2 Տարեգրություն
Մանասէի կռապաշտութիւնը, գերութիւնը, դարձը և աղօթքը։ Նորա կռապաշտ յաջորդը՝ Ամոնը սպանվում է։
33 Մանասէն տասներկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը։ 2 Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց քշել էր Եհովան Իսրայէլի որդկանց առաջից։ 3 Եւ դարձեալ շինեց այն բարձրաւանդակները, որ քանդել էր նորա հայր Եզեկիան. եւ Բահաղիմի համար սեղաններ կանգնեցրեց, եւ Աստարովթներ շինեց, եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ, եւ նորանց ծառայեց։ 4 Եւ սեղաններ շինեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր թէ Իմ անունը Երուսաղէմումը լինի յաւիտեան։ 5 Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։ 6 Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։ 7 Եւ իր շինած քանդակած կուռքը դրաւ Աստուծոյ տանը, որի համար Աստուած ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։ 8 Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չ’շարժեցնեմ այն երկրիցը, որի մէջ հաստատեցի ձեր հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածը՝ այն բոլոր օրէնքը եւ պատուիրանքը եւ իրաւունքները՝ Մովսէսի ձեռքով տրուած։ 9 Եւ Մանասէն մոլորեցրեց Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին,որ այն ազգերից աւելի չարութիւն անեն, որոնց փչացրեց Տէրը Իսրայէլի որդկանց առաջին։ 10 Եւ Տէրը խօսեց Մանասէի եւ նորա ժողովրդի հետ. բայց նորանք ականջ չ’դրին։
11 Եւ Տէրը նորանց վերայ բերաւ Ասորեստանի թագաւորի զօրագլուխներին, եւ նորանք բռնեցին Մանասէին կարթերով, եւ նորան կապեցին զույգ ոտնակապերով եւ տարին Բաբիլոն։ 12 Եւ երբոր նեղութեան մէջ էր, խնդրեց իր Տէր Ասստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը։ 13 Եւ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած։ 14 Եւ սորանից յետոյ մի պարիսպ շինեց Դաւիթի քաղաքից դուրս Գեհոնի արեւմտեան կողմումը հեղեղատումը եւ մինչեւ Ձկան դռան մուտքը, եւ Ոփաղը շրջապատելով՝ նորան շատ բարձրացրեց. եւ Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը զօրքի իշխաններ դրաւ։ 15 Եւ Տիրոջ տանից հեռացրեց օտար աստուածները եւ կուռքը, եւ բոլոր այն սեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան սարի վերայ եւ Երուսաղէմումը եւ քաղաքիցը դուրս գցեց նորանց։ 16 Եւ շինեց Տիրոջ սեղանը եւ նորա վերայ զոհեց խաղաղութեան եւ շնորհակալութեան զոհեր. եւ պատուիրեց Յուդային, որ Իսրայէլի Տէր Աստուծուն ծառայեն ։ 17 Սակայն ժողովուրդը տակաւին զոհում էր, բարձրաւանդակների վերայ թէեւ իրանց Տէր Աստուծոյ համար։
18 Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա աղօթքը դէպի Աստուած, եւ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունով նորա հետ խօսող տեսանողների խօսքերը, ահա նորանք Իսրայէլի թագաւորների պատմութեան մէջ են։ 19 Եւ նորա աղօթքը, եւ նորա ընդունուիլը, եւ նորա բոլոր մեղքը եւ անօրէնութիւնը, եւ այն տեղերը, ուր որ բարձրաւանդակներ էր շինել եւ Աստարովթներ ու կուռքեր կանգնեցրել իր խոնարհուելուցն առաջ, ահա դորանք գրուած են Հոզայի յիշատակարանումը։ 20 Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր տանը, եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։
21 Ամոնը քսաներկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը։ 22 Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, ինչպէս որ արել էր իր հայր Մանասէն, եւ այն ամեն կուռքերին, որոնք իր հայր Մանասէն շինել էր, Ամոնը զոհեր մատուցրեց եւ նորանց ծառայեց։ 23 Եւ չ’խոնարհուեցաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ իր հայր Մանասէն էր խոնարհուել, այլ այս Ամոնը յանցանքը աւելացրեց 24 Եւ նորա ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ նորան սպանեցին իր տանը։ 25 Եւ երկրի ժողովուրդը զարկեց Ամոն թագաւորի դէմ դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։