Ելք
Օրէնքներ գողութեան և ուրիշ յանցանքների մասի։
22 Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ: 2 Եթէ գողը տուն ծակէլիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չ’կայ: 3 Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չ’ունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի: 4 Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ:
5 Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ: 6 Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չ’հնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ:
7 Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ. 8 Եթէ գողը չ’գտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել: 9 Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. եւ դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն:
10 Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չ’լինի, 11 Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չ’դպցնելու համար. եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չ’հատուցանէ: 12 Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ: 13 Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, եւ գիշատուածը չ’հատուցանէ:
14 Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չ’լինելով, ինքը անպատճառ հատուցանէ: 15 Բայց եթէ նորա տէրը հետն էր, չ’հատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ:
16 Եթէ մէկը չ’նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ եւ նորան իր համար կին առնէ: 17 Եթէ նորա հայրը բնաւ չ’ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ:
18 Կախարդը չ’թողես ապրէ:
19 Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի:
20 Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի:
21 Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք: 22 Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք: 23 Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը. 24 Եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. եւ ձեռ կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին։
25 Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր: 26 Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու: 27 Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. ինչո՞վ պիտի պառկէ. եւ կ’լինի որ երբոր ինձ աղաղակէ, կ’լսեմ, որովհետեւ ես ողորմած եմ.
28 Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր:
29 Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիները մի ուշացնիր. քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս: 30 Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս:
31 Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չ’ուտէք. շներին պիտի գցեք նորան: