ենք Եհովային, որ համբերատար է մեր հանդեպ։ Ինչ խոսք, մեզ դուր է գալիս, երբ ուրիշները համբերատար են լինում, սակայն ինքներս գուցե դժվարանանք դրսևորել այս հատկությունը, օրինակ, երբ ուշանում ենք և խցանման մեջ ենք։ Հնարավոր է նաև՝ հունից դուրս գանք, երբ ուրիշները նյարդայնացնում են մեզ։ Իսկ երբեմն էլ գուցե դժվար լինի, շարունակել սպասել Եհովայի խոստացած նոր աշխարհին։ Այս բոլոր դեպքերում մենք ավելի համբերատար լինելու կարիք ունենք։ w23.08, էջ 20, պրբ. 1-2

5 մայիսի, երկուշաբթի

Գեդեոնը պահեց միայն այդ 300 հոգուն, իսկ մյուսներին տուն ուղարկեց (Դատ. 7։8)։

Եհովայի պատվերով Գեդեոնը իր զորքը ավելի քան 99 տոկոսով կրճատեց։ Նա կարող էր մտածել. «Բայց իսկապե՞ս պետք է այդպես վարվել։ Այդքանով գլուխ կհանե՞նք»։ Այնուամենայնիվ, նա հնազանդվեց։ Ընդօրինակելով Գեդեոնին՝ երեցները հետևում են փոփոխված առաջնորդությանը (Եբր. 13։17)։ Գեդեոնը հնազանդվում էր Եհովային՝ անկախ իր վախերից և հավանական ռիսկերից (Դատ. 9։17)։ Եհովայից հավաստիացում ստանալուց հետո Գեդեոնը միանգամայն համոզված էր, որ նա կօգնի իրեն պաշպանել իսրայելացիներին։ Արգելքի պայմաններում ծառայող երեցները ընդօրինակում են Գեդեոնին։ Նրանք քաջաբար առաջնորդություն են վերցնում ժողովի հանդիպումներն անցկացնելու գործում և քարոզչական ծառայության մեջ՝ չնայած հնարավոր է, որ նրանց ձերբակալեն, հարցաքննեն, զրկեն աշխատանքից կամ բռնության ենթարկեն։ Մեծ նեղության ընթացքում երեցները քաջության կարիք կունենան, որպեսզի հետևեն տրված առաջնորդությանը, նույնիսկ եթե դա անելը վտանգավոր լինի։ w23.06, էջ 5-6, պրբ. 12-13

6 մայիսի, երեքշաբթի

Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ (1 Սամ. 2։30)։

Եհովան այնպես արեց, որ Հովիադա քահանայապետի լավ գործերի մասին գրվի Աստվածաշնչում, որպեսզի հետագա սերունդները սովորեն նրանից (Հռոմ. 15։4)։ Իսկ երբ Հովիադան մահացավ, նրան բացառիկ պատվի արժանացրին և թաղեցին «Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև նա Իսրայելում բարի գործեր էր արել ճշմարիտ Աստծու և նրա տան համար» (2 Տար. 24։15, 16)։ Այս արձանագրությունը կարող է օգնել մեզ, որ աստվածավախություն զարգացնենք։ Երեցները կարող են ընդօրինակել Հովիադային՝ լինելով զգոն և հավատարմորեն պաշտպանելով Աստծու հոտը (Գործ. 20։28)։ Տարեցները կարող են սովորել, որ եթե Հովիադայի նման աստվածավախ ու նվիրված լինեն, Եհովան կարող է նրանց միջոցով իրականացնել իր նպատակները։ Իսկ երիտասարդները, ուսումնասիրելով Հովիադայի մասին պատմությունը, կարող են ընդօրինակել Եհովային և արժանապատվորեն ու հարգանքով վերաբերվել տարեց հավատակիցներին, հատկապես նրանց, ովքեր երկար տարիներ է, ինչ հավատարմորեն ծառայում են (Առակ. 16։31)։ Թող որ հնազանդվենք «առաջնորդողներին»՝ հավատարմորեն թիկունք կանգնելով նրանց (Եբր. 13։17)։ w23.06, էջ 17, պրբ. 14-15

7 մայիսի, չորեքշաբթի

Արդարի շուրթերը սնում են շատերին (Առակ. 10։21)։

Ժողովի ընթացքում խոհեմություն դրսևորիր, երբ որոշում ես, թե որքան հաճախ ձեռք բարձրացնել։ Եթե շատ հաճախ ձեռք բարձրացնես, ճնշում կգործադրես անցկացնողի վրա, որ անընդհատ քեզ հարցնի, անգամ եթե այդ պահին ձեռք են բարձրացրել նրանք, ովքեր պատասխանելու հնարավորություն դեռ չեն ունեցել։ Դրա պատճառով մարդիկ գուցե վհատվեն և այլևս չցանկանան պատասխանել (Ժող. 3։7)։ Երբ քննարկման ընթացքում շատերն են ձեռք բարձրացնում, մենք գուցե այնքան հաճախ առիթ չունենանք պատասխանելու, որքան կցանկանայինք։ Երբեմն հնարավոր է, որ քննարկումն անցկացնողը ընդհանրապես չկարողանա մեզ հարցնել։ Ինչ խոսք, գուցե վհատվենք, բայց մենք չպետք է դա անձնական վիրավորանք համարենք (Ժող. 7։9)։ Եթե առիթ չես ունենում մեկնաբանելու այնքան հաճախ, որքան կցանկանայիր, ուշադրությամբ լսիր ուրիշների մեկնաբանությունները և հանդիպումից հետո գովիր նրանց։ Դա նույնքան քաջալերական կարող է լինել, որքան քո մեկնաբանությունները։ w23.04, էջ 23-24, պրբ. 14-16

