Սեպտեմբեր
1 սեպտեմբերի, ուրբաթ
Երկնքից մի նշան էին ուզում նրանից (Մատթ. 16։1)։
Ոմանց համար բավարար չէին Հիսուսի սովորեցրած հիանալի ճշմարտությունները։ Նրանք ավելին էին ուզում։ Երբ նա հրաժարվեց մարդկանց ցույց տալ իրենց ուզած նշանը, նրանք գայթակղվեցին (Մատթ. 16։4)։ Մեսիայի մասին Եսայիան մարգարեացել էր. «Նա չի աղաղակի ու իր ձայնը չի բարձրացնի, փողոցում իր ձայնը լսել չի տա» (Ես. 42։1, 2)։ Հիսուսն իր ծառայությունը կատարեց՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։ Նա շքեղ տաճարներ չկառուցեց, հոգևորականի հագուստ չկրեց, ոչ էլ պահանջեց, որ իրեն հատուկ կրոնական տիտղոսներով դիմեն։ Իր դատավարության ժամանակ Հերովդես թագավորին տպավորելու համար նա հրաշքներ չարեց (Ղուկ. 23։8-11)։ Թեև նա իր ծառայության ընթացքում որոշ հրաշքներ գործեց, սակայն նրա հիմնական նպատակը բարի լուրը քարոզելն էր։ Իր աշակերտներին նա ասաց. «Հենց այս նպատակով եմ եկել» (Մարկ. 1։38)։ w21.05, էջ 4, պրբ. 9-10
2 սեպտեմբերի, շաբաթ
Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր (Հովհ. 17։3)։
Մենք փնտրում ենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։ Որպեսզի այդ մարդիկ դառնան Քրիստոսի աշակերտ, պետք է օգնենք նրանց 1) հասկանալ, 2) ընդունել և 3) կիրառել այն, ինչ սովորում են Աստվածաշնչից (Կող. 2։6, 7; 1 Թեսաղ. 2։13)։ Ժողովում բոլորը կարող են Աստվածաշունչ ուսումնասիրողների համար լավ օրինակ լինել, եթե ջերմորեն ողջունեն նրանց և սեր ցուցաբերեն նրանց հանդեպ (Հովհ. 13։35)։ Թերևս կարիք լինի, որ Աստվածաշունչ ուսուցանողը շատ ժամանակ ու էներգիա ներդնի, որպեսզի օգնի անհատին ազատվել արմատացած հավատալիքներից ու սովորություններից (2 Կորնթ. 10։4, 5)։ Գուցե ամիսներ պահանջվեն, մինչև ուսումնասիրողը հասկանա, ընդունի և կիրառի իր սովորածը ու հասնի մկրտության։ Բայց, ինչ խոսք, արժե ջանքեր թափել։ w21.07, էջ 3, պրբ. 6
3 սեպտեմբերի, կիրակի
Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն (1 Թեսաղ. 5։21)։
Արդյո՞ք մեր մտքում լիովին համոզված ենք, որ այն, ինչ սովորեցնում ենք, ճշմարտությունն է, և որ Եհովայի վկաների պաշտամունքի ձևը Աստծուն ընդունելի երկրպագության միակ ձևն է։ Պողոս առաքյալը լիովին համոզված էր, որ ճշմարտության մեջ է (1 Թեսաղ. 1։5)։ Այդ համոզվածությունը հիմնված չէր զգացմունքների վրա։ Նա Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող էր։ Պողոսը հավատում էր, որ «ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթ. 3։16)։ Նա Աստծու Խոսքը ուսումնասիրելով՝ գտել էր անժխտելի փաստեր, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան՝ ակնհայտ իրողություն, որը հրեա կրոնական առաջնորդները անտեսում էին։ Այդ կեղծավոր մարդիկ պնդում էին, թե ներկայացնում են Աստծուն, բայց իրենց գործերով մերժում էին նրան (Տիտոս 1։16)։ Ի տարբերություն նրանց՝ Պողոսը չէր ընտրում, թե Աստծու Խոսքի որ հատվածին հավատա և որ հատվածին՝ ոչ։ Նա պատրաստ էր սովորեցնել և կիրառել «Աստծու ամբողջ խորհուրդը» (Գործ. 20։27)։ w21.10, էջ 18, պրբ. 1-2
4 սեպտեմբերի, երկուշաբթի
Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան (Հովհ. 6։44)։
Մինչ մենք տնկում ու ջրում ենք, պետք է հիշենք, որ Աստված է աճեցնում (1 Կորնթ. 3։6, 7)։ Եհովայի համար բոլոր մարդկանց կյանքն էլ թանկ է։ Նա մեզ առանձնաշնորհում է տվել համագործակցելու իր Որդու հետ բոլոր ազգերից մարդկանց հավաքելու գործում, մինչ կգա վերջը (Անգե 2։7)։ Մեր քարոզչական գործը կարելի է նմանեցնել փրկարարական աշխատանքների։ Փրկարարների նման մենք փնտրում ենք հանքափորների, որոնք գետնի տակ արգելափակման մեջ են հայտնվել։ Գուցե փրկարարներից քչերը կենդանի մնացածների գտնեն, բայց նրանցից յուրաքանչյուրի աշխատանքն էլ կարևոր է։ Նույնը կարող ենք ասել մեր ծառայության մասին։ Մենք չգիտենք, թե որքան մարդ կփրկվի, բայց Եհովան յուրաքանչյուրիս միջոցով կարող է օգնել մարդկանց։ Անդրեասը, ով ապրում է Բոլիվիայում, ասում է. «Համատեղ ջանքերի շնորհիվ է, որ անհատը սովորում է սուրբգրային ճշմարտությունները և մկրտվում»։ Եկեք մենք էլ դրական տրամադրվածություն պահպանենք ծառայության հանդեպ։ Եթե այդպես վարվենք, Եհովան կօրհնի մեզ, և մենք մեծ ուրախություն կստանանք մեր ծառայությունից։ w21.05, էջ 19, պրբ. 19-20
