1 Թագավորներ
Թագաւորի պալատի շինութիւնը։ Երկու սիւները։ Տաճարի անօթները։
7 Եւ Սողոմոն իր տունը շինեց տասնեւերեք տարիում ու վերջացրեց բոլորովին։
2 Եւ շինեց նաեւ Լիբանանի անտառի տունը. հարիւր կանգուն երկայն, եւ յիսուն կանգուն լայն եւ երեսուն կանգուն բարձր, չորս կարգ եղեւնափայտ սիւների վերայ, եւ եղեւնափայտի կոճղեր սիւների վերայ։ 3 Եւ վերեւից քառասունեւհինգ սիւների վերայ եղող սենեակների վերայով ծածկուած էր եղեւնափայտով, տասնեւհինգ սիւնը մէկ կարգ։ 4 Եւ երեք կարգ կամարներ կային, եւ պատուհան պատուհանի դէմ երեք անգամ։ 5 Եւ բոլոր դռները եւ դրանդիքը քառակուսի էին կամարակապ. եւ մի պատուհան միւս պատուհանի դէմ ու դէմ երեք անգամ։
6 Եւ սիւների սրահը շինեց, երկայնութիւնը յիսուն կանգուն եւ երեսուն կանգուն լայնութիւնը, եւ (մի) սրահ նորանց առաջին։ 7 Նաեւ աթոռի սրահը շինեց ուր որ դատաստան էր անում, ատեանի սրահը. եւ նա ծածկուած էր եղեւնափայտով յատակիցը մինչեւ յատակ։
8 Եւ նորա տունը, ուր որ նա բնակվում էր միւս գաւիթում՝ սրահի ներսումը, այս շէնքի նման էր. եւ այս սրահի պէս մի տուն շինեց Փարաւօնի աղջկան համար որին Սողոմոն առել էր։ 9 Սորանք ամենքը պատուական քարերից էին շինուած, որոնք չափով տաշուած՝ սղոցով սղոցուած ներսեւանց եւ դրսեւանց հիմնիցը մինչեւ առաստաղը եւ դրսիցը մինչեւ մեծ գաւիթը։ 10 Եւ հիմը պատուական քարերից՝ մեծ մեծ քարերից էր, տասը կանգուն քարերից եւ ութ կանգուն քարերից։ 11 Եւ նորա վերեւից պատուական քարեր տաշած քարերի չափովը՝ եւ եղեւնափայտ։ 12 Եւ մեծ գաւիթը շուրջանակի երեք կարգ տաշած քարերից էր, եւ մէկ կարգ եղեւնափայտի կոճղեր. նոյնպէս եւ էր Տիրոջ տան ներսի գաւիթը եւ տան սրահը։
13 Եւ Սողոմոն թագաւորը մարդ ուղարկեց ու Քիրամին բերաւ Տիւրոսից։ 14 Նա Նեփթաղիմի ցեղից մի որբեւայրի կնկայ որդի էր, եւ նորա հայրը մի Տիւրացի պղնձագործ էր. եւ նա լիքն էր իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով պղնձի ամեն տեսակ գործքերը գործելու համար. եւ նա եկաւ Սողոմոն թագաւորի մօտ եւ կատարեց նորա բոլոր գործերը։ 15 Եւ նա ձուլեց այն երկու պղնձի սիւները. մէկ սիւնի բարձրութիւնը տասնեւութը կանգուն. եւ մի տասնեւերկու կանգունանոց թել շրջապատում էր միւս սիւնը. 16 Եւ երկու խոյակ շինեց սիւների գլխին դնելու համար՝ ձուլածոյ պղնձից. մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ միւս խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն։ 17 Ցանցակերպ ցանցեր և շղթայագործ հիւսվածքներ շինեց սիւների գլխին եղող խոյակների համար. եօթը մէկ խոյակի համար, եւ եօթը միւս խոյակի համար։ 18 Եւ շինեց սիւները, եւ երկու կարգերը շուրջանակի մէկ ցանցի վերայ որ ծածկէ խոյակները որ նռների վերայ էին. նոյնպէս էլ արաւ միւս խոյակին։ 19 Եւ խոյակները, որ սիւների գլխին էին, շուշանագործ էին՝ սրահումը՝ չորս կանգուն։ 20 Եւ երկու սիւների վերայի խոյակները ճիշդ վերը ցցուածքի վերայ էին որ ցանցի մօտ էր. եւ շուրջանակի երկու հարիւր կարգ նռներ միւս սիւնի վերայ։ 21 Եւ սիւները կանգնեցրեց տաճարի սրահումը. եւ կանգնեցրեց աջի սիւնը, եւ նորա անունը դրաւ Յաքին*. եւ կանգնեցրեց ձախի սիւնը, եւ նորա անունը դրաւ Բոոզ*։ 22 Եւ սիւների գլուխների վերայ շուշանաձեւ գործ կար. այսպէս վերջացաւ սիւների գործը։
23 Նոյնպէս շինեց ձուլածոյ ծովը՝ տասը կանգուն այն շրթունքից մինչեւ միւս շրթունքը՝ բոլորաձեւ շուրջանակի. եւ հինգ կանգուն բարձրութիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան նորան շրջապատում էր շուրջանակի։ 24 Եւ շուրջանակի նորա շրթունքի տակովը պատում էին նորան կոճակներ՝ տասը՝ մէկ կանգունում, որ շուրջանակի պատում էին ծովը, երկու կարգ կոճակներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։ 25 Նա կենում էր տասնեւերկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, եւ երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին արեւելք. եւ ծովը վերեւիցը նորանց վերայ էր. եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։ 26 Եւ նորա հաստութիւնը ձեռքի չափ, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։
