Եսայիա
Կեղծաւորների պատիժը։ Նոր Երուսաղէմի փրկութիւնը և նորա տարածութիւնը մինչև ամենահեռաւոր հեթանոսները։ Վերջին դատաստանը։
66 Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար: 2 Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին:
3 Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է: Նորանք էլ են ընտրել իրանց ճանապարհները, եւ իրանց սրտին հաճելի են իրանց կուռքերը. 4 Ես էլ եմ ընտրում իրանց թշուառութիւնները, եւ նորանց վախեցած բաները պիտի բերեմ նորանց վերայ, որովհետեւ ես կանչեցի եւ պատասխանող չ’կար, խօսեցի եւ նորանք չ’լսեցին, եւ չարութիւն արին իմ աչքի առաջին, եւ իմ չ’ուզած բանը ընտրեցին:
5 Լսեցէք Տիրոջ խօսքը դուք, որ դողում էք նորա խօսքից. ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում են եւ անարգում են իմ անունի համար՝ Թող Տէրը փառաւորուի, եւ մենք տեսնենք ձեզ ուրախութեան մէջ. բայց նորանք պիտի ամաչեն:
6 Աղաղակի ձայն կայ քաղաքիցը, մի ձայն՝ տաճարիցը. Տիրոջ ձայնը, որ հատուցանում է իր թշնամիներին հատուցումը: 7 Դեռ չ’երկնած ծնեց, դեռ երկունքը չ’եկած՝ արու զաւակով ազատուեցաւ: 8 Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ այսպիսի բան տեսել, մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում, կամ մէկ ազգը մէկ անգամում է ծնվում, որ Սիօնը երկնում եւ իսկոյն ծնում է իր որդկանցը: 9 Ես որ բերում եմ ծնելու կէտին՝ ծնել չե՞մ տալ, ասում է Տէրը, կամ ես որ ծնել եմ տալիս՝ պիտի կապէի՞ ասում է քո Աստուածը: 10 Երուսաղէմի հետ ուրախացէք. եւ բերկրացէք նորանով, դուք ամենքդ որ նորան սիրում էք. ուրախացէք նորա հետ ուրախութիւնով, ով դուք ամենքդ, որ նորա հետ սուգ էիք անում: 11 Որովհետեւ պիտի ծծէք եւ կշտանաք նորա մխիթարութեան ստինքիցը, որպէս զի դիէք եւ զուարճանաք նորա փառաց առատութիւնիցը:
12 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա ես բերում եմ խաղաղութիւնը նորա վերայ գետի պէս, եւ յորդահոս վտակի պէս՝ ազգերի փառքը. եւ դուք պիտի ծծէք, գրկի մէջ պիտի վեր առնուիք, եւ ծունկերի վերայ պիտի գգվուիք: 13 Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կ’մխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք: 14 Եւ պիտի տեսնէք, եւ ձեր սիրտերն ուրախանան. եւ ձեր ոսկորները պիտի կանաչ խոտի պէս ծաղկեն, եւ պիտի յայտնուի Տիրոջ ձեռքը իր ծառաների վերայ, եւ բարկութիւնը՝ նորա թշնամիների վերայ: 15 Որովհետեւ ահա Տէրը գալիս է կրակով եւ մրրկի պէս՝ նորա կառքերը. որ իր բարկութիւնը գործ դնէ եռանդով, եւ իր սպառնալիքը՝ կրակի բոցով: 16 Որովհետեւ կրակով դատելու է Տէրը, եւ իր սրովը՝ բոլոր մարմինը. եւ շատ են լինելու Տիրոջ սպանածները:
17 Իրանց սրբողները եւ իրանց մաքրողները պարտէզների համար մէկ մէկի ետեւից մէջտեղը, որոնք խոզի միս են ուտում եւ պիղծ բան եւ մուկ, մէկտեղ պիտի բնաջինջ լինեն, ասում է Տէրը: 18 Եւ ես նորանց գործերնեւ նորանց խորհուրդներն գիտեմ. եւ ժամանակը կ’գայ որ բոլոր ազգերն ու լեզուները ժողովեմ, եւ նորանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն: 19 Եւ ես նորանցում նշան պիտի դնեմ, եւ նորանցից պիտի ուղարկեմ իբրեւ ազատուածներ ազգերի մօտ, այսպինքն Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնաւորներին, Թոբէլ եւ Յաւան. այն հեռու կղզիները, որ չեն լսել իմ համբաւը եւ չեն տեսել իմ փառքը, եւ նորանք պիտի պատմեն իմ փառքը ազգերի մէջ: 20 Եւ նորանք պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին բոլոր ազգերից իբրեւ ընծայ Տիրոջ համար ձիերով եւ կառքով, գահաւորակներով, ջորիներով եւ տաճիկ ուղտերով իմ սուրբ սարը՝ Երուսաղէմ, ասում է Տէրը. ինչպէս որ Իսրայէլի որդիքն մաքուր ամանով ընծայ են բերում Տիրոջ տունը: 21 Եւ նորանցից էլ եմ առնելու քահանաներ եւ Ղեւտացիներ, ասում է Տէրը: 22 Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը: 23 Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը: 24 Եւ նորանք պիտի դուրս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար: