Երեմիա
Երեմիան մնում է Գոդողիայի մօտ, որ չէ հաւատում թէ իրան դէմ դաւաճանութիւն կայ։
40 Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ երբոր Նաբուզարդան դահճապետը նորան Ռամայից արձակել էր եւ յետոյ նորան կապել շղթաներով այն բոլոր Երուսաղէմի եւ Յուդայի գերիների մէջ, որ գերի էին տարվում Երուսաղէմ։
2 Եւ դահճապետը առաւ Երեմիային եւ նորան ասեց. Քո Տէր Աստուածը խօսել է այս չարիքը այս տեղի վերայ. 3 Եւ բերել է եւ արել է Տէրը ինչպէս որ խօսել էր, որովհետեւ դուք մեղանչել էք Տիրոջ դէմ եւ չէլ լսել նորա ձայնին, եւ ձեզ եղաւ այս բանը։ 4 Եւ հիմա ես ահա այսօր քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վերայ են. եթէ քո աչքերին հաճելի է երեւում ինձ հետ Բաբիլոն գնալը, եկ, եւ ես իմ աչքը քեզ վերայ կ’դնեմ. իսկ եթէ վատ է երեւում քո աչքին ինձ հետ Բաբիլոն գնալը, թող մնայ. տես՝ բոլոր երկիրը քո առաջին է. ուր որ լաւ եւ ուղիղ է երեւում քո աչքին գնալու՝ գնա։ 5 Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չ’դառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։
6 Եւ Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ այն ժողովրդի մէջ, որ մնացել էր երկրումը։
7 Եւ երբոր լսեցին դաշտումը եղող զօրքերի գլխաւորները՝ իրանք եւ իրանց մարդիկը, որ Բաբիլոնի թագաւորը վերակացու է դրել երկրի վերայ Աքիկամի որդի Գոդողիային եւ նորան յանձնել է այն մարդկանցն ու կանանցը եւ երեխաներին եւ երկրի աղքատ լինողներիցը, որոնցից Բաբիլոն գերի չէին տարուած, 8 Եկան Մասփա Գոդողիայի մօտ, այինքն Նաթանիայի որդի Իսմայէլիը եւ Կարէի որդիքը Յօհանանը եւ Յովնաթանը, եւ Թանհումեթի որդի Սարայիան եւ Նետոփաթացի Եփայի որդիքը եւ Մաքաթիի որդի Յեզոնիան՝ իրանք եւ իրանց մարդիկը։ 9 Եւ Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը, ասելով. Մի վախենաք Քաղդէացիներին ծառայելուց. բնակուեցէք այս երկրում եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կ’լինի։ 10 Եւ ահա ես կենում եմ Մասփայում, որ կանգնեմ այս Քաղդէացիների առաջին որ գալիս են մեզ մօտ, եւ դուք գինի եւ ամառային պտուղներ եւ իւղ ժողովեցէք եւ դրէք ձեր ամաններումը եւ բնակուեցէք ձեր քաղաքներումը, որոնք բռնած էք։ 11 Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, 12 Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը Գոթողիայի մօտ. եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։
13 Եւ Կարէի որդի Յօհանանը եւ դաշտումը եղող բոլոր զօրավարները եկան Մասփա Գոդողիայի մօտ. 14 Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չ’հաւատաց։ 15 Եւ Կարէի որդի Յօհանանը ասեց Մասփայում ծածուկ Գոդողիային՝ թէ թող գնամ եւ սպանեմ Նաթանիայի որդի Իսմայէլին, եւ ոչ մի մարդ չ’իմանայ. ի՞նչու համար նա սպանէ քո անձը, եւ ցրուին բոլոր Հրէայքը, որոնք ժողովուել են քեզ մօտ եւ կորչէ Հրէից մնացորդը։ 16 Եւ Աքիկամի որդի Գոդողիան ասեց Կարէի որդի Յօհանանին. Մի անիր այդ բանը, որովհետեւ դու սուտ ես խօսում Իսմայէլի մասին։