Եզեկիել
Եգիպտոսի դէմ։
29 Տասներորդ տարուայ տասներորդ ամսի տասներկուսին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով. 2 Մարդի որդի, երեսդ դարձրու դեպի Եգիպտոսի Փարաւօն թագաւորը, եւ մարգարէացիր նորա դէմ եւ բոլոր Եգիպտոսի դէմ. 3 Խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր, ով մեծ վիշապ որ պառկում ես գետերումդ, որ ասում ես. Իմ գետը իմն է, եւ ես եմ շինել ինձ համար։ 4 Բայց ես քո կզակներին կարթեր եմ անցկացնելու եւ քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, եւ քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաեւ քո գետերի բոլոր ձկները, որ կպած կ’լինեն քո թեփերին։ 5 Եւ քեզ դէն պիտի գցեմ անապատը եւ քո գետերի բոլոր ձկները. դու դաշտի երեսի վերան ես ընկնելու, դու պիտի չ’ժողովուիս եւ պիտի չ’հաւաքուիս. ես քեզ տալիս եմ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին իբրեւ կերակուր։ 6 Եւ Եգիպտոսի բոլոր բնակիչները կ’գիտենան, որ ես եմ Տէրը. որովհետեւ նորանք եղէգի ցուպ եղան Իսրայէլի տան համար։ 7 Նորանք քեզ ձեռքիցդ բռնելիս, դու կոտորուեցար եւ նորանց բոլոր թիկունքները ճղեցիր. եւ նորանք քեզ վերայ կռնելիս, դու փշրուեցար եւ կանգնեցրիր* նորանց երանքները։
8 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես սուր եմ բերում քեզ վերայ, եւ քեզանից պիտի փչացնեմ մարդն ու անասունը։ 9 Եւ Եգիպտոսի երկիրը պիտի ամայի եւ անապատ դառնայ, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, որովհետեւ նա ասեց. 10 Գետը իմն է, եւ ես եմ շինել։ Դորա համար ահա ես քեզ դէմ եւ քո գետերի դէմ եմ. եւ Եգիպտոսի երկիրը անապատների անապատի պէս ամայի պիտի շինեմ Մագդողից մինչեւ Սուհէն եւ մինչեւ Եթէովպացիների սահմանը։ 11 Նորանով մարդի ոտք չ’պիտի անց կենայ, եւ անասունի ոտք չ’պիտի անց կենայ նորանով. եւ նա բնակուած չ’պիտի լինի քառասուն տարի։ 12 Եւ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց ցիրուցան անեմ երկիրների մէջ։
13 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Քառասուն տարիից յետոյ ես պիտի ժողովեմ Եգիպտացիներին այն ազգերից, ուր որ ցրուած են եղել։ 14 Եւ ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերութիւնը, եւ ետ պիտի տանեմ նորանց Պաթուրեսի երկիրը՝ իրանց ծագման երկիրը, եւ նորանց այնտեղ մի ցած թագաւորութիւն պիտի լինեն։ 15 Թագաւորութիւններից ցածը պիտի լինի, եւ այլեւս պիտի չ’բարձրանայ ազգերի վերայ. եւ ես նորանց պիտի քիչացնեմ որ չ’տիրեն ազգերի վերայ. 16 Եւ այլեւս պիտի Իսրայէլի տան համար ապաստանարան չ’լինի՝ անօրէնութիւն յիշեցնելով նորանց ետեւից հետեւելով։ Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէր Եհովան։
17 Եւ եղաւ քսանեւեօթերորդ տարուայ առաջին ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 18 Մարդի որդի, Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը իր զօրքը մեծ ծառայութեան համար ծառայեցրեց Տիւրոսի դէմ. ամեն գլուխ կնտացաւ, եւ ամեն ուս պլոկուեցաւ. բայց մի վարձք չ’եղաւ նորան եւ նորա զօրքին Տիւրոսիցը այն նորա դէմ արած ծառայութեան համար։ 19 Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես տալիս եմ Եգիպտոսի երկիրը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին. եւ նա պիտի վեր առնէ նորա առատութիւնը եւ կողոպտէ նորա կողոպուտը եւ յափշտակէ նորա զօրքին։ 20 Իբրեւ վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նորան Եգիպտոսի երկիրը. որովհետեւ ինձ համար են արել. ասում է Տէր Եհովան։ 21 Այն օրը մի եղջիւր պիտի բուսցնեմ Իսրայէլի տան համար, եւ քեզ էլ բերանի բացութիւն պիտի տամ նորանց մէջ. եւ նորանց պիտի իմանան որ ես եմ Տէրը։