Ղուկաս
14 Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխաններից մեկի տուն՝ հաց ուտելու+։ Այնտեղ եղողները ուշադիր նրան էին նայում+։ 2 Նրա առաջ մի մարդ կար, որը ջրգողությամբ* էր տառապում։ 3 Հիսուսը Օրենքից լավատեղյակներին և փարիսեցիներին հարցրեց. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել, թե ոչ»+։ 4 Բայց նրանք լուռ մնացին։ Նա էլ դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ուղարկեց։ 5 Ապա հարցրեց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի որդին կամ ցուլը շաբաթ օրը ընկնի ջրհորը+, մի՞թե իսկույն դուրս չի հանի նրան»+։ 6 Եվ նրանք չկարողացան պատասխան տալ+։
7 Ապա նկատելով, թե ինչպես էին հրավիրվածները ամենապատվավոր տեղերն ընտրում՝ նա ասաց նրանց*+. 8 «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը+։ Գուցե քեզնից ավելի նշանավոր մեկն էլ հրավիրված լինի, 9 և ձեզ երկուսիդ հրավիրողը գա ու քեզ ասի. «Տեղդ այս մարդո՛ւն զիջիր»։ Եվ այդ ժամանակ ամաչելով վեր կկենաս ու ամենացածր տեղը կզբաղեցնես+։ 10 Բայց երբ հրավիրվում ես, գնա և նստիր ամենացածր տեղը+, որ երբ քեզ հրավիրողը գա, քեզ ասի. «Ընկե՛ր, ավելի պատվավոր տեղ զբաղեցրու»։ Այդ ժամանակ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ+։ 11 Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»+։
12 Հետո իրեն հրավիրողին Հիսուսն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր քո ընկերներին, եղբայրներին, ազգականներին կամ հարուստ հարևաններին։ Գուցե, ի պատասխան, նրանք էլ օրերից մի օր քեզ հրավիրեն, և դրանով քեզ փոխհատուցեն։ 13 Այլ երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին+, 14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և քո հատուցումը արդարների հարության+ ժամանակ կստանաս»։
15 Սա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»+։
16 Հիսուսն էլ նրան ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց+։ 17 Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք+, ամեն ինչ արդեն պատրաստ է»։ 18 Սակայն բոլորը մի մարդու պես սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել+։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 19 Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 20 Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել+, այդ պատճառով չեմ կարող գալ»։ 21 Եվ ծառան եկավ ու այս ամենը պատմեց իր տիրոջը։ Այդ ժամանակ տանտերը զայրացավ ու ասաց իր ծառային. «Շտապ գնա քաղաքի գլխավոր փողոցներն* ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին»+։ 22 Մի որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, կատարված է, և դեռ էլի տեղ կա»։ 23 Տերն էլ ասաց ծառային. «Գնա ճանապարհներն+ ու ցանկապատված տեղերը և ստիպիր մարդկանց գալ, որ տունս լցվի+։ 24 Ասում եմ ձեզ. այն հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»+։
25 Հիսուսի հետ մի մեծ բազմություն էր գնում, և նա շրջվեց ու ասաց. 26 «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում* իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, և իր իսկ հոգին+, նա չի կարող իմ աշակերտը լինել+։ 27 Ով որ չի կրում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել+։ 28 Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը+՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար։ 29 Այլապես, նա միգուցե հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել, և բոլոր տեսնողները սկսեն ծաղրել նրան՝ 30 ասելով. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»։ 31 Կամ ո՞ր թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմելու գնալիս նախ չի նստի և չի խորհրդակցի, թե տասը հազարանոց զորքով կկարողանա՞ դիմադրել նրան, որը քսան հազարով է գալիս իր դեմ+։ 32 Եթե չի կարող, ապա քանի դեռ մյուսը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղություն կխնդրի+։ 33 Այսպիսով՝ վստահ եղեք. ձեզանից նա, ով չի հրաժարվում իր ողջ ունեցվածքից+, չի կարող իմ աշակերտը լինել։
34 Ինչ խոսք, աղը լավ բան է։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը+։ 35 Այն ո՛չ հողի համար պիտանի կլինի, ո՛չ էլ գոմաղբի։ Մարդիկ այն դուրս կնետեն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։