5 սեպտեմբերի, երեքշաբթի
Ազատվենք Բանսարկուի թակարդից (2 Տիմոթ. 2։26)։
Որսորդի նպատակն է բռնել կամ սպանել իր զոհին։ Նա կարող է օգտագործել տարբեր թակարդներ, ինչպիսիք, օրինակ, նշեց Հոբի կեղծ մխիթարիչներից մեկը (Հոբ 18։8-10)։ Որսորդը ուսումնասիրում է կենդանու վարքագիծը. հետևում է, թե նա ուր է գնում, ինչ է սիրում, և թե ինչն է նրան անակնկալի բերում։ Սատանան հենց այդպիսի որսորդ է. նա ուսումնասիրում է մեր վարքագիծը, գործողությունները և հետաքրքրությունները։ Իսկ հետո թակարդ է լարում՝ հույս ունենալով, որ մեզ ծուղակը կգցի և կենդանի կբռնի։ Սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե անգամ ընկնենք նրա ծուղակը, կկարողանանք ազատվել։ Նրա արդյունավետ ծուղակներից են հպարտությունը և ագահությունը։ Հազարավոր տարիներ նա հաջողությամբ օգտագործել է այս երկու թակարդները։ Նա նման է թռչնորսի, որը զոհին բռնելու համար թակարդ է լարում կամ ցանց նետում նրա վրա (Սաղ. 91։3)։ Բայց մենք կարող ենք խուսափել Սատանայի ծուղակն ընկնելուց։ Քանի որ Եհովան հայտնել է մեզ Սատանայի գործելակերպի մասին (2 Կորնթ. 2։11)։ w21.06, էջ 14, պրբ. 1-2
6 սեպտեմբերի, չորեքշաբթի
Ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին (Առակ. 16։31)։
Հավատարիմ տարեցները իսկական գանձեր են։ Աստծու Խոսքը նրանց ճերմակ մազերը նմանեցնում է պսակի, կամ՝ թագի (Առակ. 20։29)։ Գուցե այնպես ստացվի, որ չնկատենք այդ գանձերին։ Բայց այն երիտասարդները, ովքեր տարեցներին թանկ են համարում, կարող են բառացի գանձերից ավելի արժեքավոր բան ձեռք բերել։ Հավատարիմ տարեցները թանկ են Եհովայի համար։ Նա գիտի, թե ինչպիսին են նրանք ներքուստ, տեսնում է նրանց հիանալի հատկությունները։ Նա ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես են նրանք երիտասարդներին փոխանցում այն իմաստությունը, որ ձեռք են բերել՝ երկար տարիներ իրեն հավատարմորեն ծառայելով (Հոբ 12։12; Առակ. 1։1-4)։ Եհովան նաև թանկ է գնահատում տարեցների տոկունությունը (Մաղ. 3։16)։ Նրանց կյանքը զերծ չի եղել խնդիրներից, սակայն նրանց հավատը երբեք չի սասանվել։ Ապագայի հանդեպ նրանց հույսը այժմ ավելի վառ է, քան այն ժամանակ, երբ նոր էին ընդունել ճշմարտությունը։ Եհովան սիրում է նրանց, քանի որ նրանք շարունակում են հռչակել Եհովայի անունը անգամ իրենց «ալևորության ժամանակ» (Սաղ. 92։12-15)։ w21.09, էջ 2, պրբ. 2-3
7 սեպտեմբերի, հինգշաբթի
Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար (Գաղ. 6։4)։
Ժամանակ առ ժամանակ լավ կլինի քննենք, թե ինչ մղումներով ենք ծառայում Եհովային։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյո՞ք իմ ինքնագնահատականը կախված է ուրիշների հետ համեմատվելուց։ Արդյո՞ք ժողովում ինչ-որ բան անելու իմ մղումը լավագույնը երևալն է կամ գոնե մեկից առաջ անցնելը, թե՞ պարզապես ուզում եմ իմ լավագույնն անել Եհովայի համար»։ Աստվածաշնչում ասվում է, որ չպետք է ուրիշների հետ համեմատվենք։ Քանի որ գուցե գանք այն եզրակացության, որ ուրիշներից ավելի լավն ենք։ Այդ դեպքում վտանգ կա, որ կհպարտանանք։ Մյուս կողմից, եթե տեսնենք, որ ինչ-որ հարցում զիջում ենք ուրիշներին, ամենայն հավանականությամբ կվհատվենք (Հռոմ. 12։3)։ Մենք պետք է հիշենք, որ Եհովան ձգել է մեզ ոչ թե այն բանի համար, որ գեղեցիկ ենք, ճարտար լեզու ունենք կամ սիրված ենք շրջապատի կողմից, այլ որ ցանկացել ենք սիրել իրեն և հնազանդվել իր Որդուն (Հովհ. 6։44; 1 Կորնթ. 1։26-31)։ w21.07, էջ 14-15, պրբ. 3-4
8 սեպտեմբերի, ուրբաթ
Պետք է նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը (Եփես. 4։23)։
Որպեսզի նորոգենք մեր միտքը, պետք է աղոթենք, ուսումնասիրենք Աստծու Խոսքը և խորհրդածենք։ Շարունակ արա այս բաները և խնդրիր Եհովային, որ քեզ ուժ տա։ Նա իր սուրբ ոգով կօգնի քեզ ձերբազատվել համեմատվելու սովորությունից։ Եթե քո սրտում բույն են դրել նախանձն ու հպարտությունը, Եհովան կօգնի, որ նկատես և անմիջապես արմատախիլ անես դրանք (2 Տար. 6։29, 30)։ Եհովան գիտի մեր սիրտը։ Նա նաև գիտի, որ պայքարում ենք այս աշխարհի ոգու և մեր անկատարության դեմ։ Երբ Եհովան տեսնում է, թե ինչ մեծ ջանքեր ենք թափում այդ ամենի դեմ պայքարելու համար, նա մեզ ավելի շատ է սիրում։ Եհովան մեր հանդեպ ունեցած իր զգացմունքները համեմատում է մոր և մանկան միջև եղած ջերմ կապվածության հետ (Ես. 49։15)։ Շատ քաջալերական է իմանալ, որ Եհովան այդպիսի ջերմ զգացմունքներ է տածում մեր հանդեպ, երբ տեսնում է, որ պայքարում ենք ամբողջ սրտով իրեն ծառայելու համար։ w21.07, էջ 24-25, պրբ. 17-19
