1 Թագավորներ
Դաւիթի կտակը և մահը։ Սողոմոնի գահակալութիւնը և թագաւորութեան սկզբի խստութիւնը։
2 Եւ Դաւիթի մեռնելու օրերը մօտեցան, եւ նա պատուիրեց իր Սողոմոն որդիին ասելով. 2 Ես գնում եմ ամեն երկրի ճանապարհը. բայց դու քաջացիր եւ արի եղիր։ 3 Եւ պահիր քո Տէր Աստուծոյ պահպանութիւնը որ գնաս նորա ճանապարհներովը, որ պահես նորա պատուիրանքները, հրամանները, իրաւունքները եւ վկայութիւնները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքումը, որպէս զի յաջողուես ամեն արած բանումդ եւ ամեն ուր որ դառնաս։ 4 Որպէս զի Տէրը հաստատէ այն խօսքը որ ասեց իմ մասին ասելով. Եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհները, որ իմ առաջին գնան հաւատարմութեամբ իրանց բոլոր սրտովը ու բոլոր հոգիովը, ասեց. Պակաս չի լինիլ քեզանից մի մարդ Իսրայէլի աթոռի վերայ։ 5 Ու նաև գիտես դու Շարուհեան Յովաբի ինձ արածը, որ արաւ Իսրայէլի երկու զօրագլուխներին՝ Ներեան Աբեններին եւ Յեթերեան Ամեսայիին, որ նորանց սպանեց, եւ պատերազմի արիւն թափեց խաղաղ ժամանակում. եւ պատերազմի արիւն ածեց իր մէջքի գօտիի եւ իր ոտքի կօշիկի վերայ։ 6 Եւ դու քո իմաստութեան համեմատ անես որ նորա ալեւորութիւնը խաղաղութեամբ գերեզման չ’իջեցնես։ 7 Բայց Գաղաադացի Բերզելիի որդկանցը ողորմութիւն անես, որ քո սեղանի վերայ ուտողների հետ լինեն, որովհետեւ ինձ այնպէս մօտեցան քո եղբայր Աբիսողոմի երեսից փախչելիս։ 8 եւ ահա Բաւուրիմացի Բենիամինեան Գերայի որդի Սեմէին քեզ մօտ է. նա ինձ սաստիկ անէծքով անիծել է, երբոր ես Մանայիմ էի գնում, եւ նա իջաւ Յորդանան ինձ դիմաւորելու ու ես երդում արի նորան Տէրով, թէ Քեզ սրով չեմ սպանիլ։ 9 Եւ հիմա դու նորան անմեղ չ’համարես, որովհետեւ դու իմաստուն մարդ ես եւ գիտես թէ նորան ինչ պիտի անես, որ նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնես։
10 Եւ Դաւիթը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը։ 11 Եւ Դաւիթի Իսրայէլի վերայ թագաւորութիւն արած օրերը քառասուն տարի էին. Քեբրոնումը թագաւորութիւն էր արել եօթը տարի եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ երեսունեւերեք տարի։
12 Եւ Սողոմոնը նստեց իր հօր Դաւիթի աթոռի վերայ, եւ նորա թագաւորութիւնը շատ հաստատուեցաւ։
