23 մայիսի, ուրբաթ
Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է (Առակ. 22։1)։
Պատկերացրու՝ մեկը, ում շատ սիրում ես, վատաբանում է քեզ։ Դու գիտես, որ նրա ասածը ստոր սուտ է, բայց ոմանք հավատում են նրան։ Իսկ որ ավելի վատ է, սկսում են տարածել նրա ասածը, և շատերն են հավատում այդ ստին։ Ամենայն հավանականությամբ, զրպարտությունը մեծ ցավ կպատճառի քեզ։ Այս օրինակը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ զգաց Եհովան, երբ նրա համբավը արատավորվեց։ Աստծու ոգեղեն որդիներից մեկը նրա մասին սուտ բաներ ասաց առաջին կնոջը՝ Եվային, և վերջինս հավատաց դրանց։ Այդ ստի պատճառով մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Եհովայի դեմ, ինչի հետևանքով մեղքն ու մահը մտան մարդկային ընտանիք (Ծննդ. 3։1-6; Հռոմ. 5։12)։ Ներկայիս բոլոր խնդիրները, այդ թվում՝ մահը, պատերազմներն ու տառապանքը Սատանայի տարածած ստերի հետևանքն են։ Անկասկած, այդ զրպարտությունն ու դրա բերած սարսափելի հետևանքները մեծ ցավ են պատճառում Եհովային։ Չնայած դրան՝ Եհովան դառնացած ու չարացած չէ։ Ընդհակառակը՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, նա «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11)։ w24.02, էջ 8, պրբ. 1-2
24 մայիսի, շաբաթ
Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ (Ծննդ. 39։9)։
Ինչպե՞ս կարող ես ճիշտն անելու հարցում Հովսեփի նման վճռական լինել։ Այսօրվանից որոշիր, թե ինչպես ես վարվելու գայթակղության բախվելիս։ Սովորիր անմիջապես մերժել այն ամենը, ինչ Եհովան ատում է, և վճռիր անգամ չմտածել դրանց մասին (Սաղ. 97։10; 119։165)։ Այդ դեպքում փորձության բախվելիս չես վարանի ճիշտ վարվել։ Թերևս համոզված ես, որ գտել ես ճշմարտությունը, և ամբողջ սրտով ցանկանում ես ծառայել Եհովային, բայց ինչ-որ բան քեզ հետ է պահում նրան նվիրվելուց և մկրտվելուց։ Այդ դեպքում Դավիթ թագավորի պես աղերսագին խնդրիր Եհովային. «Քննիր իմ ողջ էությունը, ո՛վ Աստված, և իմացիր՝ ինչ կա իմ սրտում։ Զննիր ինձ և իմացիր, թե ինչ մտքեր են ինձ մտահոգում։ Տես՝ չկա՞ իմ մեջ մի բան, որ ինձ տանի վտանգավոր ուղով, առաջնորդիր ինձ հավիտենության ճանապարհով» (Սաղ. 139։23, 24)։ Եհովան օրհնում է նրանց, ովքեր «ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը»։ Եհովային նվիրվելու և մկրտվելու նպատակին ձգտելով՝ դու նրան ցույց ես տալիս, որ հենց այդպես ես վարվում (Եբր. 11։6)։ w24.03, էջ 6, պրբ. 13-15
25 մայիսի, կիրակի
Նա կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու (Եբր. 7։27)։
Քահանայապետի դերը մարդկանց Աստծու առաջ ներկայացնելն էր։ Իսրայելի առաջին քահանայապետը Ահարոնն էր, ով նշանակվել էր Եհովայի կողմից խորանի նվիրման ժամանակ։ Պողոս առաքյալը բացատրեց, որ «քահանաները պետք է հաջորդեին մեկը մյուսին, որովհետև մահը չէր թողնում, որ շարունակեին իրենց ծառայությունը» (Եբր. 7։23-26)։ Եվ քանի որ քահանայապետները անկատար էին, նրանք պետք է իրենց իսկ մեղքերի համար զոհեր մատուցեին։ Սա Իսրայելի քահանայապետների և մեծ Քահանայապետ Հիսուս Քրիստոսի միջև եղած ամենաէական տարբերությունն է։ Որպես մեր Քահանայապետ՝ Հիսուսը «ծառայում է.... ճշմարիտ խորանի ներսում, որը Եհովան է կանգնեցրել, ոչ թե մարդը» (Եբր. 8։1, 2)։ Պողոսը բացատրեց, որ «քանի որ Հիսուսը հավիտյան ողջ է լինելու, նա իր քահանայության մեջ իրեն հաջորդող չի ունենա»։ Նա նաև ավելացրեց, որ ի տարբերություն Իսրայելի քահանայապետների՝ Հիսուսը «անպիղծ [է], մեղքով չարատավորված», և «կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու» իր մեղքերի համար։ w23.10, էջ 26, պրբ. 8-9