9 սեպտեմբերի, շաբաթ
Ուրախացողների հետ ուրախացեք (Հռոմ. 12։15)։
Մեր ուրախությունը կավելանա, եթե մեր սիրտը դնենք ցանկացած հանձնարարության մեջ, որ ստանում ենք։ «Ամբողջությամբ տրամադրիր» քեզ ծառայությանը և լիարժեքորեն ներգրավված եղիր ժողովի գործերում (Գործ. 18։5; Եբր. 10։24, 25)։ Լավ պատրաստվիր հանդիպումներին, որպեսզի կարողանաս քաջալերական մեկնաբանություններ տալ։ Լուրջ վերաբերվիր ցանկացած հանձնարարության, որ կստանաս միջշաբաթյա հանդիպման ժամանակ։ Եթե քեզ ժողովում որևէ գործ են վստահում, եղիր պարտաճանաչ և հուսալի։ Երբեք մի՛ մտածիր, որ քեզ հանձնարարվածը կարևոր բան չէ, և չարժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ձգտիր բարելավել հմտություններդ (Առակ. 22։29)։ Որքան շատ կլանված լինես հոգևոր գործերով և հանձնարարություններով, այնքան ավելի արագ կառաջադիմես և ավելի մեծ ուրախություն կստանաս (Գաղ. 6։4)։ Բացի այդ՝ ավելի հեշտ կլինի ուրախանալ ուրիշների հետ, երբ նրանք ստանան այնպիսի առանձնաշնորհումներ, որոնք դու կցանկանայիր ունենալ (Գաղ. 5։26)։ w21.08, էջ 22, պրբ. 11
10 սեպտեմբերի, կիրակի
Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության (Հակ. 3։17)։
Մենք պետք է խուսափենք հպարտությունից և միշտ պատրաստ լինենք սովորելու։ Ինչպես որոշ հիվանդություններ են դժվարացնում բառացի սրտի աշխատանքը, այնպես էլ հպարտությունն է կարծրացնում մեր փոխաբերական սիրտը և խանգարում մեզ հնազանդվել Եհովայի առաջնորդությանը։ Փարիսեցիները թույլ տվեցին, որ իրենց սիրտը այնքան կարծրանա, որ հրաժարվեցին ընդունել Աստծու ոգու կողմից տրված ակնհայտ ապացույցները (Հովհ. 12։37-40)։ Դրա պատճառով նրանք կորցրին հավիտենական կյանքի հեռանկարը (Մատթ. 23։13, 33)։ Անչափ կարևոր է, որ թույլ տանք՝ Աստծու Խոսքը և նրա ոգին ձևավորեն մեր անհատականությունը և ազդեն մեր մտածելակերպի ու որոշումների վրա։ Հակոբոսը խոնարհ էր, ուստի թույլ տվեց, որ Եհովան կրթի իրեն։ Եվ իր խոնարհության շնորհիվ էլ նա դարձավ հմուտ ուսուցիչ։ w22.01, էջ 9, պրբ. 7
11 սեպտեմբերի, երկուշաբթի
Շարունակեք խնդրել (Մատթ. 7։7)։
Եթե «հարատևենք աղոթքների մեջ», կարող ենք համոզված լինել, որ մեր երկնային Հայրը կլսի մեզ (Կող. 4։2)։ Գուցե թվա, թե պատասխանն ուշանում է։ Բայց պետք է հիշենք, որ Եհովան խոստանում է «ճիշտ ժամանակին» պատասխանել մեր աղոթքներին (Եբր. 4։16)։ Ուստի երբեք չպետք է մեղադրենք նրան, եթե մեր աղոթքի պատասխանը չենք ստանում, երբ ակնկալում ենք։ Օրինակ՝ շատերը տարիներ շարունակ աղոթում են, որ Աստծու Թագավորությունը գա ու վերջ դնի այս չար համակարգին։ Հիսուսը նույնիսկ պատվիրել է, որ աղոթենք այդ մասին (Մատթ. 6։10)։ Բայց անմտություն կլինի թույլ տալ, որ մեր հավատը թուլանա զուտ այն պատճառով, որ վերջը չի եկել այն ժամանակ, երբ մենք էինք ակնկալում (Ամբ. 2։3; Մատթ. 24։44)։ Իմաստնորեն կվարվենք, եթե շարունակենք սպասել Եհովային և աղոթենք նրան՝ վստահ լինելով, որ նա կպատասխանի մեր աղոթքներին։ Այս չար աշխարհի վերջը կգա ճիշտ ժամանակին, քանի որ Եհովան արդեն ընտրել է «օրը և ժամը»։ Եվ երբ այդ օրը գա, կփաստվի, որ դա լավագույն ժամանակն էր բոլորի համար (Մատթ. 24։36; 2 Պետ. 3։15)։ w21.08, էջ 10, պրբ. 10-11
12 սեպտեմբերի, երեքշաբթի
Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք (Փիլիպ. 2։3)։
Խոնարհ տարեցները գիտակցում են, որ այլևս չեն կարող անել այնքան, որքան նախկինում էին անում։ Օրինակ, երբ շրջանային վերակացուները դառնում են 70 տարեկան, նրանց նշանակումը փոխվում է, ինչը կարող է դժվար լինել նրանց համար։ Այս եղբայրները շատ թանկ են համարում իրենց հավատակիցներին ծառայելու այդ առանձնաշնորհումը։ Բայց նրանք նաև հասկանում են, որ ավելի երիտասարդ կադրերի կարիք կա։ Ուստի դրսևորում են այն նույն ոգին, որ ունեին ղևտացիները, ովքեր 50 տարին լրանալուց հետո պետք է դադարեցնեին խորանում իրենց ծառայությունը։ Այս տարեց ղևտացիների ուրախությունը կախված չէր որևէ նշանակումից։ Նրանք լիարժեքորեն օգտվում էին ծառայության այն բոլոր հնարավորություններից, որ ունեին այդ պահին և իրենց ձեռքից եկածն անում էին, որ օգնեին երիտասարդներին (Թվեր 8։25, 26)։ Այսօր այն եղբայրները, ովքեր նախկինում շրջանային ծառայություն էին անում, թեև այլևս չեն այցելում տարբեր ժողովներ, բայց մեծ օրհնություն են իրենց ժողովների համար։ w21.09, էջ 8-9, պրբ. 3-4
