Եզեկիել
Տիւրոս քաղաքի աւերմունքի մարգարէութիւնը։
26 Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. 2 Մարդի որդի, որովհետեւ Տիւրոսը Երուսաղէմի վերայ ասեց՝ Վա՜շ կոտորուեցան ժողովուրդների դռները, դէպի ինձ է շուռ տալիս. ես պիտի լցուիմ. նա անապատ է դառնում. 3 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։ 4 Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ նորա չոր ապառաժը պիտի շինեմ։ 5 Նա ուռկան փռելու տեղ պիտի դառնայ ծովի մէջ, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան. եւ նա ազգերին աւար պիտի դառնայ։ 6 Եւ նորա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանուին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
7 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ թագաւորների թագաւորներին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։ 8 Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանէ, եւ քեզ դէմ մարտկոց պիտի շինէ, եւ քեզ դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնէ, եւ քեզ դէմ վահան պիտի բարձրացնէ. 9 Եւ իր կործանիչ մեքենաները պիտի դնէ քո պարիսպների դէմ եւ քո աշտարակները պիտի քանդէ իր տապարներովը։ 10 Նորա ձիերի շատութիւնից քեզ պիտի ծածկէ նորանց փոշին. ձիաւորների, անիւների եւ կառքերի դղրդիւնիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբոր նա մտնէ քո դռներովը ինչպէս որ կոտրուած քաղաքը կ’մտնեն։ 11 Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։ 12 Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։ 13 Եւ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, եւ քո քնարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի։ 14 Եւ ես քեզ պիտի չոր ապառաժ շինեմ. ուռկան փռելու տեղ պիտի դառնաս. այլեւս պիտի չ’շինուիս. որովհետեւ ես Տէրս եմ խօսել, ասում է Տէր Եհովան։
15 Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չ’սասանեն։ 16 Եւ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրանց աթոռների վերայից եւ պիտի հանեն իրանց պատմուճանները եւ իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, գետնի վերայ պիտի նստեն եւ պիտի սարսափեն ամեն վայրկեան, եւ պիտի ապշեն քեզ վերայ։ 17 Եւ ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ի՜նչպէս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։ 18 Հիմա պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, եւ ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը։
19 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես քեզ այն անբնակ քաղաքների պէս աւերակ քաղաք շինելիս՝ անդունդը քեզ վերայ հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը, 20 Եւ քեզ գուբը իջնողների հետ այն յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս եւ քեզ տակի երկրումը յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս եւ քեզ տակի երկրումը յաւիտենական ավերակներումը նստեցնելիս գուբը իջնողների հետ որպէս զի չ’բնակուիս, այն ժամանակ ես փառք կ’դնեմ կենդանեաց երկրումը։ 21 Քեզ սոսկման առարկայ կ’շինեմ, եւ դու պիտի ոչնչանաս, եւ դու պիտի որոնուիս, բայց պիտի այլ եւս չ’գտնուիս յաւիտեան, ասում է Տէր Եհովան։