8 մայիսի, հինգշաբթի

Սիրտս նվիրված է քեզ, ո՜վ Աստված (Սաղ. 57։7)։

Ուսումնասիրիր Աստծու Խոսքը և խորհրդածիր դրա շուրջ։ Ինչպես խոր արմատներ ունեցող ծառն է ամուր կանգնած մնում, այնպես էլ մենք կարող ենք ամուր մնալ, եթե մեր հավատը հիմնված լինի Աստծու Խոսքի վրա և խոր արմատներ ունենա։ Երբ ծառն աճում է, դրա արմատները տարածվում են և ավելի խորանում։ Նմանապես, երբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ, խորացնում ենք մեր համոզվածությունը, որ Աստծու ճանապարհները լավագույնն են (Կող. 2։6, 7)։ Մտածիր, թե անցյալում ինչպես է Եհովան ուսուցանել, առաջնորդել ու պաշտպանել իր ժողովրդին։ Օրինակ՝ Եզեկիելը մեծ ուշադրություն դարձրեց տեսիլքում այն բանին, թե ինչպես էր հրեշտակը ամենայն մանրամասնությամբ չափում տաճարը։ Այդ տեսիլքը զորացրեց նրան, բայց այն նաև դասեր է պարունակում մեզ համար, որոնք կարող են օգնել մեզ կառչած մնալ մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի տված չափանիշներին (Եզեկ. 40։1-4; 43։10-12)։ Մենք էլ ենք օգուտներ քաղում, երբ ժամանակ ենք տրամադրում, որ ուսումնասիրենք Աստծու Խոսքի խորունկ բաները և խորհրդածենք դրանց շուրջ։ Մեր սիրտը նվիրված կլինի Եհովային, եթե լիովին վստահենք նրան (Սաղ. 112։7)։ w23.07, էջ 18, պրբ. 15-16

9 մայիսի, ուրբաթ

Խոհեմությունը մի՛ կորցրու (Առակ. 3։21)։

Աստվածաշնչում Եհովային հավատարիմ շատ մարդկանց մասին է գրված, որոնց կարող ես ընդօրինակել։ Այդ մարդիկ սիրել են Եհովային և նրա ժողովրդին հոգ տանելու հարցում տարբեր պատասխանատվություններ են ունեցել։ Հասուն եղբայրների օրինակներ կարող ես գտնել նաև քո ընտանիքում կամ ժողովում (Եբր. 13։7)։ Բացի այդ՝ կարող ես հետևել Հիսուսի կատարյալ օրինակին (1 Պետ. 2։21)։ Խորությամբ մտածիր, թե ընդօրինակման արժանի ինչ հատկություններ ունեն նրանք (Եբր. 12։1, 2)։ Այնուհետև որոշիր, թե ինչպես ես հետևելու նրանց օրինակին։ Խոհեմություն ունեցող մարդը հապճեպ չի գործում, այլ որոշում կայացնելուց առաջ ծանրութեթև է անում իր անելիքները։ Ամեն բան արա, որ ձեռք բերես և պահպանես այդ ունակությունը։ Նպատակ դիր հասկանալ աստվածաշնչյան սկզբունքները և մտածել դրանցով առաջնորդվելու օգուտների մասին։ Հետո կիրառիր այդ սկզբունքները, որ կարողանաս ճիշտ որոշումներ կայացնել և հաճեցնել Եհովային (Սաղ. 119։9)։ Սա կարևոր քայլ է հոգևորապես հասունանալու համար (Առակ. 2։11, 12; Եբր. 5։14)։ w23.12, էջ 24-25, պրբ. 4-5

10 մայիսի, շաբաթ

Պատրաստ եղեք ի պաշտպանություն ձեր հույսի խոսելու յուրաքանչյուր մարդու առաջ, ով կպահանջի բացատրել, թե ինչի վրա է այն հիմնված։ Սակայն դա արեք մեղմությամբ ու խոր հարգանքով (1 Պետ. 3։15)։

Ծնողները կարող են սովորեցնել երեխաներին մեղմությամբ պատասխանել, երբ մարդիկ հարցականի տակ են դնում նրանց հավատալիքները (Հակ. 3։13)։ Ոմանք ընտանեկան երկրպագության ժամանակ երեխաների հետ տարբեր իրավիճակներ են փորձում և տարբեր հարցեր քննարկում, որոնց նրանք գուցե բախվեն դպրոցում։ Հետո բեմականացնում են այդ իրավիճակները, որ երեխաները պատրաստված լինեն պատասխանելու նման հարցերի։ Նրանք նաև սովորեցնում են նրանց, որ խոսեն մեղմությամբ և հաճելի ձևով։ Այդպիսով օգնում են պատանիներին համոզիչ փաստարկներ ներկայացնել և համոզվել, որ իրենց հավատալիքները ամուր հիմքեր ունեն։ jw.org կայքի «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարում պատանիների համար գրառումների էջեր կան։ Դրանց նպատակն է օգնել նրանց, որ ամրացնեն իրենց հավատը և կարողանան հարցերին պատասխանել սեփական բառերով։ Եթե ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրենք դրանք, բոլորս կսովորենք մեղմ ու հաճելի ձևով պաշտպանել մեր հավատը։ w23.09, էջ 17, պրբ. 10; էջ 18, պրբ. 15-16

