Հոբ
Ամբարիշտը կորուստն է գնում, բայց ով որ Աստուծոյ առաջին խոնարհուի, նա կ’փրկուի։
5 Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։
2 Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. եւ նախանձը մեռցնում է անմիտին.
3 Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։
4 Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու փրկող չ’կար.
5 Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են* տալիս նորանց ստացուածքը։
6 Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։
7 Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։
8 Սակայն ես Աստուծոյ մոտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը,
9 Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։
10 Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,
11 Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։
12 Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։
13 Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։
14 Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։
15 Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։
16 Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։
17 Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։
18 Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։
19 Նա վեց նեղութիւններից քեզ կ’ազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։
20 Սովի ժամանակին նա քեզ կ’ազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։
21 Լեզուի խարազանից կ’ծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։
22 Կործանման ու սովի վերայ կը ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։
23 Որովհետեւ դաշտի քարերի հետ կ’լինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կ’խաղաղանան քեզ համար։
24 Եւ դու կ’իմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կ’այցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։
25 Եւ կ’գիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։
26 Ալեւորած կ’գնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։
27 Ահա այս քննել ենք, այսպէս է. մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։