21 մայիսի, չորեքշաբթի
Օգնիր ծառաներիդ, որ համարձակությամբ քարոզեն քո խոսքը (Գործ. 4։29)։
Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսը հիշեցրեց իր աշակերտներին, որ նրանք պետք է իր մասին վկայություն տան «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և ողջ աշխարհում» (Գործ. 1։8; Ղուկ. 24։46-48)։ Կարճ ժամանակ անց հրեա առաջնորդները ձերբակալեցին Պետրոս և Հովհաննես առաքյալներին և կանգնեցրին Սինեդրիոնի առաջ՝ պահանջելով, որ այլևս չքարոզեն։ Նրանք նույնիսկ սպառնացին նրանց (Գործ. 4։18, 21)։ Պետրոսն ու Հովհաննեսը ասացին. «Ինքներդ դատեք. Աստծու տեսանկյունից ո՞րն է ճիշտ՝ ձե՞զ հնազանդվել, թե՞ իրեն։ Ուստի մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին» (Գործ. 4։19, 20)։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը ազատ արձակվեցին, աշակերտները բարձրաձայն աղոթեցին Եհովային, որ կարողանան կատարել նրա կամքը։ Եհովան պատասխանեց այդ անկեղծ աղոթքին (Գործ. 4։31)։ w23.05, էջ 5, պրբ. 11-12
22 մայիսի, հինգշաբթի
Սա է իմ սիրելի Որդին (Մատթ. 17։5)։
Անթիվ-անհամար տարիներ Եհովան և իր սիրելի Որդին ջերմ կապվածություն են զարգացրել միմյանց հանդեպ։ Նրանք ամենավաղեմի ընկերներն են ամբողջ տիեզերքում։ Այսօրվա համարից տեսնում ենք, որ Եհովան հստակ կերպով արտահայտում է իր սերը Հիսուսի հանդեպ։ Նա կարող էր պարզապես ասել. «Սա նա է, ում ես հավանել եմ»։ Բայց Եհովան ցանկանում էր, որ իմանանք, թե նա որքան շատ է սիրում Հիսուսին, ուստի նրան կոչեց «իմ սիրելի Որդի»։ Եհովան հպարտանում էր Հիսուսով, հատկապես այն բանի համար, որ նա պատրաստվում էր զոհել իր կյանքը (Եփես. 1։7)։ Իսկ Հիսուսը չէր կասկածում, որ իր Հայրը սիրում է իրեն։ Նա լիովին համոզված էր դրանում և բազմիցս արտահայտել է իր վստահությունը (Հովհ. 3։35; 10։17; 17։24)։ w24.01, էջ 28, պրբ. 8
23 մայիսի, ուրբաթ
Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է (Առակ. 22։1)։
Պատկերացրու՝ մեկը, ում շատ սիրում ես, վատաբանում է քեզ։ Դու գիտես, որ նրա ասածը ստոր սուտ է, բայց ոմանք հավատում են նրան։ Իսկ որ ավելի վատ է, սկսում են տարածել նրա ասածը, և շատերն են հավատում այդ ստին։ Ամենայն հավանականությամբ, զրպարտությունը մեծ ցավ կպատճառի քեզ։ Այս օրինակը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ զգաց Եհովան, երբ նրա համբավը արատավորվեց։ Աստծու ոգեղեն որդիներից մեկը նրա մասին սուտ բաներ ասաց առաջին կնոջը՝ Եվային, և վերջինս հավատաց դրանց։ Այդ ստի պատճառով մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Եհովայի դեմ, ինչի հետևանքով մեղքն ու մահը մտան մարդկային ընտանիք (Ծննդ. 3։1-6; Հռոմ. 5։12)։ Ներկայիս բոլոր խնդիրները, այդ թվում՝ մահը, պատերազմներն ու տառապանքը Սատանայի տարածած ստերի հետևանքն են։ Անկասկած, այդ զրպարտությունն ու դրա բերած սարսափելի հետևանքները մեծ ցավ են պատճառում Եհովային։ Չնայած դրան՝ Եհովան դառնացած ու չարացած չէ։ Ընդհակառակը՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, նա «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11)։ w24.02, էջ 8, պրբ. 1-2