11 մայիսի, կիրակի

Չհանձնվենք ու շարունակենք ճիշտն անել, որովհետև եթե ուժասպառ չլինենք, իր ժամանակին կհնձենք արդյունքը (Գաղ. 6։9)։

Երբևէ եղե՞լ է, որ հոգևոր նպատակ դնես, բայց դժվարանաս հասնել դրան։ Շատերի հետ է եղել։ Օրինակ՝ Ֆիլիպ անունով մի եղբայր ցանկանում էր ավելի հաճախ աղոթել և բարելավել իր աղոթքների որակը։ Բայց նա դժվարանում էր աղոթելու համար ժամանակ գտնել։ Իսկ Էրիկան ուզում էր ժամանակին հասնել քարոզչական ծառայության հանդիպումներին, բայց գրեթե ամեն անգամ ուշանում էր։ Եթե դժվարանում ես հասնել նպատակիդ, մի՛ վհատվիր։ Հաճախ նույնիսկ փոքր նպատակի հասնելը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Այն, որ շարունակում ես այդ ուղղությամբ աշխատել, ցույց է տալիս, որ թանկ ես համարում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ և ցանկանում ես լավագույնդ տալ նրան։ Եհովան գնահատում է քո ջանքերը և, անկասկած, չի պահանջում ավելին, քան կարող ես անել (Սաղ. 103։14; Միք. 6։8)։ Ուստի ողջամիտ նպատակ դիր, որը կհամապատասխանի քո հանգամանքներին։ w23.05, էջ 26, պրբ. 1-2

12 մայիսի, երկուշաբթի

Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է դեմ կանգնել մեզ (Հռոմ. 8։31)։

Քաջ մարդիկ էլ գուցե վախ զգան, բայց նրանք թույլ չեն տալիս, որ վախը հետ պահի իրենց ճիշտն անելուց։ Դանիելը քաջ երիտասարդ էր։ Նա ուսումնասիրում էր մարգարեությունները, այդ թվում՝ Երեմիա մարգարեի գրածները։ Դրա շնորհիվ նա հետագայում հասկացավ, որ երկար տարիներ տևած բաբելոնյան գերությունը շուտով կավարտվի (Դան. 9։2)։ Տեսնելով, որ աստվածաշնչյան մարգարեությունը իրականություն է դառնում՝ Դանիելը ավելի մեծ վստահությամբ լցվեց Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպես գիտենք, Աստծու հանդեպ ամուր վստահություն ունեցողները արտասովոր քաջություն են դրսևորում (համեմատիր Հռոմեացիներ 8։32, 37-39)։ Եվ ամենակարևորն այն է, որ Դանիելը հաճախ աղոթում էր իր երկնային Հորը (Դան. 6։10)։ Նա խոստովանում էր Եհովային իր մեղքերը, պատմում նրան իր զգացումների մասին և օգնություն խնդրում նրանից (Դան. 9։4, 5, 19)։ Դանիելը մեզ պես մարդ էր, նա քաջ չէր ծնվել։ Նա այդ հատկությունը զարգացրել էր ուսումասիրության, աղոթքի և Եհովային ապավինելու շնորհիվ։ w23.08, էջ 2, պրբ. 4; էջ 4, պրբ. 7

13 մայիսի, երեքշաբթի

Թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր երկնային Հորը (Մատթ. 5։16)։

Վերին իշխանություններին հնազանդվելը օգուտներ է բերում թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։ Պատճառներից մեկն այն է, որ այդպես վարվելով՝ խուսափում ենք այն պատժից, որին արժանանում են օրենքին չհնազանդվողները (Հռոմ. 13։1, 4)։ Բացի այդ՝ քո հնազանդությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչ տեսակետ կունենան իշխանությունները Եհովայի վկաների մասին՝ որպես խմբի։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Նիգերիայում զինվորները ժողովի ժամանակ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք փնտրում էին խռովարարների, որոնք դեմ էին հարկեր վճարելուն, բայց նրանց հրամանատարը հեռանալու հրահանգ տվեց՝ ասելով. «Եհովայի վկաները միշտ վճարում են հարկերը»։ Այո՛, ամեն անգամ օրենքին հնազանդվելով՝ դու Եհովայի վկաների համբավը բարձր ես պահում, և դա կարող է մի օր քո հավատակիցների համար պաշտպանություն լինել։ w23.10, էջ 9, պրբ. 13

14 մայիսի, չորեքշաբթի

Դուք պետք է դիմանաք դժվարություններին, որ Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը (Եբր. 10։36)։

Եհովայի ծառաներից շատերը արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում են այս աշխարհի կործանմանը։ Մարդկային տեսանկյունից գուցե թվա, թե Աստծու խոստման իրականացումը ձգձգվում է։ Իր ծառաների մտահոգությունն իմանալով՝ Եհովան Ամբակումին հավաստիացրել է. «Տեսիլքը սահմանված ժամանակին է կատարվելու. այն սրընթաց մոտենում է իր ավարտին և սուտ չի լինի։ Նույնիսկ եթե հապաղի, սպասի՛ր, որովհետև այն անպատճառ կկատարվի, չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Արդյո՞ք Աստծու այս խոսքերը միայն Ամբակումին էին ուղղված։ Իրականում դրանք վերաբերում են նաև մեզ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը այս նույն խոսքերն ասաց նաև քրիստոնյաներին, ովքեր սպասում էին նոր աշխարհին (Եբր. 10։37)։ Այո՛, կարող ենք համոզված լինել, որ եթե նույնիսկ թվում է, թե մեր ազատագրումն ուշանում է, «այն անպատճառ կկատարվի, չի ուշանա»։ w23.04, էջ 30, պրբ. 16

