Սաղմոսներ
Զանազան նեղութիւններից ազատուածների գոհութեան երգը։
107 Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը:
2 Տիրոջ փրկուածաներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը:
3 Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովից*:
4 Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չ’գտան:
5 Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.
6 Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
7 Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան:
8 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
9 Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով:
10 Նորանք որ նստում են խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.
11 Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.
12 Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չ’կար որ օգներ.
13 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
14 Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
15 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին:
16 Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.
17 Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութին քաշեցին.
18 Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.
19 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
20 Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը:
21 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
22 Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով:
23 Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.
24 Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում:
25 Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. նորա ալիքները բարձրացրեց .
26 Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.
27 Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ:
28 Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վշտերիցը:
29 Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. եւ նորա ալիքները հանգստացան.
30 Եւ նորանք ուրախացան որ դադարեց. եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.
31 Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար, որ արաւ մարդկանց որդիներին:
32 Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան:
33 Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր:
34 Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար:
35 Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.
36 Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար:
37 Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն:
38 Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. եւ նորանց անասունները չէ պակասեցնում.
39 Դարձալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից:
40 Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.
41 Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։
42 Ուղիղներն այս կ’տեսնեն եւ ուրախ կ’լինին. եւ ամեն անօրէնութիւն կ’խփէ իր բերանը:
43 Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. եւ նա կ’հասկանայ Տիրոջ ողորմութիւնները: