20 սեպտեմբերի, չորեքշաբթի
Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ (Ծննդ. 39։21)։
Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ մեկը, նույնիսկ հավատակիցդ լուրջ մեղք գործի քո դեմ։ Օրինակ՝ Հովսեփը անարդարացի վերաբերմունքի արժանացավ իր եղբայրների պատճառով։ Բայց նա շարունակեց իր լավագույնը տալ Եհովային, ով առատորեն վարձատրեց նրան համբերելու և դիմանալու համար։ Ժամանակի ընթացքում Հովսեփին հաջողվեց ներել իրեն ցավ պատճառողներին և տեսնել, թե որքան է Եհովան օրհնել իրեն (Ծննդ. 45։5)։ Հովսեփի պես մենք էլ կմխիթարվենք, եթե մտերմանանք Եհովայի հետ, և սպասենք, որ նա ճիշտ ժամանակին շտկի իրավիճակը (Սաղ. 7։17; 73։28)։ Եթե ցավ ես ապրում անարդարության կամ մեկ այլ բանի պատճառով, հիշիր, որ Եհովան մոտ է «սրտով կոտրվածներին» (Սաղ. 34։18)։ Նա սիրում է քեզ քո համբերության և այն բանի համար, որ քո բեռը իր վրա ես գցում (Սաղ. 55։22)։ Նա ողջ երկրի Դատավորն է, և ոչինչ նրա աչքից չի վրիպում (1 Պետ. 3։12)։ Այսպիսով, եթե այնպիսի դժվարությունների միջով ես անցնում, որոնք չես կարող լուծել, հիշիր, որ շատ կարևոր է սպասել Եհովային։ w21.08, էջ 11, պրբ. 14; էջ 12, պրբ. 16
21 սեպտեմբերի, հինգշաբթի
Շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը (Եփես. 5։17)։
Իմաստուն վարված կլինենք, եթե այնպիսի ուղի ընտրենք կյանքում, որը կուրախացնի Եհովային։ Մենք պետք է ճիշտ առաջնահերթություններ դնենք։ Ժամանակը լավագույնս օգտագործելու համար երբեմն գուցե կարիք լինի ընտրություն կատարել երկու բաների միջև, որոնք ինքնին սխալ չեն։ Դա երևում է այն պատմությունից, երբ Հիսուսը այցելել էր Մարիամին ու Մարթային։ Մարթան հյուրասեր էր և շատ էր ուրախացել, որ Հիսուսը իրենց հյուր է եկել, ուստի սկսել էր ընտիր կերակուրներ պատրաստել նրա համար։ Մինչդեռ Մարիամը նստել էր իր «Տիրոջ ոտքերի մոտ» և լսում էր նրան։ Թեև Մարթայի արածը վատ բան չէր, բայց Հիսուսն ասաց, որ «Մարիամը լավ բաժինն ընտրեց» (Ղուկ. 10։38-42)։ Որոշ ժամանակ հետո Մարիամը գուցե չէր էլ հիշում, թե այդ օրը ինչ կերակուրներ էին դրված սեղանին, բայց կարող ենք համոզված լինել, որ նա իր ողջ կյանքի ընթացքում հիշում էր այն, ինչ սովորել էր Հիսուսից։ Մարիամը թանկ գնահատեց Աստծու Որդուց սովորելու հնարավորությունը։ Մենք էլ պետք է թանկ համարենք այն ժամանակը, որ անցկացնում ենք Եհովայի հետ։ w22.01, էջ 27, պրբ. 5-6
22 սեպտեմբերի, ուրբաթ
Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը խոնարհվեց իմ առջև (1 Թագ. 21։29)։
Թեև Աքաաբը խոնարհեցրեց իրեն Եհովայի առաջ, սակայն նրա հետագա գործերը ցույց տվեցին, որ նա անկեղծորեն չէր զղջացել։ Աքաաբը չփորձեց իր թագավորությունից վերացնել Բահաղի պաշտամունքը, ոչ էլ նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Աքաաբի մահից հետո Եհովան հայտնեց, թե ինչ կարծիք ուներ նրա մասին։ Աստծու մարգարեն՝ Հեուն, ասաց, որ Աքաաբը «ամբարիշտ էր» (2 Տար. 19։1, 2)։ Հիմա մտածիր. եթե Աքաաբի զղջումը անկեղծ լիներ, մի՞թե մարգարեն նրան «ամբարիշտ» և «Եհովային ատող» կանվաներ։ Մի բան պարզ է. թեև Աքաաբը ինչ-որ չափով ափսոսացել էր իր արածների համար, սակայն այդպես էլ անկեղծորեն չէր զղջացել։ Երբ Աքաաբը իմացավ, որ Եհովան իր ընտանիքի վրա աղետ է բերելու, իրեն խոնարհեցրեց։ Ինչ խոսք, դա լավ սկիզբ էր։ Բայց նրա հետագա արարքները ցույց տվեցին, որ նա սրտանց չէր զղջացել։ Փաստորեն, զղջալը ավելին է, քան պարզապես ասելը, որ ցավում ենք մեր արածի համար։ w21.10, էջ 3, պրբ. 4-5, 7-8