15 մայիսի, հինգշաբթի

Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի.... դեմ (Թվեր 14։2)։

Իսրայելացիները չընդունեցին այն ակնհայտ փաստը, որ Եհովան Մովսեսին է ընտրել որպես իր ներկայացուցիչ (Թվեր 14։10, 11)։ Նրանք բազմիցս հրաժարվեցին ընդունել Մովսեսի դերը։ Արդյունքում իսրայելացիների այդ սերունդը զրկվեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունից (Թվեր 14։30)։ Այնուամենայնիվ, որոշ իսրայելացիներ հետևեցին Եհովայի առաջնորդությանը։ Օրինակ՝ Աստված ասաց, որ «Քաղեբը.... միշտ ամբողջ սրտով հնազանդվել է» իրեն (Թվեր 14։24)։ Նա վարձատրեց Քաղեբին և նույնիսկ թույլ տվեց նրան ընտրել, թե Քանանի երկրում որտեղ է ուզում ապրել (Հեսու 14։12-14)։ Իսրայելացիների հաջորդ սերունդը նույնպես հետևեց Եհովայի առաջնորդությանը։ Երբ Մովսեսից հետո Հեսուն ստանձնեց Աստծու ժողովրդին առաջնորդելու գործը, իսրայելացիների այդ սերունդը «Հեսուի ողջ կյանքի ընթացքում խորապես հարգեց նրան» (Հեսու 4։14)։ Եհովան էլ օրհնեց նրանց՝ թույլ տալով մտնել Ավետյաց երկիր (Հեսու 21։43, 44)։ w24.02, էջ 21, պրբ. 6-7

16 մայիսի, ուրբաթ

Ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի (1 Հովհ. 4։21)։

Ինչպես բժիշկն է, մեր զարկերակը ստուգելով, որոշակի պատկերացում կազմում մեր սրտի վիճակի մասին, այնպես էլ մենք, հավատակիցների հանդեպ մեր սերը ստուգելով, կարող ենք պարզել, թե որքան խորն է մեր սերը Աստծու հանդեպ։ Եթե նկատում ենք, որ հավատակիցների հանդեպ մեր սերը ինչ-որ չափով թուլացել է, ապա դա նշան է, որ Աստծու հանդեպ մեր սերն էլ է թուլացել։ Բայց երբ միշտ սեր ենք դրսևորում մեր հավատակիցների հանդեպ, դրանից երևում է, որ Աստծու հանդեպ մեր սերը ամուր է։ Եթե եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը թուլացել է, ուրեմն լուրջ խնդիր ունենք։ Քանի որ դա կարող է նշանակել, որ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունը վտանգված է։ Հովհաննես առաքյալը ընդգծեց այս միտքը՝ գրելով. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։20)։ Այստեղից սովորում ենք, որ Եհովային կհաճեցնենք միայն այն դեպքում, եթե «սիրենք իրար» (1 Հովհ. 4։7-9, 11)։ w23.11, էջ 8, պրբ. 3; էջ 9, պրբ. 5-6

17 մայիսի, շաբաթ

Քո հայրն ու մայրը կուրախանան (Առակ. 23։25)։

Հովասը փոքր տարիքում կորցրել էր իր հորը։ Նրան թևի տակ էր առել Հովիադա քահանայապետը և հարազատ հոր պես հոգ էր տանում նրան և սովորեցնում Եհովայի մասին։ Հովասը հետևում էր Հովիադայի խորհուրդներին, ինչի արդյունքում իմաստուն որոշումներ էր կայացնում։ Օրինակ՝ նա սկսեց առաջ տանել մաքուր երկրպագությունը և ծառայել Եհովային։ Հովասը նաև ձեռնարկեց Եհովայի տաճարի վերանորոգման աշխատանքները (2 Տար. 24։1, 2, 4, 13, 14)։ Քեզ է՞լ են սովորեցնում սիրել Եհովային և ապրել նրա չափանիշներով։ Եթե այո, ապա այդ հնարավորությունը գանձ համարիր (Առակ. 2։1, 10-12)։ Յուրաքանչյուր ծնող երեխաներին կրթելու իր ձևն ունի։ Ծնողներդ անչափ կուրախանան, եթե հետևես նրանց տված աստվածաշնչյան խորհուրդներին։ Իսկ որ ավելի կարևոր է, այդպես վարվելով՝ կուրախացնես նաև Աստծուն, և նրա հետ քո ընկերությունը կամրանա (Առակ. 22։6; 23։15, 24)։ Անշուշտ, արժե ընդօրինակել պատանի Հովասին։ w23.09, էջ 8-9, պրբ. 3-5

