Ծննդոց
48 Այս ամենից հետո Հովսեփին ասացին. «Քո հայրը տկարանում է»։ Ուստի նա իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին+ վերցրեց իր հետ։ 2 Հակոբին տեղեկացրին՝ ասելով. «Քո որդի Հովսեփը քեզ մոտ է եկել»։ Իսրայելն էլ ուժերը հավաքեց և նստեց իր մահճին։ 3 Հակոբն ասաց Հովսեփին.
«Ամենակարող Աստվածը երևաց ինձ Լուզում+՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ+։ 4 Նա ասաց. «Ես կբազմացնեմ և կշատացնեմ+ քեզ ու քեզնից ժողովուրդների ժողով+ առաջ կբերեմ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես հավիտենական կալվածք»+։ 5 Քո երկու որդիները, որոնց ունեցար Եգիպտոսում նախքան քեզ մոտ՝ Եգիպտոս գալս, իմն են+։ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի+ պես իմը կլինեն։ 6 Իսկ քո այն երեխաները, որոնք կծնվեն նրանցից հետո, քոնը կլինեն։ Նրանց ժառանգությունը իրենց եղբայրների անունով կլինի+։ 7 Երբ ես գալիս էի Փադանից+, Ռաքելը+ ճանապարհին Քանանի երկրում կողքիս մահացավ։ Եվ քանի որ մինչև Եփրաթա+ հասնելը դեռ շատ կար, նրան թաղեցի դեպի Եփրաթա, այսինքն՝ Բեթլեհեմ+ տանող ճանապարհին»։
8 Հետո Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին ու հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»+։ 9 Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված տվել է ինձ այստեղ»+։ Նա էլ ասաց. «Նրանց ինձ մոտ բեր, խնդրեմ, որ օրհնեմ նրանց»+։ 10 Իսրայելի տեսողությունը ծերության պատճառով թուլացել էր+, և նա չէր տեսնում։ Ուստի Հովսեփը նրանց մոտեցրեց, և նա համբուրեց ու գրկեց նրանց+։ 11 Իսրայելն ասաց Հովսեփին. «Մտքովս անգամ չէր անցնի, թե կտեսնեմ քո երեսը+, բայց Աստված թույլ տվեց, որ նույնիսկ քո զավակներին տեսնեմ»։ 12 Այդ ժամանակ Հովսեփը նրա ծնկներից մի կողմ տարավ նրանց ու երեսը մինչև գետին խոնարհեց+։
13 Հետո Հովսեփը նրանց երկուսին վերցրեց և մոտեցրեց իր հորը. Եփրեմին իր աջ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի ձախ կողմում+, իսկ Մանասեին՝ ձախ ձեռքով՝ Իսրայելի աջ կողմում+։ 14 Սակայն Իսրայելը մեկնեց իր աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին+, թեև նա կրտսերն էր+, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին+։ Նա միտումնավոր իր ձեռքերը այդպես դրեց, չնայած որ Մանասեն էր առաջնեկը+։ 15 Նա օրհնեց Հովսեփին ու ասաց+.
«Ճշմարիտ Աստված, որի առաջ իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը քայլեցին+,
Ճշմարիտ Աստված, որն իմ ամբողջ կյանքում հովվեց ինձ մինչև այսօր+,
16 Այն հրեշտակը*, որն ազատեց ինձ ամեն տեսակ փորձանքներից+, թող օրհնի տղաներին+։
Թող նրանք իմ անունով ու իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով կոչվեն+,
Եվ թող նրանք շատանան, մինչև որ բազմություն դառնան երկրի վրա»+։
17 Երբ Հովսեփը տեսավ, որ իր հայրը աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, դա նրան դուր չեկավ+, ուստի բռնեց հոր ձեռքը, որ Եփրեմի գլխի վրայից վերցնի ու դնի Մանասեի գլխին+։ 18 Հովսեփը հորն ասաց. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև առաջնեկը+ սա է։ Աջ ձեռքդ նրա՛ գլխին դիր»։ 19 Բայց հայրը մերժեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ։ Նա նույնպես ժողովուրդ կդառնա, և նա նույնպես մեծ կլինի+։ Այնուհանդերձ, նրա կրտսեր եղբայրը նրանից ավելի մեծ կլինի+, և նրա հետնորդները ամբողջական ազգեր կդառնան»+։ 20 Նա շարունակեց օրհնել+ նրանց այդ օրը և ասել.
«Իսրայելը քո անունով պիտի օրհնի ու ասի.
«Թող Աստված քեզ Եփրեմի և Մանասեի նման դարձնի»»+։
Այդպես նա Եփրեմին Մանասեից+ առաջ դրեց։
21 Այնուհետև Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես մեռնում եմ+։ Բայց Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր նախահայրերի երկիրը+։ 22 Ես երկրից քեզ մի մաս ավել եմ տալիս, քան քո եղբայրներին+։ Ես իմ սրով ու իմ աղեղով եմ այն վերցրել ամորհացիների ձեռքից»։