13 սեպտեմբերի, չորեքշաբթի
Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու (Ղուկ. 15։21)։
Հիսուսը կորած որդու մասին մի սիրտ ջերմացնող առակ պատմեց։ Այն արձանագրված է Ղուկաս 15։11-32 համարներում։ Մի երիտասարդ ըմբոստացավ իր հոր դեմ, թողեց հայրական տունը և ճանապարհ ընկավ «մի հեռու երկիր»։ Այնտեղ նա սկսեց անառակ կյանքով ապրել։ Սակայն երբ դժվարությունների բախվեց, լրջորեն մտածեց իր բռնած ընթացքի մասին։ Նա հասկացավ, թե որքան լավ կյանքով էր ապրում իր հայրական տանը։ Ինչպես Հիսուսն ասաց, նա «խելքի եկավ»։ Նա որոշեց վերադառնալ տուն և ներում խնդրել հորից։ Այն պահը, երբ որդին գիտակցեց, թե ինչ վատ բաներ է արել, շատ կարևոր էր։ Նա պետք է փոփոխություններ աներ։ Կորած որդին անկեղծորեն զղջաց։ Այս առակը պարզապես հուզիչ պատմություն չէ։ Դրանում ամփոփված սկզբունքները, կարող են օգնել երեցներին հասկանալ՝ արդյոք լուրջ մեղք գործած անհատը զղջում է, թե ոչ։ w21.10, էջ 5, պրբ. 14-15
14 սեպտեմբերի, հինգշաբթի
Ես կցնցեմ երկինքն ու երկիրը (Անգե 2։6)։
Ի՞նչը չի ցնցվելու, այսինքն՝ վերանալու։ Պողոս առաքյալը գրում է. «Տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն՝ եկեք շարունակենք....սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով» (Եբր. 12։28)։ Երբ վերջին ցնցման բարձրացրած փոշին ցրվի, կտեսնենք, որ միայն Աստծու Թագավորությունն է կանգուն մնացել (Սաղ. 110։5, 6; Դան. 2։44)։ Ժամանակ չի մնացել։ Մարդիկ պետք է ընտրություն անեն. կա՛մ շարունակեն ապրել այս աշխարհի առաջարկած ձևով, որը կործանման է տանում, կա՛մ փոփոխություններ անեն իրենց կյանքում և ապրեն Աստծու կամքի համաձայն, որը հավիտենական կյանքի է տանում (Եբր. 12։25)։ Մասնակցելով քարոզչական գործին՝ մենք կարող ենք օգնել մարդկանց, որ այս կարևոր հարցում որոշում կայացնեն։ Թող որ միշտ հիշենք մեր Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։ w21.09, էջ 19, պրբ. 18-20
15 սեպտեմբերի, ուրբաթ
Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի (Եբր. 13։5)։
Երեցնե՛ր, դուք հատուկ պատասխանատվություն ունեք մխիթարելու այն հավատակիցներին, ում հարազատը հեռացել է Եհովայից (1 Թեսաղ. 5։14)։ Ժամանակ տրամադրեք, որ ժողովի հանդիպումներից առաջ ու հետո քաջալերեք նրանց։ Այցելեք նրանց և միասին աղոթեք։ Ծառայության մեջ համագործակցեք այդ հավատակիցների հետ և երբեմն հրավիրեք ձեր ընտանեկան երկրպագությանը։ Հոգևոր հովիվները Եհովայի վհատված գառնուկների նկատմամբ պետք է ուշադիր լինեն և սեր ու կարեկցանք դրսևորեն նրանց հանդեպ (1 Թեսաղ. 2։7, 8)։ Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Անգամ եթե անհատը լուրջ մեղք է գործում, Աստված շարունակում է թանկ համարել նրա կյանքը։ Եհովան մեղավորների համար թանկ գին է վճարել՝ իր սիրելի Որդուն է զոհել։ Կարեկցանքից մղված՝ նա ցանկանում է օգնել այդպիսի մարդկանց վերադառնալ իր մոտ։ Կորած որդու մասին Հիսուսի առակից երևում է, որ Եհովան սպասում է նրանց վերադարձին (Ղուկ. 15։11-32)։ w21.09, էջ 30-31, պրբ. 17-19
16 սեպտեմբերի, շաբաթ
Դուք օգտվեցիք նրանց աշխատանքից (Հովհ. 4։38)։
Գուցե նախկինի պես չես կարողանում մասնակցել ծառայությանը, քանի որ վատառողջ ես։ Բայց նույնիսկ այդ դեպքում կարող ես ուրախություն ստանալ՝ հնարավորությանդ սահմաններում մասնակցելով քարոզչական գործին։ Դավիթ թագավորը և իր մարդիկ ազատեցին իրենց ընտանիքներին և ունեցվածքը ամաղեկացիների հրոսակախմբից։ Բայց նրա մարդկանցից 200-ը այնքան ուժասպառ էին, որ չկարողացան մարտի գնալ և մնացին բեռների մոտ, որ պահպանեն դրանք։ Երբ Դավիթն ու նրա մարդիկ հաղթանակած վերադարձան, Դավիթը պատվիրեց, որ ավարը հավասարապես բաժանվի բոլորի միջև (1 Սամ. 30։21-25)։ Նույնն է պարագան աշակերտ պատրաստելու գործի դեպքում։ Բոլոր նրանք, ովքեր այդ գործում իրենց լավագույնն են անում, կարող են հավասարապես ուրախանալ, երբ ինչ-որ մեկը սկսում է քայլել կյանքի տանող ճանապարհով։ Եհովան նկատում է մեր աշխատասիրությունն ու լավ մղումները և վարձատրում է մեզ։ Նա նաև սովորեցնում է մեզ ուրախություն գտնել այն ամենում, ինչ կարողանում ենք անել հնձի մեծ գործում (Հովհ. 14։12)։ Կարող ենք համոզված լինել, որ կունենանք Աստծու հավանությունը, քանի դեռ չենք հանձնվել։ w21.10, էջ 27-28, պրբ. 15-17
17 սեպտեմբերի, կիրակի
Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է (Առակ. 20։29)։
Տարիքի հետ գուցե այն մտավախությունն ունենանք, թե այլևս առաջվա պես պիտանի չենք Եհովայի համար։ Թեև առաջվա ուժը չունենք, սակայն մեր իմաստությամբ և փորձով կարող ենք օգնել երիտասարդներին, որ օգտագործեն իրենց ողջ ներուժը և նոր պատասխանատվություններ ստանձնեն։ Եթե տարեցները ցանկանում են օգնել երիտասարդներին, պետք է խոնարհ լինեն։ Խոնարհ մարդը ուրիշներին իրենից բարձր է համարում (Փիլիպ. 2։3, 4)։ Այն տարեցները, ովքեր դրսևորում են այս հատկությունը, գիտակցում են, որ շատ դեպքերում նույն հանձնարարությունը հնարավոր է տարբեր կերպերով կատարել, և դրանք բոլորն էլ կարող են լինել արդյունավետ և ներդաշնակ Աստվածաշնչին։ Ուստի նրանք իրատես են և չեն ակնկալում, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես իրենք էին անում անցյալում (Ժող. 7։10)։ Տարեցները արժեքավոր փորձ ունեն և այն կարող են փոխանցել երիտասարդ սերնդին։ Սակայն նրանք նաև հասկանում են, որ «այս աշխարհի տեսարանը փոխվում է», և գուցե կարիք լինի հարմարվելու նոր մեթոդների (1 Կորնթ. 7։31)։ w21.09, էջ 8, պրբ. 1, 3
18 սեպտեմբերի, երկուշաբթի
Ո՜վ Եհովա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման։ Ո՞վ է քեզ նման, դու գերազանց ես սրբությամբ (Ելք 15։11)։
Եհովան երբեք չէր պահանջի անել մի բան, ինչը կբարոյազրկեր իրեն պաշտողներին։ Նա իր ողջ էությամբ սուրբ է։ Այս մասին իսրայելացիներին հիշեցնելու համար քահանայապետի խույրին ամրացված էր ոսկե մի թիթեղ, որի վրա փորագրված էր՝ «Սրբությունը պատկանում է Եհովային» (Ելք 28։36-38)։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ փորագրված խոսքերը, հստակ հասկանում էին, որ Եհովան իսկապես սուրբ է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն իսրայելացու մասին, ով հնարավորություն չուներ տեսնելու այդ թիթեղը, քանի որ չէր կարող մոտենալ քահանայապետին։ Նա կիմանա՞ր, որ Եհովան սուրբ է։ Իհա՛րկե։ Յուրաքանչյուր իսրայելացի լսում էր այդ խոսքերը, երբ Օրենքը կարդացվում էր բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար (2 Օրենք 31։9-12)։ Եթե դու էլ այնտեղ լինեիր, անկասկած, կլսեիր հետևյալ խոսքերը. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը.... սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»։ «Սուրբ եղեք ինձ համար, որովհետև ես՝ Եհովաս, սուրբ եմ» (Ղևտ. 11։44, 45; 20։7, 26)։ w21.12, էջ 3, պրբ. 6-7
19 սեպտեմբերի, երեքշաբթի
Մի՛ մտատանջվեք (Ղուկ. 12։29)։
Ոմանք գուցե մտահոգվեն, թե ինչպես են բավարարելու իրենց նյութական կարիքները։ Հնարավոր է՝ նրանք ապրում են ծանր տնտեսական պայմաններ ունեցող երկրում։ Հավանաբար նրանց համար դժվար է բավականաչափ գումար վաստակել իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Կամ գուցե ընտանիքի ապրուստը վաստակողը մահացել է։ Անհանգստանալու փոխարեն մենք պետք է վստահենք Եհովային։ Հիշենք, որ նա հավաստիացնում է, որ հոգ կտանի մեր նյութական կարիքների մասին, եթե հոգևոր գործերով զբաղվելը առաջնային լինի մեզ համար (Մատթ. 6։32, 33)։ Նա միշտ վարվել է իր այդ խոստման համաձայն (2 Օրենք 8։4, 15, 16; Սաղ. 37։25)։ Եթե Եհովան հոգ է տանում թռչունների ու ծաղիկների մասին, ուրեմն մենք չպետք է անհանգստանանք, թե ինչ պիտի ուտենք կամ հագնենք (Մատթ. 6։26-30; Փիլիպ. 4։6, 7)։ Ինչպես սերն է մղում ծնողներին հոգալ իրենց երեխաների կարիքները, այնպես էլ մեր երկնային Հայրն է, սիրուց մղված, հոգ տանում իր ժողովրդի նյութական կարիքների մասին։ w21.12, էջ 16-17, պրբ. 4-5; էջ 18, պրբ. 8
20 սեպտեմբերի, չորեքշաբթի
Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ (Ծննդ. 39։21)։
Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ մեկը, նույնիսկ հավատակիցդ լուրջ մեղք գործի քո դեմ։ Օրինակ՝ Հովսեփը անարդարացի վերաբերմունքի արժանացավ իր եղբայրների պատճառով։ Բայց նա շարունակեց իր լավագույնը տալ Եհովային, ով առատորեն վարձատրեց նրան համբերելու և դիմանալու համար։ Ժամանակի ընթացքում Հովսեփին հաջողվեց ներել իրեն ցավ պատճառողներին և տեսնել, թե որքան է Եհովան օրհնել իրեն (Ծննդ. 45։5)։ Հովսեփի պես մենք էլ կմխիթարվենք, եթե մտերմանանք Եհովայի հետ, և սպասենք, որ նա ճիշտ ժամանակին շտկի իրավիճակը (Սաղ. 7։17; 73։28)։ Եթե ցավ ես ապրում անարդարության կամ մեկ այլ բանի պատճառով, հիշիր, որ Եհովան մոտ է «սրտով կոտրվածներին» (Սաղ. 34։18)։ Նա սիրում է քեզ քո համբերության և այն բանի համար, որ քո բեռը իր վրա ես գցում (Սաղ. 55։22)։ Նա ողջ երկրի Դատավորն է, և ոչինչ նրա աչքից չի վրիպում (1 Պետ. 3։12)։ Այսպիսով, եթե այնպիսի դժվարությունների միջով ես անցնում, որոնք չես կարող լուծել, հիշիր, որ շատ կարևոր է սպասել Եհովային։ w21.08, էջ 11, պրբ. 14; էջ 12, պրբ. 16
21 սեպտեմբերի, հինգշաբթի
Շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը (Եփես. 5։17)։
Իմաստուն վարված կլինենք, եթե այնպիսի ուղի ընտրենք կյանքում, որը կուրախացնի Եհովային։ Մենք պետք է ճիշտ առաջնահերթություններ դնենք։ Ժամանակը լավագույնս օգտագործելու համար երբեմն գուցե կարիք լինի ընտրություն կատարել երկու բաների միջև, որոնք ինքնին սխալ չեն։ Դա երևում է այն պատմությունից, երբ Հիսուսը այցելել էր Մարիամին ու Մարթային։ Մարթան հյուրասեր էր և շատ էր ուրախացել, որ Հիսուսը իրենց հյուր է եկել, ուստի սկսել էր ընտիր կերակուրներ պատրաստել նրա համար։ Մինչդեռ Մարիամը նստել էր իր «Տիրոջ ոտքերի մոտ» և լսում էր նրան։ Թեև Մարթայի արածը վատ բան չէր, բայց Հիսուսն ասաց, որ «Մարիամը լավ բաժինն ընտրեց» (Ղուկ. 10։38-42)։ Որոշ ժամանակ հետո Մարիամը գուցե չէր էլ հիշում, թե այդ օրը ինչ կերակուրներ էին դրված սեղանին, բայց կարող ենք համոզված լինել, որ նա իր ողջ կյանքի ընթացքում հիշում էր այն, ինչ սովորել էր Հիսուսից։ Մարիամը թանկ գնահատեց Աստծու Որդուց սովորելու հնարավորությունը։ Մենք էլ պետք է թանկ համարենք այն ժամանակը, որ անցկացնում ենք Եհովայի հետ։ w22.01, էջ 27, պրբ. 5-6
22 սեպտեմբերի, ուրբաթ
Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը խոնարհվեց իմ առջև (1 Թագ. 21։29)։
Թեև Աքաաբը խոնարհեցրեց իրեն Եհովայի առաջ, սակայն նրա հետագա գործերը ցույց տվեցին, որ նա անկեղծորեն չէր զղջացել։ Աքաաբը չփորձեց իր թագավորությունից վերացնել Բահաղի պաշտամունքը, ոչ էլ նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Աքաաբի մահից հետո Եհովան հայտնեց, թե ինչ կարծիք ուներ նրա մասին։ Աստծու մարգարեն՝ Հեուն, ասաց, որ Աքաաբը «ամբարիշտ էր» (2 Տար. 19։1, 2)։ Հիմա մտածիր. եթե Աքաաբի զղջումը անկեղծ լիներ, մի՞թե մարգարեն նրան «ամբարիշտ» և «Եհովային ատող» կանվաներ։ Մի բան պարզ է. թեև Աքաաբը ինչ-որ չափով ափսոսացել էր իր արածների համար, սակայն այդպես էլ անկեղծորեն չէր զղջացել։ Երբ Աքաաբը իմացավ, որ Եհովան իր ընտանիքի վրա աղետ է բերելու, իրեն խոնարհեցրեց։ Ինչ խոսք, դա լավ սկիզբ էր։ Բայց նրա հետագա արարքները ցույց տվեցին, որ նա սրտանց չէր զղջացել։ Փաստորեն, զղջալը ավելին է, քան պարզապես ասելը, որ ցավում ենք մեր արածի համար։ w21.10, էջ 3, պրբ. 4-5, 7-8
23 սեպտեմբերի, շաբաթ
Թագավորության այս բարի լուրը կքարոզվի (Մատթ. 24։14)։
Եսայիան մարգարե էր։ Հավանաբար նրա կինն էլ էր մարգարեանում, քանի որ Աստվածաշնչում նա «մարգարեուհի» է կոչվում (Ես. 8։1-4)։ Ակնհայտ է, որ նրանք միասին կենտրոնացած էին Եհովային երկրպագելու վրա։ Այսօր ամուսնական զույգերը կարող են ընդօրինակել Եսայիային ու նրա կնոջը՝ Եհովային ծառայելը իրենց կյանքում ամենակարևորը դարձնելով։ Եթե նրանք միասին ուսումնասիրեն աստվածաշնչյան մարգարեությունները և տեսնեն, որ դրանք միշտ կատարվում են, նրանց վստահությունը Եհովայի հանդեպ կավելանա (Տիտոս 1։2)։ Բացի այդ՝ լավ կլինի՝ մտածեն, թե ինչպես կարող են մասնակցել աստվածաշնչյան որոշ մարգարեությունների կատարմանը։ Օրինակ՝ Հիսուսի այն մարգարեության կատարմանը, ըստ որի՝ նախքան աշխարհի վերջը բարի լուրը պետք է քարոզվի ամբողջ երկրով մեկ։ Որքան մեծ լինի կողակիցների համոզվածությունը այն բանում, որ աստվածաշնչյան մարգարեությունները իրականանում են, այնքան նրանք ավելի վճռական կլինեն իրենց լավագույնն անելու Եհովայի համար։ w21.11, էջ 16, պրբ. 9-10