18 մայիսի, կիրակի

Ես կլսեմ ձեզ (Երեմ. 29։12)։

Եհովան խոստանում է լսել մեր աղոթքները։ Մեր Աստված սիրում է իր հավատարիմ ծառաներին, ուստի երբեք չի անտեսի նրանց աղոթքները (Սաղ. 10։17; 37։28)։ Բայց դա չի նշանակում, որ նա մեզ կտա այն ամենը, ինչ խնդրում ենք։ Որոշ աղոթքների պատասխաններ գուցե միայն նոր աշխարհում ստանանք։ Եհովան հաշվի է առնում, թե ինչպես են մեր աղոթքները կապված իր նպատակի հետ (Ես. 55։8, 9)։ Եհովայի նպատակի մեջ է մտնում այն, որ երկիրը լցվի այնպիսի մարդկանցով, որոնք ուրախությամբ կհնազանդվեն նրա իշխանությանը։ Բայց Սատանան պնդում է, որ մարդիկ իրենք իրենց ավելի լավ կարող են ղեկավարել (Ծննդ. 3։1-5)։ Փաստելու համար, որ Սատանայի պնդումը սուտ է, Եհովան թույլ է տվել, որ մարդիկ ղեկավարեն իրենք իրենց։ Մարդկային ղեկավարման պատճառով այսօր մենք շատ դժվարությունների ենք բախվում (Ժող. 8։9)։ Մենք հասկանում ենք, որ Եհովան այժմ չի վերացնի մեր բոլոր խնդիրները։ w23.11, էջ 21, պրբ. 4-5

19 մայիսի, երկուշաբթի

Քեզ ընտրել եմ, որ շատ ազգերի հայր դարձնեմ (Հռոմ. 4։17)։

Եհովան խոստացել էր, որ «շատ ազգեր» կօրհնվեն Աբրահամի միջոցով։ Սակայն Աբրահամն արդեն 100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, և նրանք դեռ զավակ չունեին։ Մարդկային տեսանկյունից այդ տարիքում երեխա ունենալը անհնար էր։ Իհարկե, դա իսկական փորձություն էր Աբրահամի համար, բայց «նա հույս ուներ և հավատում էր, որ դառնալու է շատ ազգերի հայր» (Հռոմ. 4։18, 19)։ Ի վերջո նրա հույսը իրականացավ։ Ծնվեց նրանց երկար սպասված որդին՝ Իսահակը (Հռոմ. 4։20-22)։ Ինչպես տեսանք, Աբրահամի պես մենք կարող ենք ստանալ Աստծու հավանությունը և, արդար համարվելով, դառնալ նրա ընկերը։ Այս միտքը ընդգծեց նաև Պողոս առաքյալը՝ գրելով. ««Արդար համարվեց» խոսքերը չեն վերաբերում միայն Աբրահամին։ Դրանք մեզ էլ են վերաբերում. մենք նույնպես արդար կհամարվենք, քանի որ հավատում ենք Նրան, ով հարություն տվեց Հիսուսին» (Հռոմ. 4։23, 24)։ Աբրահամի պես մենք պետք է հավատ ցուցաբերենք, բարի գործեր անենք և Եհովայի խոստումների հանդեպ ամուր հույս ունենանք։ w23.12, էջ 7, պրբ. 16-17

20 մայիսի, երեքշաբթի

Դու տեսնում ես իմ տառապանքը, գիտես իմ հոգու խոր վիշտը (Սաղ. 31։7)։

Երբ այնպիսի փորձության միջով ես անցնում, որը վախեցնում է քեզ, հիշիր, որ Եհովան տեղյակ է քո իրավիճակին և գիտի, թե ինչ ես զգում։ Անցյալում նա ոչ միայն տեսնում էր իսրայելացիների հանդեպ եգիպտացիների վատ վերաբերմունքը, այլև գիտեր, թե ինչ էր իր ժողովուրդը զգում՝ այդ «տառապանքները» կրելով (Ելք 3։7)։ Փորձության ընթացքում գուցե դժվարանաս տեսնել, թե ինչպես է Եհովան աջակցում քեզ։ Ուստի խնդրիր նրան, որ օգնի՝ տեսնես նրա ձեռքը քո կյանքում (2 Թագ. 6։15-17)։ Օրինակ՝ գուցե ժողովում լսած որևէ ելույթ կամ մեկնաբանություն զորացրել է քեզ։ Կամ էլ քաջալերվել ես որևէ հրատարակությունից, տեսանյութից կամ թեմատիկ երգից։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը քեզ մխիթարական միտք է ասել կամ աստվածաշնչյան համար հիշատակել։ Մեր սիրառատ եղբայրությունը և հոգևոր սնունդը առանձնահատուկ նվերներ են Եհովայից. չպետք է դրանք սովորական բան համարենք (Ես. 65։13; Մարկ. 10։29, 30)։ Այդ պարգևները փաստում են, որ Եհովան հոգ է տանում քո մասին, և որ դու կարող ես վստահել նրան (Ես. 49։14-16)։ w24.01, էջ 4-5, պրբ. 9-10

21 մայիսի, չորեքշաբթի

Օգնիր ծառաներիդ, որ համարձակությամբ քարոզեն քո խոսքը (Գործ. 4։29)։

Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսը հիշեցրեց իր աշակերտներին, որ նրանք պետք է իր մասին վկայություն տան «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և ողջ աշխարհում» (Գործ. 1։8; Ղուկ. 24։46-48)։ Կարճ ժամանակ անց հրեա առաջնորդները ձերբակալեցին Պետրոս և Հովհաննես առաքյալներին և կանգնեցրին Սինեդրիոնի առաջ՝ պահանջելով, որ այլևս չքարոզեն։ Նրանք նույնիսկ սպառնացին նրանց (Գործ. 4։18, 21)։ Պետրոսն ու Հովհաննեսը ասացին. «Ինքներդ դատեք. Աստծու տեսանկյունից ո՞րն է ճիշտ՝ ձե՞զ հնազանդվել, թե՞ իրեն։ Ուստի մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին» (Գործ. 4։19, 20)։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը ազատ արձակվեցին, աշակերտները բարձրաձայն աղոթեցին Եհովային, որ կարողանան կատարել նրա կամքը։ Եհովան պատասխանեց այդ անկեղծ աղոթքին (Գործ. 4։31)։ w23.05, էջ 5, պրբ. 11-12

