Թվեր
15 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Երբ մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ, և որում կլինեն ձեր բնակատեղերը+, 3 խոշոր կամ մանր անասուններից պետք է հրկիզվող ընծա՝ ողջակեզ+ կամ զոհ մատուցեք Եհովային+ կա՛մ հատուկ երդում կատարելու համար, կա՛մ որպես կամավոր ընծա+, կա՛մ էլ ձեր եղանակային տոներին+, որպեսզի դա հաճելի բուրմունք լինի Եհովայի համար+։ 4 Ընծա բերողը պետք է նաև հացի ընծա բերի Եհովային՝ բարձրորակ ալյուր+՝ արդուի* մեկ տասներորդ չափով՝ մեկ քառորդ հիմեն յուղով խառնած։ 5 Ողջակեզի կամ որպես զոհ մատուցվող յուրաքանչյուր արու գառան հետ պետք է նաև մատուցես մեկ քառորդ հիմեն գինի որպես ըմպելիքի ընծա+։ 6 Խոյի հետ պետք է մատուցես հացի ընծա՝ բարձրորակ ալյուր երկու տասներորդ չափով՝ մեկ երրորդ հիմեն յուղով խառնած։ 7 Նաև պետք է բերես մեկ երրորդ հիմեն գինի որպես ըմպելիքի ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային։
8 Իսկ եթե Եհովային խոշոր անասուններից եզ մատուցես որպես ողջակեզ+, որպես հատուկ երդում կատարելու համար զոհ+ կամ որպես խաղաղության զոհ+, 9 ապա խոշոր անասուններից վերցված եզի հետ հարկավոր է մատուցել հացի ընծա+՝ բարձրորակ ալյուր երեք տասներորդ չափով՝ կես հիմեն յուղով խառնած։ 10 Բացի դրանից, պետք է բերես կես հիմեն գինի որպես ըմպելիքի ընծա+՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային։ 11 Այսպես պետք է արվի յուրաքանչյուր ցլի, խոյի, արու գառան կամ նոխազի պարագայում։ 12 Որքան էլ որ լինեն, դրանցից յուրաքանչյուրն այդպես մատուցեք։ 13 Յուրաքանչյուր բնիկ հրկիզվող ընծա բերելիս, որի բուրմունքը հաճելի է Եհովային, սրանք այսպես պետք է մատուցի+։
14 Եթե ձեր մեջ որևէ մեկը բնակվի որպես պանդուխտ կամ ինչ-որ մեկը սերնդեսերունդ բնակվի ձեր մեջ և ուզենա հրկիզվող ընծա մատուցել, որի բուրմունքը հաճելի է Եհովային, ապա նա պետք է անի այնպես, ինչպես դուք եք անում+։ 15 Դուք, որ կազմում եք ժողովը, և ձեր մեջ բնակվող պանդուխտը մեկ կանոն պետք է ունենաք+։ Դա կանոն կլինի ձեզ համար սերնդեսերունդ։ Պանդուխտը և բնիկը նույնն են Եհովայի առաջ+։ 16 Ձեզ համար և ձեզ հետ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք ու մեկ դատավճիռ պետք է լինի»»+։
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Երբ մտնեք այն երկիրը, ուր տանում եմ ձեզ+, 19 ու երբ ուտեք այդ երկրի հացից+, պետք է նվիրաբերություն անեք Եհովային։ 20 Պետք է նվիրաբերեք օղակաձև հացեր՝ խոշոր աղացած առաջին+ ալյուրից պատրաստված։ Այն պետք է նվիրաբերեք այնպես, ինչպես նվիրաբերում եք այն, ինչը կալից է։ 21 Ձեր խոշոր աղացած առաջին ալյուրի մի մասը սերնդեսերունդ պետք է նվիրաբերեք Եհովային։
22 Իսկ եթե սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները+, որոնց մասին Եհովան խոսել է Մովսեսի հետ, 23 այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ ու ձեր սերունդներին կատարել՝ սկսած այն օրվանից, երբ Եհովան պատվիրեց, և դրանից հետո, 24 ապա եթե սխալը գործվել է ժողովի աչքից հեռու, ամբողջ ժողովը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է Եհովային, դրա հետ միասին նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա, ինչպես որ կարգն է+, նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա+։ 25 Քահանան Իսրայելի բոլոր որդիների համար քավություն կանի+, և նրանք կներվեն, քանի որ դա սխալմունք է եղել+, ու նրանք հրկիզվող ընծա են բերել Եհովային և իրենց սխալի համար մեղքի ընծա են բերել Եհովային։ 26 Այդ դեպքում Իսրայելի բոլոր որդիները և նրանց մեջ բնակվող պանդուխտը կներվեն+, որովհետև ամբողջ ժողովուրդը դա սխալմամբ է արել։
27 Եթե որևէ մեկը* առանց դիտավորության մեղք գործի+, ապա որպես մեղքի ընծա մինչև մեկ տարեկան այծ պետք է բերի+։ 28 Քահանան քավություն կանի այդ հոգու համար, որը սխալ է գործել՝ անգիտակցաբար մեղք գործելով Եհովայի առաջ. նա քավություն կանի դրա համար, և այդ մարդը կներվի+։ 29 Իսրայելի որդիների միջից բնիկի, ինչպես նաև նրանց մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի անգիտակցաբար գործված որևէ արարքի համար+։
30 Բայց եթե մի հոգի՝ լինի բնիկ թե պանդուխտ, ինչ-որ բան միտումնավոր անի+, ապա դա նույնն է, ինչ նա անարգանքով խոսի Եհովայի մասին+. այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից+։ 31 Քանի որ այդ հոգին Եհովայի խոսքն է արհամարհել+ ու նրա պատվիրանն է խախտել+, նա անպատճառ պետք է վերանա+։ Նրա հանցանքն իր վրա է»»+։
32 Մի անգամ, երբ Իսրայելի որդիները անապատում էին, տեսան մի մարդու, որը շաբաթ օրով փայտ էր հավաքում+։ 33 Եվ ովքեր տեսել էին նրան փայտ հավաքելիս, տարան Մովսեսի, Ահարոնի և ողջ ժողովի մոտ։ 34 Նրան կալանքի վերցրին+, որովհետև դեռ հստակ չէր ասվել, թե ինչ էր հարկավոր անել նրան։
35 Որոշ ժամանակ անց Եհովան ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի+, ողջ ժողովը թող քարկոծի նրան ճամբարից դուրս»+։ 36 Ուստի ողջ ժողովը նրան ճամբարից հանեց և, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին, քարկոծեց նրան, և նա մեռավ։
37 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 38 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց, որ սերնդեսերունդ իրենց հանդերձների փեշերին ծոպերիզներ պատրաստեն և փեշի ծոպերիզի+ վրայով կապույտ թել անցկացնեն։ Նրանց ասա. 39 «Այդ կապույտ թելը ծոպերիզ կլինի ձեզ համար, և այն տեսնելով՝ դուք կհիշեք Եհովայի բոլոր պատվիրաններն+ ու կկատարեք դրանք և ձեր սրտերին ու աչքերին չեք հետևի+, քանի որ դրանց հետևելով՝ դուք պոռնկություն եք անում*+։ 40 Այս ամենի նպատակն այն է, որ դուք հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները և սուրբ լինեք ձեր Աստծու համար+։ 41 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որը հանեց ձեզ Եգիպտոսի երկրից, որ ձեր Աստվածը լինի+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»+։