24 սեպտեմբերի, կիրակի
Աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ. 19։27)։
Հիսուսը մտածում էր իր մոր բարօրության մասին, ով հավանաբար արդեն այրի էր։ Սիրուց ու հոգատարությունից մղված՝ նա իր մոր խնամքը Հովհաննեսին վստահեց՝ համոզված լինելով, որ վերջինս կհոգա նրա հոգևոր կարիքները։ Այդ օրվանից՝ Հովհաննեսը որդու պես հոգ էր տանում Մարիամին։ Ինչպիսի՜ սեր ցուցաբերեց Հիսուսը Մարիամի հանդեպ, ով ծննդյան պահից քնքշորեն հոգ էր տարել իր մասին և մինչև վերջ իր կողքին էր մնացել։ Հավատակիցների հետ մեր փոխհարաբերությունները կարող են շատ ավելի ամուր լինել, քան ընտանիքի անդամների հետ։ Մեր հարազատները գուցե հալածեն մեզ, նույնիսկ հրաժարվեն մեզանից։ Բայց Հիսուսը խոստացել է, որ եթե մոտ մնանք Եհովային և Նրա կազմակերպությանը, ապա մեր կորցրածի «հարյուրապատիկը» կստանանք։ Ժողովում շատերը մեզ համար կդառնան հոգատար հայր, մայր, որդիներ և դուստրեր (Մարկ. 10։29, 30)։ Ի՞նչ զգացումներով ես լցվում, երբ մտածում ես, որ մաս ես կազմում մի այնպիսի հոգևոր ընտանիքի, որի անդամները միավորված են հավատի և սիրո կապերով։ Նրանք սիրում են Եհովային և միմյանց (Կող. 3։14; 1 Պետ. 2։17)։ w21.04, էջ 9-11, պրբ. 7-8
25 սեպտեմբերի, երկուշաբթի
Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին (Եբր. 13։16)։
Նվիրված սեր դրսևորել նշանակում է անել սպասվածից ավելին։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Եհովայի շատ ծառաներ նվիրված սեր են դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ, նույնիսկ նրանց, ում անձամբ չեն ճանաչում։ Օրինակ, երբ աղետ է լինում, նրանք անմիջապես ցանկություն են հայտնում օգնելու իրենց հավատակիցներին։ Իսկ երբ ժողովում ինչ-որ մեկը ֆինանսական դժվարություններ է ունենում, նրանք անմիջապես փորձում են պարզել, թե ինչի կարիք ունի, և գործնական օգնություն են ցուցաբերում։ Առաջին դարի մակեդոնացիների նման նրանք ավելին են անում, քան ակնկալվում է։ Նրանք զոհողությունների են գնում՝ «նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին անելով», որ օգնեն կարիքի մեջ հայտնված իրենց հավատակիցներին (2 Կորնթ. 8։3)։ Այսօր դիտունակ երեցները գնահատանք են արտահայտում եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր նվիրվածությամբ աջակցում են ուրիշներին։ Ճիշտ ժամանակին ասված գովեստի խոսքերը ուժ կտան եղբայրներին ու քույրերին, որ չհանձնվեն և շարունակեն օգնել իրենց հավատակիցներին (Ես. 32։1, 2)։ w21.11, էջ 11, պրբ. 14; էջ 12, պրբ. 21
26 սեպտեմբերի, երեքշաբթի
Ականջ դիր ու լսիր իմաստունների խոսքերը (Առակ. 22։17)։
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ խորհրդի կարիք ենք ունենում։ Երբեմն խորհրդի համար մենք ենք դիմում նրանց, ում հարգում ենք։ Որոշ դեպքերում էլ հոգատար եղբայրներից մեկն է մոտենում մեզ և զգուշացնում, որ «սխալ քայլ» անելու շեմին ենք (Գաղ. 6։1)։ Լինում է նաև, որ խրատ ենք ստանում լուրջ սխալ անելուց հետո։ Ինչ իրավիճակներում էլ խորհուրդ ստանանք մենք պետք է ընդունենք այն։ Այդպես վարվելը օգուտներ կբերի մեզ և կարող է փրկել մեր կյանքը (Առակ. 6։23)։ Այսօրվա խոսքի համարը հորդորում է մեզ «լսել իմաստունների խոսքերը»։ Չկա մի մարդ, որն ամեն ինչ իմանա, և միշտ էլ կլինի ինչ-որ մեկը, ով մեզանից ավելի շատ գիտելիքներ ու փորձ կունենա (Առակ. 12։15)։ Ուստի խորհուրդ ընդունելը խոնարհության նշան է։ Խորհուրդ ընդունելով՝ ցույց ենք տալիս, որ գիտակցում ենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և հասկանում ենք, որ մեր նպատակներին հասնելու համար օգնության կարիք ունենք։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակ. 15։22)։ w22.02, էջ 8, պրբ. 1-2
27 սեպտեմբերի, չորեքշաբթի
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի (Առակ. 28։13)։