22 մայիսի, հինգշաբթի

Սա է իմ սիրելի Որդին (Մատթ. 17։5)։

Անթիվ-անհամար տարիներ Եհովան և իր սիրելի Որդին ջերմ կապվածություն են զարգացրել միմյանց հանդեպ։ Նրանք ամենավաղեմի ընկերներն են ամբողջ տիեզերքում։ Այսօրվա համարից տեսնում ենք, որ Եհովան հստակ կերպով արտահայտում է իր սերը Հիսուսի հանդեպ։ Նա կարող էր պարզապես ասել. «Սա նա է, ում ես հավանել եմ»։ Բայց Եհովան ցանկանում էր, որ իմանանք, թե նա որքան շատ է սիրում Հիսուսին, ուստի նրան կոչեց «իմ սիրելի Որդի»։ Եհովան հպարտանում էր Հիսուսով, հատկապես այն բանի համար, որ նա պատրաստվում էր զոհել իր կյանքը (Եփես. 1։7)։ Իսկ Հիսուսը չէր կասկածում, որ իր Հայրը սիրում է իրեն։ Նա լիովին համոզված էր դրանում և բազմիցս արտահայտել է իր վստահությունը (Հովհ. 3։35; 10։17; 17։24)։ w24.01, էջ 28, պրբ. 8

23 մայիսի, ուրբաթ

Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է (Առակ. 22։1)։

Պատկերացրու՝ մեկը, ում շատ սիրում ես, վատաբանում է քեզ։ Դու գիտես, որ նրա ասածը ստոր սուտ է, բայց ոմանք հավատում են նրան։ Իսկ որ ավելի վատ է, սկսում են տարածել նրա ասածը, և շատերն են հավատում այդ ստին։ Ամենայն հավանականությամբ, զրպարտությունը մեծ ցավ կպատճառի քեզ։ Այս օրինակը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ զգաց Եհովան, երբ նրա համբավը արատավորվեց։ Աստծու ոգեղեն որդիներից մեկը նրա մասին սուտ բաներ ասաց առաջին կնոջը՝ Եվային, և վերջինս հավատաց դրանց։ Այդ ստի պատճառով մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Եհովայի դեմ, ինչի հետևանքով մեղքն ու մահը մտան մարդկային ընտանիք (Ծննդ. 3։1-6; Հռոմ. 5։12)։ Ներկայիս բոլոր խնդիրները, այդ թվում՝ մահը, պատերազմներն ու տառապանքը Սատանայի տարածած ստերի հետևանքն են։ Անկասկած, այդ զրպարտությունն ու դրա բերած սարսափելի հետևանքները մեծ ցավ են պատճառում Եհովային։ Չնայած դրան՝ Եհովան դառնացած ու չարացած չէ։ Ընդհակառակը՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, նա «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11)։ w24.02, էջ 8, պրբ. 1-2

24 մայիսի, շաբաթ

Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ (Ծննդ. 39։9)։

Ինչպե՞ս կարող ես ճիշտն անելու հարցում Հովսեփի նման վճռական լինել։ Այսօրվանից որոշիր, թե ինչպես ես վարվելու գայթակղության բախվելիս։ Սովորիր անմիջապես մերժել այն ամենը, ինչ Եհովան ատում է, և վճռիր անգամ չմտածել դրանց մասին (Սաղ. 97։10; 119։165)։ Այդ դեպքում փորձության բախվելիս չես վարանի ճիշտ վարվել։ Թերևս համոզված ես, որ գտել ես ճշմարտությունը, և ամբողջ սրտով ցանկանում ես ծառայել Եհովային, բայց ինչ-որ բան քեզ հետ է պահում նրան նվիրվելուց և մկրտվելուց։ Այդ դեպքում Դավիթ թագավորի պես աղերսագին խնդրիր Եհովային. «Քննիր իմ ողջ էությունը, ո՛վ Աստված, և իմացիր՝ ինչ կա իմ սրտում։ Զննիր ինձ և իմացիր, թե ինչ մտքեր են ինձ մտահոգում։ Տես՝ չկա՞ իմ մեջ մի բան, որ ինձ տանի վտանգավոր ուղով, առաջնորդիր ինձ հավիտենության ճանապարհով» (Սաղ. 139։23, 24)։ Եհովան օրհնում է նրանց, ովքեր «ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը»։ Եհովային նվիրվելու և մկրտվելու նպատակին ձգտելով՝ դու նրան ցույց ես տալիս, որ հենց այդպես ես վարվում (Եբր. 11։6)։ w24.03, էջ 6, պրբ. 13-15

