1 Թագավորներ
Մի մարգարէ գալիս է Բեթէլ և մարգարէանում։ Յերոբովամի ձեռքը չորանում է։ Այն մարգարէն խաբվում է և առիւծիցը սպանվում։
13 Եւ ահա մի Աստուծոյ մարդ եկաւ Յուդայից Տիրոջ խօսքովը դէպի Բեթէլ, եւ Յերոբովամը կանգնած էր սեղանի վերայ խունկ ծխելու համար։ 2 Եւ կանչեց Տիրոջ խօսքովը դէպի սեղանը եւ ասեց. Ով սեղան, սեղան, Տէրն այսպէս է ասում. Ահա մի որդի կ’ծնուի Դաւիթի տան համար անունը Յովսիա, եւ նա քեզ վերայ կը զոհէ բարձրաւանդակների քահանաներին, որ քեզ վերայ խունկ են ծխում, եւ մարդի ոսկորներ կ’այրեն քեզ վերայ։ 3 Եւ այն օրը մի նշան տուաւ ասելով. Այս է այն նշանը, որ ասել է. Ահա սեղանը կ’պատառուի, եւ նորա վերայի մոխիրը կը թափուի։
4 Եւ եղաւ երբոր թագաւորը լսեց Աստուծոյ մարդի այն խօսքը, որ կանչեց Բեթէլում եղած սեղանի վերայ, այն ժամանակ Յերոբովամը մեկնեց իր ձեռքը սեղանի վերայից ասելով. Բռնեցէք դորան. բայց չորացաւ նորա ձեռքը, որ մեկնել էր նորա վերայ, եւ չ’կարողացաւ նորան ետ քաշել դէպի իրան։ 5 Եւ սեղանը պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան, որ Աստուծոյ մարդը Տիրոջ խօսքովը տուել էր։ 6 Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց Աստուծոյ մարդին. Քո Տէր Աստուծուն աղօթք արա եւ խնդրիր ինձ համար, որ իմ ձեռքը ետ դառնայ դէպի ինձ. եւ Աստուծոյ մարդը Տիրոջն աղօթք արաւ, եւ թագաւորի ձեռքը ետ դառաւ դէպի իրան եւ առաջուայ պէս եղաւ։ 7 Եւ թագաւորն ասեց Աստուծոյ մարդին. Ինձ հետ եկ տուն, եւ ճաշիր, եւ ես քեզ պարգեւներ տամ։ 8 Բայց Աստուծոյ մարդն ասեց թագաւորին. Եթէ ինձ քո տան կէսն էլ տալու լինես, քեզ հետ չեմ ուտիլ եւ ջուր չեմ խմիլ այս տեղում։ 9 Որովհետեւ ինձ այսպէս հրամայուեցաւ Տիրոջ խօսքովը թէ Հաց չ’ուտես եւ ջուր չ’խմես եւ այն ճանապարհով ետ չ’դառնաս որով գնացիր։ 10 Եւ նա ուրիշ ճանապարհով գնաց, եւ ետ չ’դառաւ այն ճանապարհովը, որով գնացել էր Բեթէլ։
11 Եւ մի ծեր մարգարէ էր բնակվում Բեթէլումը. եւ նորա որդին եկաւ եւ իրան պատմեց այն բոլոր բաները, որ Աստուծոյ մարդն այն օրը արել էր Բեթէլումը, եւ այն խօսքերը, որ ասել էր թագաւորին, պատմեցին իրանց հօրը։ 12 Եւ իրանց հայրն ասեց նորանց. Ո՞ր ճանապարհով գնաց։ Եւ ցոյց տուին որդիքը այն ճանապարհը, որով այն Աստուծոյ մարդը գնացել էր, որ եկաւ Յուդայիցը։ 13 Եւ նա ասեց իր որդիներին. Էշը պատրաստեցէք ինձ համար. եւ էշը պատրաստեցին նորա համար, եւ նա հեծաւ նորա վերայ։ 14 Եւ գնաց Աստուծոյ մարդի ետեւից եւ գտաւ նորան մի բեւեկնիի տակին նստած, եւ ասեց նորան. Դո՞ւ ես այն Աստուծոյ մարդը, որ եկար Յուդայից, եւ նա ասեց. Ես եմ։ 15 Եւ նորան ասեց. Ինձ հետ եկ իմ տունը եւ հաց կեր։ 16 Եւ նա ասեց. Չեմ կարող քեզ հետ ետ դառնալ եւ քեզ հետ գնալ եւ հաց չեմ ուտիլ ու ջուր չեմ խմիլ քեզ հետ այստեղ։ 17 Որովհետեւ Տիրոջ խօսքովն ինձ խօսք եղաւ թէ Այնտեղ հաց չ’ուտես եւ ջուր չ’խմես. ետ չ’դառնաս գնալու այն ճանապարհովը, որով դու գնացիր։ 18 Եւ նա ասեց նորան. Ես էլ մարգարէ եմ քեզ պէս, եւ մի հրեշտակ խօսեց ինձ հետ Տիրոջ խօսքովն ասելով. Նորան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտէ եւ ջուր խմէ. բայց սուտ ասեց նորան։
19 Եւ նա ետ դառաւ նորա հետ եւ հաց կերաւ նորա տանը եւ ջուր խմեց։ 20 Եւ նորանք սեղան նստած էին, եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան դարձնող մարգարէին. 21 Եւ նա կանչեց Յուդայից եկած Աստուծոյ մարդին՝ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ դու անհնազանդութիւն արիր Տիրոջ խօսքին եւ չ’պահեցիր քո Տէր Աստուծոյ քեզ պատուիրած պատուէրը. 22 Եւ ետ դառար եւ հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղը, որի համար քեզ ասեց թէ Հաց չ’ուտես եւ ջուր չ’խմես. ահա քո դիակը չ’մտնէ քո հայրերի գերեզմանը։
23 Եւ երբոր նա հաց էր կերել եւ ջուր էր խմել, նա պատրաստեց այն իր ետ դարձրած մարգարէի էշը։ 24 Եւ նա գնաց. բայց ճանապարհին մի առիւծ գտաւ նորան եւ մեռցրեց նորան, եւ նորա դիակն ընկած էր ճանապարհումը եւ էշը կշտին կանգնած. եւ առիւծն էլ կանգնել էր դիակի կշտին։ 25 Եւ ահա այն ճանապարհովը անցնողներ կային, որ տեսան դիակը ճանապարհումն ընկած եւ առիւծը կանգնած դիակի կշտին, եւ եկան ու ասեցին քաղաքումը, ուր որ այն ծեր մարգարէն բնակվում էր։ 26 Եւ սա լսեց նորան իր ճանապարհիցը ետ դարձնող մարգարէն եւ ասեց. Նա այն Աստուծոյ մարդն է, որ Տիրոջ խօսքին անհնազանդութիւն է արել. եւ Տէրը նորան մատնել է առիւծին, որ նորան պատառել է եւ մեռցրել՝ Տիրոջ նորան ասած խօսքի պէս։ 27 Եւ իր որդկանցը հետ խօսեց ասելով. Էշը պատրաստեցէք ինձ համար. եւ նորանք պատրաստեցին նորան։ 28 Եւ նա գնաց ու գտաւ նորա դիակը ճանապարհումը ընկած, եւ էշն ու առիւծը կանգնած դիակի կշտին. առիւծը չէր կերել դիակը եւ չէր պատառել էշին։ 29 Եւ մարգարէն վեր առաւ Աստուծոյ մարդի դիակը եւ դրաւ էշի վերայ եւ ետ բերաւ նորան. եւ ծեր մարգարէն մտաւ քաղաքը, որ սուգ անէ եւ նորան թաղէ։ 30 Եւ նորա դիակը դրաւ իր գերեզմանի մէջ եւ սուգ արաւ նորա վերայ. Վա՜յ եղբայր։ 31 Եւ եղաւ որ նորան թաղելուց յետոյ, խօսեց իր որդկանց հետ ասելով. Ես մեռած ժամանակս՝ ինձ այն գերեզմանում թաղեցէք, որի մէջ թաղուած է այդ Աստուծոյ մարդը, նորա ոսկորների կշտին դրէք իմ ոսկորները։ 32 Որովհետեւ անպատճառ պիտի կատարուի այն խօսքը որ Տիրոջ խօսքովը խօսեց Բեթէլում եղող սեղանի եւ այն բարձրաւանդակների ամեն տների վերայ որ Սամարիայի քաղաքներումն են։
33 Այս բանից յետոյ էլ Յերոբովամը ետ չ’դառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի մասերից* բարձրաւանդակների համար քահանաներ շինեց, ուզողին՝ ձեռքերը լցնում էր*, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում։ 34 Եւ այս բանը առիթ եղաւ Յերոբովամի տան մեղք անելուն, որ կորչի եւ բնաջինջ լինի երկրիս երեսից։