27 Եւ տասը պղնձի մեքենովթները շինեց, չորս կանգուն իւրաքանչիւր մեքենովթի երկարութիւնը եւ չորս կանգուն լայնութիւնը, եւ երեք կանգուն բարձրութիւնը։ 28 Եւ այս էր մեքենովթի գործը, նորանք սպառուածներ ունէին, եւ սպառուածները անկիւնների յօդուածների մէջտեղն էին. 29 Եւ անկիւնների յօդուածների մէջտեղը եղող սպառուածների վերայ առիւծներ, եզներ եւ քերովբէներ կային. անկիւնների յօդուածների վերայ էլ նոյնպէս վերեւիցը, եւ առիւծների եւ եզների տակից կախուած պսակներ։ 30 Եւ իւրաքանչիւր մեքենովթ չորս պղնձի անիւ եւ պղնձի առանցքներ ունէր. եւ չորս անկիւններին ուսեր ունէին. աւազանի տակին ուսերը ձուլածոյ էին իւրաքանչիւր կախուած զարդի կշտին։ 31 Եւ նորա բերանը խոյակի նման եւ դէպի վեր մէկ կանգուն, եւ նորա բերանը բոլորակ էր խարիսխի գործ, մէկ ու կէս կանգուն. նոյնպէս էլ բերանքի վերայ քանդակուածներ եւ սպառուածներ քառակուսի եւ ոչ բոլորակաձեւ։
32 Եւ չորս անիւները սպառուածների տակին, եւ անիւների առանցքները մեքենովթումն էին. եւ իւրաքանչիւր անիւի բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն էր։ 33 Եւ անիւների գործը կառքի անիւի գործ էր. նորանց առանցքները, պարանոցները, շառաւիղները եւ գունտերը բոլորը ձուլածոյ էին։ 34 Եւ իւրաքանչիւր մեքենովթի չորս անկիւնի վերայ չորս ուսեր, ուսերը մեքենովթիցը։ 35 Եւ մեքենովթի գլխին կէս կանգուն բարձրութեամբ բոլորակ կար շուրջանակի. եւ մեքենովթի գլխի վերայ նորա ունկերը եւ սպառուածները իրանից էին։ 36 Եւ նորա ունկերի տախտակների վերայ եւ նորա սպառուածների վերայ քերովբէներ, առիւծներ եւ արմաւենիներ քանդակեց իւրաքանչիւրի յարմարութեամբը, եւ շուրջանակի կախուած զարդեր։ 37 Այսպէս շինեց այն տասը մեքենովթները. ամենի ձուլուածքը, չափը, ձեւը մէկ էր։
38 Եւ տասը հատ պղնձի աւազաններ շինեց. իւրաքանչիւր աւազան քառասուն մար էր տանում, իւրաքանչիւր աւազանը չորս կանգուն էր. ամեն մի աւազան մէկ մեքենովթի վերայ էր. այն տասը մեքենովթների վերայ։ 39 Եւ հինգ մեքենովթը դրաւ տաճարի աջ կողմի ծայրին, եւ հինգը ձախ կողմի ծայրին, եւ ծովը դրաւ տաճարի աջ կողմին արեւելքում դէպի հարաւ։
40 Եւ Քիրամը շինեց աւազանները եւ թիակները եւ կոնքերը. եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը որ արաւ Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը։ 41 Այսինքն երկու սիւները, եւ գունտ խոյակները, որ այն երկու սիւների գլուխներին էին, եւ սիւների գլխին եղող երկու գունտ խոյակները ծածկելու համար շինուած երկու ցանցերը։ 42 Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէր այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են. 43 Եւ տասը մեքենովթները եւ տասը աւազանները մեքենովթների վերայ։ 44 Եւ մէկ ծովը, եւ տասնեւերկու եզները ծովի տակին։ 45 Եւ սաները եւ թիակները եւ կոնքերը եւ այս բոլոր կարասիները, որ Քիրամը շինեց Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տանը փայլուն պղնձից։ 46 Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարթանի մէջտեղ։ 47 Եւ Սողոմոնը տեղաւորեց այս բոլոր կարասիները. խիստ շատ շատութեան համար պղնձի չափը չ’որոշուեցաւ։
48 Եւ Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ տիրոջ տանն էին, այսինքն ոսկի սեղանը եւ այն սեղանը որի վերայ լինում էին առաջաւորութեան հացը՝ ոսկիից։ 49 Եւ ճրագակալները՝ հինգը աջ կողմից եւ հինգը ձախ կողմից դաբիրի առաջին՝ մաքուր ոսկիից, եւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից։ 50 Եւ գաւաթները, բազմակալները, կոնքերը, խնկամանները եւ բուրվառները մաքուր ոսկիից, եւ ներքին տան՝ այսինքն սրբութեանց սրբութիւնի դռների, տանը՝ այսինքն տաճարի դռների, ոսկի ծղխնիները։
51 Եւ այսպէս կատարուեցաւ ամեն գործ, որ Սողոմոն թագաւորն արաւ Տիրոջ տանը. եւ Սողոմոնը տարաւ իր հայր Դաւիթի նուիրած արծաթը, ոսկին եւ կարասիները դրաւ Տիրոջ տան գանձարանումը։