Ղևտական
22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա, որ իրենց հեռու պահեն Իսրայելի որդիների սուրբ բաներից և չպղծեն իմ սուրբ անունը+, երբ դրանք սրբացնում են ինձ համար+։ Ես Եհովան եմ։ 3 Նրանց ասա. «Եթե ձեր սերունդներում ձեր հետնորդներից որևէ մեկը, լինելով անմաքուր+, մոտենա սուրբ բաներին, որոնք Իսրայելի որդիները կսրբացնեն Եհովայի համար, ապա այդ հոգին պետք է վերանա իմ առաջից։ Ես Եհովան եմ։ 4 Եթե Ահարոնի հետնորդներից մեկը բորոտ+ լինի կամ արտահոսում+ ունենա, ապա սուրբ բաներից չի կարող ուտել, մինչև որ չմաքրվի+, ինչպես նաև նա, ով դիպչի մեկին, որը անմաքուր է դարձել՝ մահացած հոգու դիպչելով+, կամ նա, ում սերմը ծորա+, 5 կամ նա, ով դիպչի որևէ անմաքուր արարածի+, որով վխտում է երկիրը, կամ էլ նա, ով դիպչի անմաքուր մարդու, ինչպիսի անմաքրություն էլ որ նա ունենա+։ 6 Այն հոգին, որը դիպչի նրանցից որևէ մեկին, մինչև երեկո անմաքուր կլինի և սուրբ բաներից ոչինչ չի կարող ուտել, մինչև որ իր մարմինը ջրով չլվանա+։ 7 Երբ արևը մայր մտնի, նա մաքուր կլինի և դրանից հետո կարող է ուտել սուրբ բաներից, որովհետև դա իր հացն է+։ 8 Բացի դրանից, նա չպետք է ուտի սատկած կամ գազանի կողմից հոշոտված որևէ կենդանու մարմին, որպեսզի անմաքուր չդառնա+։ Ես Եհովան եմ։
9 Նրանք պետք է պահեն իմ հանդեպ ունեցած իրենց պարտականությունը, որպեսզի չպահելու պատճառով մեղք չկրեն ու մեղքի պատճառով չմահանան+, քանի որ պղծեցին սուրբ բաները։ Ես Եհովան եմ՝ նրանց սրբացնողը։
10 Ոչ մի կողմնակի մարդ սուրբ բան չի կարող ուտել+։ Քահանայի հետ ապրող ոչ մի նորաբնակ, ոչ էլ որևէ վարձու աշխատող սուրբ բան չի կարող ուտել։ 11 Սակայն եթե քահանան իր փողով գնի մի մարդու*, ապա այդ մարդը կարող է ուտել այն։ Նրա հացը կարող են ուտել նաև իր տանը ծնված ծառաները+։ 12 Եթե քահանայի աղջիկը կողմնակի մարդու կինը դառնա, ապա սուրբ նվիրաբերություններից չի կարող ուտել։ 13 Բայց եթե քահանայի աղջիկը այրիանա կամ բաժանվի, եթե նա այդ ժամանակ զավակ չունի ու վերադառնա իր հոր տուն և այնտեղ մնա ինչպես իր պատանեկության ժամանակ+, ապա նա կարող է ուտել իր հոր հացից+, բայց ոչ մի կողմնակի մարդ չի կարող ուտել այն։
14 Եթե մի մարդ սխալմամբ+ սուրբ բան ուտի, ապա նա պետք է հատուցի վնասը, դրան ավելացնի սուրբ բանի հինգերորդ մասը+ և այդ ամենը տա քահանային։ 15 Քահանաները չպետք է պղծեն Իսրայելի որդիների սուրբ բաները, որոնք ժողովուրդը նվիրաբերում է Եհովային+, 16 և չպետք է պատճառ լինեն, որ սուրբ բաները ուտելու պատճառով նրանք պատժվեն իրենց հանցանքի համար. ես Եհովան եմ՝ նրանց սրբացնողը»»։
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու նրանց ասա. «Եթե Իսրայելի տնից որևէ մարդ կամ Իսրայելում եղող որևէ պանդուխտ իր ընծան+ բերի որպես երդում+ կամ կամավոր ընծա+, որոնք մատուցվում են Եհովային որպես ողջակեզ, 19 ապա հավանություն+ ստանալու համար այն պետք է անարատ+ և արու լինի խոշոր անասուններից, մատղաշ խոյերից կամ նոխազներից։ 20 Արատ ունեցող ոչ մի բան չմատուցեք+, քանի որ դրանով դուք հավանություն չեք ստանա։
21 Եթե որևէ մեկը խաղաղության զոհ+ բերի Եհովային որպես երդում+ կամ կամավոր ընծա, ապա հավանություն ստանալու համար այն պետք է լինի անարատ՝ խոշոր և մանր անասուններից։ Նա ոչ մի արատ չպետք է ունենա։ 22 Կույր, կոտրվածք, կտրվածք կամ գորտնուկ ունեցող, քոսոտ, որքինով հիվանդ+ ոչ մի կենդանի չբերեք Եհովային և դրանցից ոչ մեկը Եհովայի համար չդնեք զոհասեղանին որպես հրկիզվող ընծա+։ 23 Եթե ցլի կամ ոչխարի մարմնի անդամներից մեկը չափազանց երկար է կամ կարճ+, ապա նրան կարող ես մատուցել որպես կամավոր ընծա, սակայն եթե որպես երդում մատուցվի, այն հավանությամբ չի ընդունվի։ 24 Բայց եթե դրա ամորձիները+ ճզմված, ճմլված, պոկված կամ կտրված են, ապա այն չբերեք Եհովային ու ձեր երկրում այդպիսի ընծաներ չմատուցեք։ 25 Օտարականի ձեռքից սրանցից ոչ մեկը չբերեք որպես ձեր Աստծուն մատուցվող հաց, որովհետև դրանք վնասվածք ունեն։ Դրանք արատ+ ունեն և հավանությամբ չեն ընդունվի»»+։
26 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 27 «Եթե ցլիկ, գառ կամ ուլ ծնվի, ապա յոթ օր այն իր մոր տակ պետք է մնա+, բայց ութերորդ օրը և դրանից հետո այն հավանությամբ կընդունվի որպես ընծա՝ հրկիզվող ընծա Եհովայի համար։ 28 Ցուլը կամ ոչխարը իր ձագի հետ նույն օրը չմորթեք+։
29 Եթե Եհովային երախտագիտության զոհ մատուցեք+, ապա մատուցեք այնպես, որ հավանություն ստանաք։ 30 Այն հարկավոր է ուտել նույն օրը+։ Մինչև առավոտ նրանից ոչինչ չթողնեք+։ Ես Եհովան եմ։
31 Պահեք իմ պատվիրաններն ու կատարեք դրանք+։ Ես Եհովան եմ։ 32 Իմ սուրբ անունը չպղծեք+. ես պետք է սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ+։ Ես Եհովան եմ՝ ձեզ սրբացնողը+՝ 33 Նա, ով հանեց ձեզ Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինի+։ Ես Եհովան եմ»։