13 Եւ Ագգիթի որդի Ադոնիան եկաւ Սողոմոնի մօր Բերսաբէի մօտ, եւ նա ասեց՝ Խաղաղութեա՞մբ է քո գալուստը. նա էլ ասեց՝ խաղաղութեամբ։ 14 Եւ ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ, եւ Բերսաբէն ասեց՝ Ասիր։ 15 Նա էլ ասեց՝ Դու գիտես որ թագաւորութիւնը իմն էր դառել, եւ բոլոր Իսրայէլն իրանց երեսը դէպի ինձ էին դարձրել որ ես թագաւորեմ, բայց թագաւորութիւնը շուռ տուաւ եւ դառաւ իմ եղբօրը. որովհետեւ Տէրիցը եղաւ նորան։ 16 Եւ հիմա ես քեզանից մէկ խնդիրք եմ խնդրում. Ինձ անտես մի անիր. եւ նա ասեց նորան՝ Ասիր։ 17 Եւ Ադոնիան ասեց. Ասիր Սողոմոն թագաւորին՝ ըստ որում նա քեզ անտես չի անիլ, որ նա ինձ կին տայ Սունամացի Աբիսակը։ 18 Եւ Բերսաբէն ասեց. Լաւ, ես կ’խօսեմ քո մասին թագաւորի հետ։
19 Եւ Բերսաբէն գնաց Սողոմոն թագաւորի մօտ Ադոնիայի մասին նորա հետ խօսելու, եւ թագաւորը վեր կացաւ նորան դիմաւորելու եւ երկրպագեց նորան եւ նստեց իր աթոռի վերայ, եւ թագաւորի մօր համար աթոռ դրին, եւ նա նստեց աջ կողմին։ 20 Եւ Բերսաբէն ասեց. Ես քեզանից մի փոքր խնդիրք եմ խնդրում, ինձ անտես մի անիր. եւ թագաւորն ասեց նորան. Խնդրիր, մայր իմ, որովհետեւ ես քեզ անտես չեմ անիլ։ 21 Բերսաբէն էլ ասեց. Թող Սունամացի Աբիսակը տրուի քո եղբայր Ադոնիային կին լինելու։ 22 Եւ Սողոմոն թագաւորը պատասխանեց եւ ասեց իր մօրը. էլ ի՞նչու համար ես միայն Սունամացի Աբիսակը խնդրում Ադոնիայի համար, ուրեմն նորա համար թագաւորութիւնն էլ խնդրիր. որովհետեւ նա իմ եղբայրն է՝ ինձանից մեծ, նորա համար եւ Աբիաթար քահանայի համար եւ Շարուհեան Յովաբի համար։ 23 Եւ Սողոմոն թագաւորը երդում արաւ Տէրովը՝ թէ Աստուած ինձ այսպէս անէ եւ էլ աւելի անէ, որ Ադոնիան այդ խօսքը իր կեանքի դէմ է խօսել։ 24 Եւ արդ կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հօր՝ Դաւիթի աթոռի վերայ եւ որ ինձ համար տուն շինեց ինչպէս որ ասել էր, որ այսօր պիտի մեռնի Ադոնիան։ 25 Եւ Սողոմոն թագաւորը ուղարկեց Յովիադայի որդի Բանեային, որ զարկեց նորան, եւ նա մեռաւ։
26 Եւ Աբիաթար քահանային ասեց թագաւորը. Գնա Անաթովթ քո արտերը. որովհետեւ մահուան արժանի ես դու, եւ ես այսօր քեզ չեմ մեռցնիլ, որովհետեւ իմ հօր՝ Դաւիթի առաջին կրել ես Տէր Եհովայի տապանակը, եւ որովհետեւ դու էլ նեղութիւն քաշեցիր այն ամեն բանի մէջ, ուր որ իմ հայրը նեղութիւն քաշեց։ 27 Եւ Սողոմոնը դուրս արաւ Աբիաթարին Տիրոջ քահանայութիւնից, որպէս զի կատարուի Տիրոջ խօսքը, որ ասել էր Հեղիի տան վերայ Սելովումը։
28 Եւ այս լուրը հասաւ Յովաբին. թէեւ Յովաբը հետեւել էր Ադոնիային, բայց Աբիսողոմին չէր հետեւել. եւ Յովաբը փախաւ Տիրոջ վրանը եւ բռնեց սեղանի եղջիւրներիցը։ 29 Եւ Սողոմոն թագաւորին պատմեցին թէ Յովաբը փախել է Տիրոջ վրանը, եւ ահա սեղանի կշտին է։ Եւ Սողոմոնը Յովիադայի որդի Բանեային ուղարկեց ասելով. Գնա նորան սպանիր։ 30 Եւ Բանեան Տիրոջ վրանը եկաւ եւ ասեց նորան. Այսպէս է ասում թագաւորը՝ դուրս եկ. իսկ նա ասեց՝ Ոչ, ես այստեղ եմ մեռնելու. եւ Բանեան ետ դարձրեց այս