25 մայիսի, կիրակի

Նա կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու (Եբր. 7։27)։

Քահանայապետի դերը մարդկանց Աստծու առաջ ներկայացնելն էր։ Իսրայելի առաջին քահանայապետը Ահարոնն էր, ով նշանակվել էր Եհովայի կողմից խորանի նվիրման ժամանակ։ Պողոս առաքյալը բացատրեց, որ «քահանաները պետք է հաջորդեին մեկը մյուսին, որովհետև մահը չէր թողնում, որ շարունակեին իրենց ծառայությունը» (Եբր. 7։23-26)։ Եվ քանի որ քահանայապետները անկատար էին, նրանք պետք է իրենց իսկ մեղքերի համար զոհեր մատուցեին։ Սա Իսրայելի քահանայապետների և մեծ Քահանայապետ Հիսուս Քրիստոսի միջև եղած ամենաէական տարբերությունն է։ Որպես մեր Քահանայապետ՝ Հիսուսը «ծառայում է.... ճշմարիտ խորանի ներսում, որը Եհովան է կանգնեցրել, ոչ թե մարդը» (Եբր. 8։1, 2)։ Պողոսը բացատրեց, որ «քանի որ Հիսուսը հավիտյան ողջ է լինելու, նա իր քահանայության մեջ իրեն հաջորդող չի ունենա»։ Նա նաև ավելացրեց, որ ի տարբերություն Իսրայելի քահանայապետների՝ Հիսուսը «անպիղծ [է], մեղքով չարատավորված», և «կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու» իր մեղքերի համար։ w23.10, էջ 26, պրբ. 8-9

26 մայիսի, երկուշաբթի

Նախկին երկինքն ու երկիրը չքվել էին (Հայտն. 21։1)։

«Նախկին երկինքը» վերաբերում է կառավարություններին, որոնք Սատանայի ու դևերի ազդեցության տակ են (Մատթ. 4։8, 9; 1 Հովհ. 5։19)։ Իսկ «երկիր» բառը Աստվածաշնչում կարող է վերաբերել երկրի բնակիչներին (Ծննդ. 11։1; Սաղ. 96։1)։ Հետևաբար «նախկին երկիրը» վերաբերում է այսօրվա չար մարդկային հասարակությանը։ Եհովան չի բարեփոխելու ներկայիս «երկինքն» ու «երկիրը». նա ամբողջությամբ փոխելու է դրանք։ Աստված ներկայիս երկինքն ու երկիրը փոխարինելու է «նոր երկնքով» ու «նոր երկրով», այսինքն՝ նոր կառավարությամբ և նոր մարդկային հասարակությամբ։ Նա երկիր մոլորակն ու մարդկանց նորի պես է դարձնելու՝ հասցնելով կատարելության։ Եսայիան կանխագուշակել է, որ ամբողջ երկիրը գեղեցիկ պարտեզի է վերածվելու, ինչպիսին Եդեմի պարտեզն էր։ Աստված մեզ նոր է դարձնելու նաև այն իմաստով, որ լիարժեքորեն բուժելու է յուրաքանչյուրիս։ Կաղերը, կույրերը և խուլերը բուժվելու են, իսկ մահացածները հարություն են առնելու (Ես. 25։8; 35։1-7)։ w23.11, էջ 4, պրբ. 9-10

27 մայիսի, երեքշաբթի

Պատրաստ եղեք (Մատթ. 24։44)։

«Մեծ նեղությունը» հանկարծակի է սկսվելու (Մատթ. 24։21)։ Բայց ի տարբերություն շատ այլ աղետների՝ այն ոչ բոլորի համար է անսպասելի լինելու։ Մոտ 2000 տարի առաջ Հիսուսը իր հետևորդներին հորդորեց պատրաստվել այդ օրվան։ Պատրաստված լինելը կօգնի, որ ավելի հեշտությամբ հաղթահարենք այդ ծանր ժամանակաշրջանը և ուրիշներին էլ օգնենք նույնն անել (Ղուկ. 21։36)։ Մենք տոկունության կարիք կունենանք, որպեսզի հնազանդվենք Եհովային՝ վստահ լինելով, որ նա կպաշտպանի մեզ։ Իսկ ի՞նչ կանենք, երբ մեր հավատակիցները նյութական կորուստներ ունենան կամ զրկվեն իրենց ողջ ունեցվածքից (Ամբ. 3։17, 18)։ Այդ դեպքում կարեկցանքը կմղի մեզ, որ օգնության ձեռք մեկնենք նրանց։ Ի՞նչ կանենք, երբ ազգերի կոալիցիան հարձակվի մեզ վրա, և մենք ստիպված լինենք մի որոշ ժամանակով մեր հավատակիցների հետ պատսպարվել մեկ հարկի տակ (Եզեկ. 38։10-12)։ Մեր եղբայրների ու քույրերի հանդեպ ամուր սերը կօգնի, որ միասին հաղթահարենք այդ դժվարությունները։ w23.07, էջ 2, պրբ. 2-3

28 մայիսի, չորեքշաբթի

Ամենայն ուշադրությամբ հետևեք ձեր վարքին, որ վարվեք ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ, և ժամանակը ճիշտ օգտագործեք (Եփես. 5։15, 16)։

Ամուսնական զույգերը շատ բան կարող են սովորել Ակյուղասի և Պրիսկիղայի օրինակից։ Առաջին դարի քրիստոնյաները հարգում և սիրում էին այս զույգին (Հռոմ. 16։3, 4)։ Նրանք միասին աշխատել են, քարոզել և օգնել ուրիշներին (Գործ. 18։2, 3, 24-26)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը Ակյուղասին և Պրիսկիղային միշտ միասին է հիշատակում։ Ամուսնական զույգե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել նրանց։ Մտածեք, թե յուրաքանչյուրդ ամեն օր ինչ գործեր ունեք անելու։ Կարո՞ղ եք դրանցից մի քանիսը միասին անել։ Օրինակ՝ Ակյուղասն ու Պրիսկիղան իրար հետ քարոզում էին։ Դո՞ւք էլ եք կանոնավորաբար միասին ծառայում։ Բացի այդ՝ Ակյուղասն ու Պրիսկիղան իրար հետ էին աշխատում։ Թերևս դու և կողակիցդ միասին չեք աշխատում, բայց կարող եք տնային գործերը իրար հետ անել (Ժող. 4։9)։ Երբ միասին ինչ-որ բան եք անում, գործում եք որպես մեկ թիմ և զրուցելու առիթ եք ունենում։ w23.05, էջ 22-23, պրբ. 10-12