Իսկական զղջումը ավելին է, քան ասելը, որ ափսոսում ենք մեր արածի համար։ Այն նաև ներառում է սրտի ու մտքի փոփոխություն։ Բացի այդ՝ զղջացող անհատը թողնում է իր սխալ ընթացքը և կրկին քայլում է Եհովայի ճանապարհներով (Եզեկ. 33։14-16)։ Նրա համար ամենակարևորը Եհովայի հետ վնասված փոխհարաբերությունները վերականգնելն է։ Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե իմանանք, որ մեր ընկերներից մեկը լուրջ մեղք է գործել։ Մենք միայն կվնասենք մեր ընկերոջը, եթե փորձենք թաքցնել նրա մեղքը։ Բացի այդ՝ հնարավոր չէ մեղքը թաքցնել, քանի որ Եհովան ամեն ինչ տեսնում է (Առակ. 5։21, 22)։ Լավ կլինի՝ հիշեցնես ընկերոջդ, որ երեցների նպատակն է օգնել նրան։ Եթե նա հրաժարվի խոստովանել իր մեղքը երեցներին, դու պետք է տեղեկացնես նրանց տեղի ունեցածի մասին։ Այդպիսով կփաստես, որ իսկապես ցանկանում ես օգնել նրան։ w21.10, էջ 7, պրբ. 19-21
28 սեպտեմբերի, հինգշաբթի
Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը (Փիլիպ. 2։4)։
Հիսուսի անձնազոհ ոգին պետք է բոլորս ընդօրինակենք։ Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսը «ծառայի կերպարանք ընդունեց» (Փիլիպ. 2։7)։ Լավ ծառան առիթներ է փնտրում, որ հաճեցնի իր տիրոջը։ Մենք Եհովայի ծառաներն ենք։ Մենք նաև ծառայում ենք մեր եղբայրներին ու քույրերին։ Ուստի ցանկանում ենք ամեն ջանք թափել, որպեսզի օգտակար լինենք Եհովայի և մեր հավատակիցների համար։ Ինքդ քեզ հարցրու. «Որքանո՞վ եմ պատրաստ զոհելու իմ ժամանակն ու էներգիան ուրիշներին օգնելու համար։ Արդյո՞ք պատրաստ եմ օգնել, երբ կարիք է առաջանում մասնակցելու համաժողովի անցկացման վայրի կամ Թագավորության սրահի մաքրության աշխատանքներին»։ Ենթադրենք՝ նկատում ես, որ ինչ-որ հարցում բարելավման կարիք ունես, բայց ցանկություն չունես կատարելու անհրաժեշտ փոփոխությունները։ Այդ դեպքում սրտանց աղոթիր Եհովային։ Պատմիր նրան, թե ինչ ես զգում, և խնդրիր, որ օգնի քեզ «և՛ կամենալ, և՛ գործել» (Փիլիպ. 2։13)։ w22.02, էջ 23, պրբ. 9-11
29 սեպտեմբերի, ուրբաթ
Ես կթարմացնեմ ձեզ (Մատթ. 11։28)։
Հիսուսը բարություն էր դրսևորում՝ լինելով մեղմ ու զիջող, և դա անում էր անգամ բարդ իրավիճակներում (Մատթ. 11։29, 30)։ Օրինակ, երբ մի փյունիկեցի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, սկզբում նա մերժեց նրա խնդրանքը, բայց երբ տեսավ այդ կնոջ մեծ հավատը, բարություն դրսևորեց և բուժեց երեխային (Մատթ. 15։22-28)։ Հիսուսը բարի էր, բայց չափազանց զգացմունքային չէր։ Երբեմն նա բարություն էր դրսևորում՝ ուղղելով նրանց, ում սիրում էր։ Մի անգամ, երբ Պետրոսը փորձեց հետ պահել Հիսուսին Եհովայի կամքն անելուց, մյուս աշակերտների ներկայությամբ Հիսուսը սաստեց նրան (Մարկ. 8։32, 33)։ Դրանով նա ուզում էր ոչ թե նվաստացնել, այլ կրթել Պետրոսին։ Նա նաև ուզում էր ցույց տալ իր մյուս աշակերտներին, որ լինելով իր հետևորդները՝ նրանք պետք է աջակցեն իրեն և չփորձեն հետ պահել Աստծու կամքն անելուց։ Պետրոսը այդ պահին անհարմար զգաց, բայց անկասկած, օգուտ քաղեց տրված խրատից։ Մեր սիրելիների հանդեպ իսկապես բարի կլինենք, եթե անհրաժեշտության դեպքում խորհուրդ տանք նրանց։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք մեր խորհուրդը պետք է հիմնենք Աստծու Խոսքի վրա և լինենք մեղմ։ w22.03, էջ 11, պրբ. 12-13
30 սեպտեմբերի, շաբաթ
Եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը (Եբր. 13։15)։
Մենք պաշտում ենք Աստծուն, երբ գովաբանում ենք նրան (Սաղ. 34։1)։ Մենք գովաբանում ենք Եհովային, երբ գնահատանքով ենք խոսում նրա հիանալի հատկությունների ու գործերի մասին։ Գովաբանությունը երախտագետ սրտից է բխում։ Երբ ժամանակ ենք հատկացնում, որ խորհրդածենք այն բոլոր լավ բաների մասին, որ Եհովան արել է մեզ համար, նրան գովաբանելու շատ պատճառներ ենք ունենում։ Քարոզչական գործը հիանալի առիթ է տալիս մեզ, որ «Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ [մեր] շուրթերի պտուղը»։ Ինչպես Եհովային աղոթելուց առաջ պետք է լավ մտածենք, թե ինչ ենք ասելու նրան, այնպես էլ նախքան ծառայության գնալը պետք է լավ մտածենք, թե ինչ ենք ասելու մեզ հանդիպած մարդկանց։ Մենք ցանկանում ենք «գովաբանության զոհ» մատուցելիս մեր լավագույնը տալ Եհովային։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունը ուրիշներին հայտնում ենք խանդավառությամբ։ w22.03, էջ 21, պրբ. 8