22 սեպտեմբերի, ուրբաթ
Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը խոնարհվեց իմ առջև (1 Թագ. 21։29)։
Թեև Աքաաբը խոնարհեցրեց իրեն Եհովայի առաջ, սակայն նրա հետագա գործերը ցույց տվեցին, որ նա անկեղծորեն չէր զղջացել։ Աքաաբը չփորձեց իր թագավորությունից վերացնել Բահաղի պաշտամունքը, ոչ էլ նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Աքաաբի մահից հետո Եհովան հայտնեց, թե ինչ կարծիք ուներ նրա մասին։ Աստծու մարգարեն՝ Հեուն, ասաց, որ Աքաաբը «ամբարիշտ էր» (2 Տար. 19։1, 2)։ Հիմա մտածիր. եթե Աքաաբի զղջումը անկեղծ լիներ, մի՞թե մարգարեն նրան «ամբարիշտ» և «Եհովային ատող» կանվաներ։ Մի բան պարզ է. թեև Աքաաբը ինչ-որ չափով ափսոսացել էր իր արածների համար, սակայն այդպես էլ անկեղծորեն չէր զղջացել։ Երբ Աքաաբը իմացավ, որ Եհովան իր ընտանիքի վրա աղետ է բերելու, իրեն խոնարհեցրեց։ Ինչ խոսք, դա լավ սկիզբ էր։ Բայց նրա հետագա արարքները ցույց տվեցին, որ նա սրտանց չէր զղջացել։ Փաստորեն, զղջալը ավելին է, քան պարզապես ասելը, որ ցավում ենք մեր արածի համար։ w21.10, էջ 3, պրբ. 4-5, 7-8
23 սեպտեմբերի, շաբաթ
Թագավորության այս բարի լուրը կքարոզվի (Մատթ. 24։14)։
Եսայիան մարգարե էր։ Հավանաբար նրա կինն էլ էր մարգարեանում, քանի որ Աստվածաշնչում նա «մարգարեուհի» է կոչվում (Ես. 8։1-4)։ Ակնհայտ է, որ նրանք միասին կենտրոնացած էին Եհովային երկրպագելու վրա։ Այսօր ամուսնական զույգերը կարող են ընդօրինակել Եսայիային ու նրա կնոջը՝ Եհովային ծառայելը իրենց կյանքում ամենակարևորը դարձնելով։ Եթե նրանք միասին ուսումնասիրեն աստվածաշնչյան մարգարեությունները և տեսնեն, որ դրանք միշտ կատարվում են, նրանց վստահությունը Եհովայի հանդեպ կավելանա (Տիտոս 1։2)։ Բացի այդ՝ լավ կլինի՝ մտածեն, թե ինչպես կարող են մասնակցել աստվածաշնչյան որոշ մարգարեությունների կատարմանը։ Օրինակ՝ Հիսուսի այն մարգարեության կատարմանը, ըստ որի՝ նախքան աշխարհի վերջը բարի լուրը պետք է քարոզվի ամբողջ երկրով մեկ։ Որքան մեծ լինի կողակիցների համոզվածությունը այն բանում, որ աստվածաշնչյան մարգարեությունները իրականանում են, այնքան նրանք ավելի վճռական կլինեն իրենց լավագույնն անելու Եհովայի համար։ w21.11, էջ 16, պրբ. 9-10
24 սեպտեմբերի, կիրակի
Աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ. 19։27)։
Հիսուսը մտածում էր իր մոր բարօրության մասին, ով հավանաբար արդեն այրի էր։ Սիրուց ու հոգատարությունից մղված՝ նա իր մոր խնամքը Հովհաննեսին վստահեց՝ համոզված լինելով, որ վերջինս կհոգա նրա հոգևոր կարիքները։ Այդ օրվանից՝ Հովհաննեսը որդու պես հոգ էր տանում Մարիամին։ Ինչպիսի՜ սեր ցուցաբերեց Հիսուսը Մարիամի հանդեպ, ով ծննդյան պահից քնքշորեն հոգ էր տարել իր մասին և մինչև վերջ իր կողքին էր մնացել։ Հավատակիցների հետ մեր փոխհարաբերությունները կարող են շատ ավելի ամուր լինել, քան ընտանիքի անդամների հետ։ Մեր հարազատները գուցե հալածեն մեզ, նույնիսկ հրաժարվեն մեզանից։ Բայց Հիսուսը խոստացել է, որ եթե մոտ մնանք Եհովային և Նրա կազմակերպությանը, ապա մեր կորցրածի «հարյուրապատիկը» կստանանք։ Ժողովում շատերը մեզ համար կդառնան հոգատար հայր, մայր, որդիներ և դուստրեր (Մարկ. 10։29, 30)։ Ի՞նչ զգացումներով ես լցվում, երբ մտածում ես, որ մաս ես կազմում մի այնպիսի հոգևոր ընտանիքի, որի անդամները միավորված են հավատի և սիրո կապերով։ Նրանք սիրում են Եհովային և միմյանց (Կող. 3։14; 1 Պետ. 2։17)։ w21.04, էջ 9-11, պրբ. 7-8