Ելք
26 «Խորանը պատրաստիր տասը պաստառներով+, որոնք պետք է գործված լինեն ոլորված բարձրորակ կտավից, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից և որդան կարմրով ներկված մանվածքից+։ Դրանց վրա քերովբեներ+ թող լինեն. դա ասեղնագործի աշխատանքն է։ 2 Ամեն մի պաստառի երկարությունը քսանութ կանգուն պիտի լինի, և ամեն մեկի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր պաստառների+ համար մեկ չափս պետք է լինի։ 3 Հինգ պաստառները պետք է իրար միացվեն որպես մեկ կտոր, մյուս հինգ պաստառներն էլ պետք է իրար միացվեն որպես մեկ կտոր+։ 4 Մեկ կտորի վերջին պաստառի ծայրին կապույտ թելից կապօղակներ պատրաստիր, նույնը արա նաև մյուս կտորի վերջին պաստառի ծայրին. դա կտորների միացման տեղն է+։ 5 Հիսուն կապօղակ պատրաստիր մեկ պաստառի վրա և հիսուն կապօղակ պատրաստիր այն պաստառի ծայրին, որը գտնվում է միացման մյուս տեղում, այնպես որ կապօղակները դեմ դիմաց լինեն+։ 6 Ոսկե հիսուն կեռեր պատրաստիր և այդ կեռերով պաստառները իրար միացրու. այդպես մեկ խորան կդառնա+։
7 Այծի մազից+ պաստառներ պատրաստիր խորանը ծածկելու համար։ Տասնմեկ պաստառ պատրաստիր։ 8 Ամեն մի պաստառի երկարությունը երեսուն կանգուն+ պիտի լինի, և ամեն մեկի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ պաստառների համար մեկ չափս պետք է լինի։ 9 Հինգ պաստառները միացրու իրար, վեց պաստառները նույնպես միացրու իրար+, իսկ վեցերորդ պաստառը, որ վրանի ճակատային մասում է, երկտակ ծալիր։ 10 Հիսուն կապօղակ պատրաստիր մեկ կտորի վերջին պաստառի ծայրին և հիսուն կապօղակ պատրաստիր այն պաստառի ծայրին, որը գտնվում է միացման մյուս տեղում։ 11 Պղնձե+ հիսուն կեռեր պատրաստիր և այդ կեռերն անցկացրու կապօղակների մեջ ու պաստառներն իրար միացրու, որպեսզի դրանք մեկ ամբողջություն դառնան+։ 12 Այն մասը, որ կմնա ծածկոցի պաստառներից, թող կախված լինի։ Պաստառից մնացած կես մասը թող կախված մնա խորանի հետևի կողմում։ 13 Պաստառների երկայնքից մնացած մասը պետք է կախված լինի խորանի կողքերից՝ մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն մյուս կողմից, որպեսզի երկու կողմերից ծածկեն այն։
14 Ծածկոցի համար ծածկ պատրաստիր խոյի՝ կարմիր ներկված կաշվից, դրա վրա էլ մի ծածկ՝ փոկի կաշվից։
15 Խորանի համար ակացիայի փայտից շրջանակներ+ պատրաստիր, որոնք պետք է կանգնած լինեն։ 16 Շրջանակի երկարությունը տասը կանգուն պիտի լինի, և ամեն մի շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 17 Ամեն մի շրջանակը պետք է իրար զուգահեռ երկու ելուստ ունենա։ Այդպես պատրաստիր խորանի բոլոր շրջանակները։ 18 Խորանի համար շրջանակներ պատրաստիր՝ քսան շրջանակ այն կողմի համար, որ դեպի Նեգև՝ դեպի հարավ է նայում։
19 Այդ քսան շրջանակների համար արծաթե քառասուն ակոսավոր պատվանդաններ+ պատրաստիր՝ երկու ակոսավոր պատվանդան՝ երկու ելուստ ունեցող մեկ շրջանակի տակ և երկու ակոսավոր պատվանդան՝ երկու ելուստ ունեցող մյուս շրջանակի տակ։ 20 Խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ+ 21 և դրանց համար քառասուն ակոսավոր արծաթե պատվանդաններ պատրաստիր՝ երկու ակոսավոր պատվանդան մեկ շրջանակի տակ և երկու ակոսավոր պատվանդան մյուս շրջանակի տակ+։ 22 Խորանի հետևի հատվածի՝ դեպի արևմուտք նայող կողմի համար վեց շրջանակ պատրաստիր+։ 23 Խորանի հետևի հատվածում երկու շրջանակ պատրաստիր որպես անկյունային հենակներ+։ 24 Դրանք ներքևից մինչև վերև պետք է բաղկացած լինեն երկու միանման մասերից, որոնք վերևում պետք է իրար միանան առաջին օղակի մոտ։ Երկուսն էլ այդպիսին պետք է լինեն։ Դրանք կծառայեն որպես երկու անկյունային հենակներ։ 25 Ութ շրջանակներ պետք է լինեն իրենց արծաթե ակոսավոր պատվանդաններով՝ տասնվեց պատվանդաններով. երկու ակոսավոր պատվանդան՝ մեկ շրջանակի տակ և երկու ակոսավոր պատվանդան՝ մյուս շրջանակի տակ։
26 Ակացիայի+ փայտից ձողեր պատրաստիր՝ հինգ հատ՝ խորանի մի կողմի շրջանակների համար 27 և հինգ ձող՝ խորանի մյուս կողմի շրջանակների համար, նաև հինգ ձող՝ խորանի արևմտյան, այսինքն՝ հետևի կողմի շրջանակների համար+։ 28 Մեջտեղի ձողը պետք է անցնի շրջանակների կենտրոնով մի ծայրից մինչև մյուս ծայրը։
29 Շրջանակները ոսկով+ պատիր ու դրանց համար ոսկե օղակներ պատրաստիր, որպեսզի ձողերն անցնեն դրանց միջով, և ձողերը ոսկով պատիր։ 30 Խորանը կանգնեցրու այն նախագծի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա+։
31 Կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից վարագույր+ պատրաստիր։ Դրա վրա քերովբեներ+ թող լինեն. դա ասեղնագործի աշխատանքն է։ 32 Այն ամրացրու չորս սյուների վրա, որոնք պատրաստված են ակացիայից ու պատված են ոսկով։ Դրանց սեպերը ոսկուց պետք է լինեն։ Սյուները պետք է չորս արծաթե ակոսավոր պատվանդանների վրա լինեն։ 33 Վարագույրը ամրացրու կեռերի տակ և վկայության տապանակը+ վարագույրից ներս բեր. վարագույրը ձեզ համար Սրբությունը+ պետք է բաժանի Սրբությունների Սրբությունից+։ 34 Եվ Սրբությունների Սրբությունում կափարիչը դիր վկայության տապանակի վրա։
35 Վարագույրից դուրս դիր սեղանը և սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում՝ ճրագակալը+, իսկ սեղանը դիր հյուսիսային կողմում։ 36 Վրանի մուտքի համար կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից մի վարագույր+ պատրաստիր. դա ջուլհակի աշխատանքն է։ 37 Վարագույրի համար ակացիայից հինգ սյուներ պատրաստիր և դրանք ոսկով պատիր։ Դրանց սեպերը ոսկուց պետք է լինեն։ Դրանց համար պղնձե հինգ ակոսավոր պատվանդան ձուլիր»։