Հեսու
4 Երբ ողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը+, Եհովան ասաց Հեսուին. 2 «Ժողովրդից տասներկու մարդ վերցրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ+, 3 պատվիրեք նրանց ու ասացեք. «Հորդանանի հենց մեջտեղից՝ այն տեղից, որտեղ քահանաների ոտքերը անշարժ կանգնած էին+, ձեզ համար տասներկու քար+ վերցրեք, տարեք ձեզ հետ ու դրեք այն տեղը, ուր որ այս գիշեր պիտի իջևանեք»»+։
4 Ուստի Հեսուն տասներկու մարդ+ կանչեց, որոնց նա նշանակել էր Իսրայելի որդիներից. ամեն ցեղից մեկ մարդ։ 5 Հեսուն ասաց նրանց. «Ձեր Աստված Եհովայի տապանակի մոտով առաջ անցեք դեպի Հորդանանի մեջտեղը և ամեն մեկդ մի քար վերցրեք ձեր ուսերին՝ Իսրայելի որդիների ցեղերի թվին համեմատ, 6 որպեսզի դա նշան լինի ձեր մեջ+։ Եթե հետագայում ձեր որդիները հարցնեն ու ասեն, թե՝ «ինչու եք այս քարերն այստեղ դրել»+, 7 դուք ասացեք նրանց. «Հորդանանի ջրերը կտրվեցին Եհովայի ուխտի տապանակի առաջ+։ Երբ այն անցնում էր Հորդանանի միջով, Հորդանանի ջրերը կտրվեցին, և այս քարերը դարեդար պետք է հիշեցում լինեն Իսրայելի որդիների համար»»+։
8 Իսրայելի որդիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Հեսուն պատվիրեց. Հորդանանի մեջտեղից տասներկու քար վերցրին՝ Իսրայելի որդիների ցեղերի թվին համեմատ+, ինչպես որ Եհովան ասել էր Հեսուին, իրենց հետ իջևանելու տեղը+ տարան ու դրեցին այնտեղ։
9 Հեսուն տասներկու ուրիշ քարեր էլ Հորդանանի մեջտեղում կանգնեցրեց՝ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերի կանգնած տեղում+, և մինչև օրս դրանք այնտեղ են։
10 Տապանակը կրող քահանաները Հորդանանի մեջտեղում+ կանգնեցին այնքան ժամանակ, մինչև որ կատարվեցին այն բոլոր բաները, որ Եհովան պատվիրել էր ժողովրդին Հեսուի միջոցով. այն ամենը, որ Մովսեսը Հեսուին պատվիրել էր+։ Ամբողջ ժողովուրդը շտապելով+ անցավ գետը։ 11 Երբ բոլորն անցան, այդ ժամանակ ժողովրդի աչքի առաջ քահանաներն էլ անցան Եհովայի տապանակի+ հետ։ 12 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը+ Իսրայելի որդիների աչքի առաջ մարտական կարգով+ անցան գետը, ինչպես որ նրանց ասել էր Մովսեսը+։ 13 Մոտավորապես քառասուն հազար սպառազինված մարդ Եհովայի առջևով գետն անցավ և դուրս եկավ Երիքովի անապատային հարթավայրերը՝ պատերազմելու։
14 Հենց այդ օրը Եհովան բարձրացրեց Հեսուին ամբողջ Իսրայելի աչքում+, և նրանք սկսեցին վախենալ նրանից նրա կյանքի բոլոր օրերում, ինչպես որ Մովսեսից էին վախենում+։
15 Այնուհետև Եհովան ասաց Հեսուին. 16 «Պատվիրի՛ր վկայության տապանակը+ կրող քահանաներին, որ դուրս գան Հորդանանից»։ 17 Ուստի Հեսուն պատվիրեց քահանաներին. «Դո՛ւրս եկեք Հորդանանից»։ 18 Եվ երբ Եհովայի ուխտի տապանակը կրող քահանաները+ Հորդանանի մեջտեղից դուրս եկան և իրենց ոտքերը+ դրեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը իրենց տեղը դարձան ու առաջվա պես դուրս եկան ափերից+։
19 Ժողովուրդը Հորդանանից դուրս եկավ առաջին ամսվա տասներորդ օրը ու բանակ դրեց Գաղգաղայում+՝ Երիքովի արևելյան սահմանի մոտ։
20 Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանանի միջից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում+ 21 և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ հետագայում ձեր որդիները իրենց հայրերին հարցնեն ու ասեն, թե՝ «ինչ են նշանակում այս քարերը»+, 22 ձեր որդիներին իմացրեք՝ ասելով. «Իսրայելը չոր հատակի վրայով անցավ այս Հորդանանը+, 23 երբ ձեր Աստված Եհովան նրանց առաջ ցամաքեցրեց Հորդանանի ջրերը, մինչև որ անցնեին գետը։ Այդպես էլ ձեր Աստված Եհովան արեց Կարմիր ծովում, երբ այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք+. 24 որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Եհովայի ձեռքը+ զորեղ է+, և որպեսզի դուք միշտ վախենաք+ ձեր Աստված Եհովայից»»։