29 մայիսի, հինգշաբթի

Երբ վախենում եմ, քեզ եմ ապավինում (Սաղ. 56։3)։

Բոլորն էլ երբեմն վախի զգացում են ունենում։ Օրինակ, երբ Սավուղ թագավորը հետապնդում էր Դավթին, վերջինս որոշեց փախչել փղշտացիների Գեթ քաղաք։ Սակայն Գեթի թագավոր Անքուսը շուտով իմացավ, որ Դավիթը այն հզոր ռազմիկն է, ում մասին երգում էին, որ նա սպանել է «տասնյակ հազարավոր» փղշտացիների։ Սա իմանալով՝ Դավիթը «շատ վախեցավ» (1 Սամ. 21։10-12)։ Նա տագնապած էր, քանի որ չգիտեր՝ Անքուսը ինչպես կվարվի իր հետ։ Ի՞նչն օգնեց Դավթին հաղթահարել իր վախերը։ 56-րդ սաղմոսից իմանում ենք, թե ինչ զգացումներ ուներ Դավիթը, երբ գտնվում էր Գեթ քաղաքում։ Այդ սաղմոսում Դավիթը բացահայտ խոսում է իր վախերի մասին, բայց նաև նշում, թե ինչպես է հաղթահարել դրանք։ Երբ նա վախենում էր, վստահում էր Եհովային (Սաղ. 56։1-3, 11)։ Դավթի վստահությունն անհիմն չէր։ Եհովայի օգնությամբ նա պաշտպանվելու մի անսովոր, բայց արդյունավետ ձև ընտրեց. խելագար ձևացավ։ Արդյունքում Անքուսի աչքում նա այլևս սպառնալիք չէր, այլ պարզապես նյարդայնացնում էր նրան։ Այդպես Դավիթը հնարավորություն ունեցավ փախչելու (1 Սամ. 21։13-22։1)։ w24.01, էջ 2, պրբ. 1-3

30 մայիսի, ուրբաթ

Նրա հետ կհաղթեն նաև նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են (Հայտն. 17։14)։

Այսօրվա համարում խոսվում է հարություն առած օծյալների մասին։ Ուստի երբ մեծ նեղության ավարտին վերջին օծյալ քրիստոնյան գնա երկինք, օծյալների առաջին նշանակումներից մեկը կռվելն է լինելու։ Երկինք գնալուց հետո Քրիստոսի և նրա սուրբ հրեշտակների հետ նրանք կռվելու են Աստծու թշնամիների դեմ մղվող վերջնական պատերազմում։ Մի պահ մտածիր. երկրի վրա որոշ օծյալ քրիստոնյաներ արդեն տարեց են և տկար։ Բայց երկնքում հարություն առնելուց հետո նրանք զորեղ և անմահ ոգեղեն արարածներ են դառնալու և նշանակվելու են պատերազմելու իրենց Թագավորի՝ հզոր Ռազմիկ Հիսուս Քրիստոսի հետ։ Արմագեդոն պատերազմում հաղթելուց հետո նրանք Քրիստոսի հետ օգնելու են մարդկանց հասնել կատարելության։ Անկասկած, երկնքից նրանք ավելի շատ բան են անելու իրենց սիրելի եղբայրների ու քույրերի համար, քան երբևէ կարող էին անել՝ լինելով անկատար մարդիկ։ w24.02, էջ 6-7, պրբ. 15-16

31 մայիսի, շաբաթ

Շարունակեք ընթանալ ոգու առաջնորդության համաձայն և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի (Գաղ. 5։16)։

Ոմանք, ովքեր պատրաստ են նվիրման ու մկրտության, վարանում են այդպես վարվել։ Նրանք թերևս մտածում են. «Բա որ լուրջ մեղք գործեմ ու զրկվեմ ընկերակցությունից»։ Եթե դու էլ նման մտավախություն ունես, համոզված եղիր, որ Եհովան կտա քեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ «վարվես Եհովայի ծառաներին վայել կերպով, որպեսզի ամեն հարցում հաճեցնես նրան» (Կող. 1։10)։ Նա նաև ուժ կտա, որ անես այն, ինչը ճիշտ է։ Եհովան շատերին է օգնել այդպես վարվել (1 Կորնթ. 10։13)։ Դա է պատճառներից մեկը, որ համեմատաբար քիչ թվով մարդիկ են զրկվում ընկերակցությունից։ Եհովան զինում է իր ծառաներին ամեն անհրաժեշտ բանով, որ իրեն հավատարիմ մնան։ Բոլոր անկատար մարդիկ էլ կանգնում են սխալ անելու գայթակղության առաջ (Հակ. 1։14)։ Բայց դու ես որոշում՝ ինչպես վարվել գայթակղության բախվելիս։ Իրականում կյանքիդ ղեկը քո ձեռքերում է։ Թեև որոշ մարդիկ հակառակն են պնդում, բայց դու կարող ես սովորել վերահսկել սխալ հակումներդ։ w24.03, էջ 5, պրբ. 11-12

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը