Եզեկիել
Մարդս իր մեղքի համար կ’մեռնէ։ Տէրը ցանկանում է մեղաւորի դարձը։
18 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2 Ի՞նչ էք դուք այդ առակը ասում Իսրայէլի երկրումը ասելով. Հայրերը ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան։ 3 Ես կենդանի եմ, ասում է Տէր Եհովան, որ այս առակը այլ եւս պիտի չ’ասէք Իսրայէլումը։ 4 Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։ 5 Եթէ մէկ մարդ արդար է եւ գործէ իրաւունք եւ արդարութիւն, 6 Սարերի վերայ չ’ուտէ, եւ աչքերը չ’բարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ իր ընկերի կնկանը չ’պղծէ, եւ իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չ’մօտենայ։ 7 Եւ մարդի չ’զրկէ, նորա պարտքի գրաւը ետ դարձնէ, բռնութիւով բան չ’յափշտակէ, իր հացը սովածին տայ, եւ մերկին հանդերձ հագցնէ, 8 Վաշխով փող չ’տայ եւ տոկոս չ’առնէ, իր ձեռքը ետ քաշէ անօրէնութիւնից, ճշմարիտ դատաստան անէ մէկի եւ միւսի մէջտեղը, 9 Նա իմ օրէնքներովն է գնում եւ իմ իրաւունքները պահում է որ ճշմարտութիւնը անէ. նա արդար է. նա անպատճառ պիտի ապրէ, ասում է Տէր Եհովան։
10 Եւ եթե նա ծնէ մի անիրաւ եւ արիւնահեղ որդի, եւ նա սորանցից միայն մէկիցն անէ. 11 Այսինքն նա այս ամենը չ’անէ, այլ սարերի վերայ ուտէ էլ, եւ իր ընկերի կնկանը պղծէ, 12 Խեղճին եւ աղքատին զրկէ, յափշտակութիւններ անէ, գրաւը ետ չ’դարձնէ, եւ իր աչքերը բարձրացնէ դէպի կուռքերը՝ պղծութիւն գործէ, 13 Վաշխով փող տայ եւ տոկոս առնէ. մի՞թէ նա կ’ապրէ. նա չի ապրիլ, որ անում է այս բոլոր պղծութիւնները, նա պետք է անշուշտ մեռնէ. նորա արիւնը իր վերայ լինի։
14 Կամ թէ ահա մի որդի ծնէ, եւ նա տեսնէ իր հօր արած բոլոր մեղքերը եւ վախենայ եւ այնպէս չ’անէ. 15 Սարերի վերայ չ’ուտէ, եւ իր աչքերը վեր չ’բարձրացնէ դէպի Իսրայէլի տան պղծութիւնները, իր ընկերի կնկանը չ’պղծէ. 16 Եւ մէկ մարդի չ’զրկէ, գրաւ չ’առնէ, եւ յափշտակութիւն չ’անէ, իր հացը սովածին տայ եւ մերկին ծածկէ հագուստով, 17 Խեղճին ետ քաշէ իր ձեռքը, վաշխ եւ տոկոս չ’առնէ, իմ դատաստանները գործադրէ, իմ օրէնքներումը վարուի. նա պիտի չ’մեռնէ իր հօր անօրէնութիւններովը. նա անշուշտ պետք է ապրէ։ 18 Նորա հայրը, որովհետեւ զրկանք արաւ եւ իր եղբօրից բան յափշտակեց, եւ արաւ այն, ինչ որ լաւ չէր, իր ազգի մէջ, եւ ահա նա պիտի մեռնէ իր անօրէնութիւնովը։
19 Եւ դուք ասում էք. Ի՞նչու չ’կրէ որդին հօր անօրէնութիւնը։ Որովհետեւ որդին իրաւունք եւ արդարութիւն գործեց, իմ բոլոր օրէնքները պահեց եւ նորանց կատարեց, նա պետք է անշուշտ ապրէ։ 20 Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չ’կրէ հօր անօրէնութիւնը. եւ հայրը պիտի չ’կրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։ 21 Եւ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցթ որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, 22 Նորա արած բոլոր յանցանքները պիտի չ’յիշուին նորան. իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։ 23 Մի՞թէ ես երբէք կ’ուզէմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ 24 Բայց եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կ’ապրէ. նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չ’յիշուի. նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։
25 Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։ 26 Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։ 27 Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կ’ապրեցնէ իր անձը. 28 Որովհետեւ տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չ’մեռնէ։
29 Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։ 30 Վասն որոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չ’դառնայ։ 31 Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով Իսրայէլի տուն։ 32 Որովհետեւ ես հաճութիւն չ’ունիմ մեռնողի մեռնելուն, ասում է Տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։