խօսքը թագաւորին՝ ասելով թէ Յովաբն այսպէս ասեց եւ ինձ այսպէս պատասխանեց։ 31 Եւ թագաւորն ասեց նորան՝ Արա ինչպէս որ ասել է, եւ սպանիր նորան ու թաղիր. եւ հեռացրու ինձանից եւ իմ հօր տանից այն անմեղ արիւնը որ Յովաբը թափել է։ 32 Եւ Տէրը նորա արիւնը նորա գլխին դարձնէ, որ իրանից արդար եւ լաւ մարդկանց զարկեց ու սպանեց սրով առանց իմ հօր գիտութեան՝ այսինքն Իսրայէլի զօրագլուխ Ներեան Աբեններին եւ Յուդայի զօրագլուխ Յեթերեան Ամեսայիին։ 33 Եւ նորանց արիւնը դառնայ Յովաբի գլխին յաւիտեան. իսկ Դաւիթին ու նորա սերունդին եւ նորա տանն ու աթոռին խաղաղութիւն լինի Տէրիցը յաւիտեան։ 34 Եւ Յովիադայի որդի Բանեան վեր գնաց ու զարկեց նորան սպանեց, եւ նա թաղուեցաւ իր տանը՝ անապատումը։ 35 Եւ Յովիադայի որդի Բանեային նորա տեղը զօրքի վերայ կարգեց, եւ թագաւորը Սադովկ քահանային Աբիաթարի տեղը դրաւ։
36 Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Քեզ համար Երուսաղէմումը մի տուն շինիր եւ այնտեղ բնակուիր. եւ այնտեղից դուրս չ’գաս այս կամ այն կողմ։ 37 Եւ այն օրը որ դուրս եկար եւ Կեդրոն հեղեղատովն անցար, հաստատ իմանաս, որ անպատճառ պիտի մեռնես, քո արիւնը քո գլուխը լինի։ 38 Եւ Սէմէին ասեց թագաւորին. Այդ խօսքը բարի է. ինչպէս որ ասեց իմ թագաւորը, այնպէս պիտի անէ ծառադ. եւ Սեմէին շատ ժամանակ բնակուեց Երուսաղէմում։
39 Եւ եղաւ որ երեք տարիից յետոյ Սեմէիի երկու ծառաները փախան Գէթի թագաւոր Մաաքայի որդի Անքուսի մօտ. եւ Սեմէիին իմացրին թէ Ահա քո ծառաները Գէթումն են։ 40 Եւ Սեմէիին վեր կացաւ եւ համետեց իր էշը եւ գնաց Գէթ՝ Անքուսի մօտ իր ծառաները որոնելու. եւ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերաւ Գէթիցը։ 41 Եւ Սողոմոնին իմացրին թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գէթ եւ ետ դառել։ 42 Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Չէ՞ որ քեզ երդում տուի Տէրով եւ վկայեցի քեզ ասելով թէ Այն օրը որ դուրս եկար եւ այս կամ այն կողմը գնացիր, իմանաս որ անպատճառ պիտի մեռնես. եւ դու ինձ ասեցիր Այդ խօսքը բարի է որ լսեցի։ 43 Ապա ի՞նչու համար չ’պահեցիր Տիրոջ երդումը եւ այն պատուէրը, որ ես քեզ պատուիրեցի։ 44 Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Հիմա գիտենաս, որ քո սրտի իմացած բոլոր չարութիւնը, որ իմ հօր Դաւիթին արել ես, Տէրը քո չարութիւնը քո գլխին է դարձնում։ 45 Եւ օրհնեալ է Սողոմոն թագաւորը, եւ Դաւիթի աթոռը հաստատ է Տիրոջ առաջին յաւիտեան։ 46 Եւ թագաւորը հրամայեց Յովիադայի որդի Բանեային, եւ նա գնաց ու զարկեց նորան, եւ նա մեռաւ. եւ թագաւորութիւնը հաստատուեցաւ Սողոմոնի ձեռքումը։