28 մարտի, հինգշաբթի
Դեպի հողը պիտի դառնաս (Ծննդ. 3։19)։
Մենք չենք ցանկանում կրկնել Ադամի ու Եվայի սխալը։ Դրա համար պետք է շարունակենք սովորել Եհովայի մասին, գնահատենք նրա հատկությունները և ձգտենք հասկանալ նրա մտածելակերպը։ Արդյունքում Եհովայի հանդեպ մեր սերը կաճի։ Աբրահամը իսկապես սիրում էր Եհովային և նույնիսկ երբ դժվարանում էր հասկանալ նրա որոշումները, չէր ըմբոստանում, այլ փորձում էր ավելի լավ ճանաչել նրան։ Օրինակ, երբ Աբրահամը իմացավ, որ Եհովան որոշել է կործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները, սկզբում վախեցավ, որ «ողջ երկրի Դատավորը» արդարներին չարերի հետ կկործանի։ Բայց նա չէր կարողանում համակերպվել այդ մտքի հետ, ուստի խոնարհաբար սկսեց հարցեր տալ Եհովային։ Եհովան էլ համբերատար կերպով պատասխանեց նրա հարցերին։ Ի վերջո Աբրահամը հասկացավ, որ Աստված քննում է յուրաքանչյուրի սիրտը և երբեք անմեղ մարդուն մեղավորի հետ չի պատժում (Ծննդ. 18։20-32)։ w22.08, էջ 28, պրբ. 9-10
29 մարտի, ուրբաթ
Ոգով հավատարիմը ծածկում է գործը (Առակ. 11։13)։
Մ.թ.ա. 455 թ.-ին, երբ կառավարիչ Նեեմիան ավարտեց Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը, ընտրեց վստահելի տղամարդկանց, ովքեր հոգ կտանեին քաղաքի մասին։ Նրանց թվում էր Ամրոցի իշխան Հանանիան։ Աստվածաշնչում ասվում է, որ Հանանիան «վստահելի մարդ էր և ավելի շատ էր վախենում ճշմարիտ Աստծուց, քան շատերը» (Նեեմ. 7։2)։ Եհովայի հանդեպ սերը և նրան տհաճեցնելու վախը մղեցին Հանանիային պատասխանատվությամբ մոտենալու իրեն տրված ցանկացած հանձնարարության։ Սերն ու աստվածավախությունը մեզ էլ կօգնեն վստահելի լինել Աստծուն մատուցվող մեր ծառայության մեջ։ Տյուքիկոսը վստահելի համագործակից էր Պողոսի համար։ Պողոսը լիովին վստահում էր Տյուքիկոսին՝ նրան անվանելով «հավատարիմ ծառա» (Եփես. 6։21, 22)։ Առաքյալը նրան վստահեց ոչ միայն իր նամակները Եփեսոսի և Կողոսայի եղբայրներին փոխանցելու գործը, այլև նրանց քաջալերելն ու մխիթարելը։ Տյուքիկոսի մասին մտածելիս մեր միտքն են գալիս այն հավատարիմ և հուսալի եղբայրները, որոնք այսօր հոգ են տանում մեր հոգևոր կարիքների մասին (Կող. 4։7-9)։ w22.09, էջ 9-10, պրբ. 5-6
30 մարտի, շաբաթ
Սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը (1 Պետ. 4։8)։
Հովսեփը ծանր փորձությունների բախվեց, որոնք շարունակվեցին մոտ 13 տարի։ Նա կարող էր մտածել, թե Եհովան իրականում չի սիրում իրեն և լքել է նեղության պահին։ Բայց նա չդառնացավ, փոխարենը՝ սթափ դատեց և հանդարտ մնաց։ Իսկ երբ առիթ ստեղծվեց վրեժ լուծելու իր եղբայրներից, նա չօգտվեց այդ հնարավորությունից, այլ սեր դրսևորեց ու ներեց նրանց (Ծննդ. 45։4, 5)։ Հովսեփն այդպես վարվեց, քանի որ առողջ դատողություն ուներ։ Իր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն նա տեսնում էր ամբողջական պատկերը՝ այն, թե որն էր իր դերը Եհովայի նպատակներում (Ծննդ. 50։19-21)։ Եթե քեզ հետ վատ են վարվում, մի՛ նեղացիր Եհովայից և մի՛ մտածիր, թե նա լքել է քեզ։ Խորհրդածիր այն մասին, թե ինչպես է նա օգնում, որ դիմանաս այդ փորձությանը։ Բացի այդ, եթե հավատակիցդ քեզ հետ վատ է վարվում, փորձիր սեր դրսևորել և ծածկել նրա անկատարությունը։ w22.11, էջ 21, պրբ. 4