Ղևտական
Մարդկանց վերայ և հագուստի վերայ երեւացող բորոտութիւն։
13 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով. 2 Եթէ մի մարդի մարմնի մորթումը ուռեցք կամ քոս կամ պաղպաջ լինի եւ նորա մարմնի մորթումը բորոտութեան ախտ դառնայ, այն ժամանակ նա Ահարօն քահանայի կամ նորա որդիների՝ քահանաների մէկի մօտ տարուի: 3 Եւ քահանան նայէ մարմնի մորթում եղած ախտին. եւ եթէ ախտի միջի մազերը սպիտակի է փոխուել, եւ ախտը մարմնի մորթիցը խոր է երեւում, բորոտութեան ախտ է այն. եւ քահանան պիտի նայէ նորան՝ եւ անմաքուր հրատարակէ նորան: 4 Իսկ եթէ նորա մարմնի մորթի մէջ պաղպաջը սպիտակ է՝ եւ մորթիցը խոր չէ երեւում, եւ մազն էլ սպիտակի չէ փոխուել, այն ժամանակ քահանան եօթը օր արգելուած պահէ ախտակիրին: 5 Եւ քահանան եօթներորդ օրը նայէ նորան, եւ եթէ ախտը իր կերպովը մնում է, եւ մորթի մէջ չէ տարածուել, այն ժամանակ քահանան եօթն օր էլ արգելուած պահէ նորան: 6 Եւ քահանան եօթներորդ օրը դարձեալ նայէ նորան, եւ եթէ ախտը շլացած լինի, եւ մորթի մէջ տարածուած չ’լինի, քահանան նորան մաքուր հրատարակէ. դա քոս է, եւ նա իր հանդերձները լուանայ, եւ մաքուր է: 7 Բայց եթէ քոսը տարածուելու լինի մորթումը նորա մաքրուելու համար քահանայից նայուելուց յետոյ, քահանային դարձեալ պիտի երեւայ: 8 Եւ քահանան նայէ, եւ եթէ քոսը մորթումը տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. բորոտութիւն է:
9 Երբոր մի մարդի վերայ բորոտութեան ախտը լինի, նա քահանայի մօտ պիտի տարուի: 10 Եւ քահանան պիտի նայէ. եւ եթէ մորթի մէջ սպիտակ ուռեցք կայ՝ եւ սպիտակի է փոխուել մազը՝ եւ ուռեցքի մէջ ողջ մսի կտոր կայ, 11 Սա նորա մտրմնի մորթումը հնացած բորոտութիւն է, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ, արգելուած չ’պահէ նորան, որովհետեւ անմաքուր է նա:
12 Եւ եթէ բորոտութիւնը տարածուել է մորթի մէջ, եւ ախտակիրի բոլոր մորթը գլխիցը մինչեւ ոտքը, այսինքն քահանայի աչքերի բոլոր տեսած տեղը բորոտութիւնը պատել է, 13 Եւ քահանան տեսնէ որ բորոտութիւնը նորա բոլոր մարմինը պատել է, այն ժամանակ ախտակիրին մաքուր հրատարակէ. բոլորովին սպիտակի է փոխուել. նա մաքուր է: 14 Բայց այն օրը որ նորա վերայ ողջ միս տեսնուի, նա անմաքուր լինի: 15 Եւ քահանան պիտի տեսնէ ողջ միսը, եւ նորան անմաքուր հրատարակէ. ողջ միսը անմաքուր է. բորոտութիւն է: 16 Իսկ եթէ ողջ միսը դարձեալ սպիտակի փոխուի, այն ժամանակ քահանայի մօտ պիտի գայ: 17 Եւ քահանան պիտի տեսնէ նորան. եւ եթէ ախտը սպիտակի է փոխուել, այն ժամանակ քահանան ախտակիրին մաքուր հրատարակէ. նա մաքուր է:
18 Եւ եթէ մարմնի մորթի մէջ պալար լինի եւ առողջանայ, 19 Եւ պալարի տեղը սպիտակ ուռեցք՝ կամ մի քիչ կարմրած սպիտակ պաղպաջ լինի, նա քահանային պիտի երեւայ: 20 Եւ քահանան տեսնէ. եթէ մորթիցը ցած երեւայ, եւ մազը սպիտակի է փոխուել, քահանան նորան անմաքուր հրատարակէ, նա բորոտութեան ախտ է՝ պալարիցը տարածուած: 21 Եւ եթէ քահանան տեսնէ որ սպիտակ մազ չ’կայ նորա մէջ, եւ մորթիցը ցած չէ՝ այլ շլացած է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան: 22 Եւ եթէ մորթի մէջ տարածուի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. ախտ է նա: 23 Բայց եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ չէ տարածուել, նա պալարի սպին է. եւ քահանան նորան մաքուր հրատարակէ:
24 Իսկ եթէ մարմնի մորթի մէջ կրակի այրած լինի, եւ այրածի հարուածը մի քիչ կարմրած սպիտակ՝ կամ սպիտակ պաղպաջ լինի, 25 Եւ քահանան նորան նայէ, եթէ պաղպաջի մէջ մազը սպիտակի է փոխուած, եւ մորթիցը խոր է երեւում, նա բորոտութիւն է՝ այրածից տարածուած, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ. դա բորոտութեան ախտ է: 26 Բայց եթէ քահանան նայէ, որ պաղպաջի մէջ սպիտակ մազ չ’կայ, եւ մորթիցը ցած չէ, եւ շլացել է, այն ժամանակ քահանան եօթն օր արգելուած պահէ նորան: 27 Եւ եօթներորդ օրը քահանան նայէ նորան. եթէ մորթի մէջ տարածուել է, քահանան նորան անմաքուր հրատարակէ. դա բորոտութեան ախտ է: 28 Եւ եթէ պաղպաջը իր տեղը կենայ՝ եւ մորթի մէջ չ’տարածուի, եւ շլացել է, դա այրածի ուռեցքն է. եւ քահանան նորան մաքուր հրատարակէ. որովհետեւ այրածի սպին է:
29 Եւ եթէ մի մարդի կամ կնկան գլխին կամ ծնօտին ախտ լինի, 30 Քահանան պիտի տեսնէ այն ախտը. եւ եթէ մորթիցը խոր երեւայ, եւ նորա մէջ բարակ դեղին մազ լինի, այն ժամանակ քահանան նորան անմաքուր հրատարակէ. դա գոնջութիւն է, գլխի կամ ծնօտի բորոտութիւն է: 31 Եւ եթէ քահանան գոնջութեան ախտը տեսնէ՝ որ մորթիցը խոր չէ երեւում, եւ նորա մէջ սեւ մազ չ’կայ, այն ժամանակ քահանան գոնջութեամբ ախտացածին եօթն օր արգելուած պահէ: 32 Եւ եօթներորդ օրը քահանան ախտակիրին նայէ, եւ եթէ գոնջութիւնը չէ տարածուել, եւ նորա մէջ դեղին մազ չ’կայ, եւ գոնջութիւնը մորթիցը խոր չէ երեւում, 33 Նա ածիլուի, բայց գոնջութիւնը չ’ածիլէ. եւ քահանան կրկին եօթն օր արգելուած պահէ գոնջութիւն ունեցողին: 34 Եւ եօթներորդ օրը քահանան գոնջութիւն ունեցողին նայէ. եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ չէ տարածուել, եւ մորթիցը խոր չէ երեւում, այն ժամանակ քահանան նորան մաքուր հրատարակէ. եւ նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ մաքուր լինի: 35 Բայց եթէ իր մաքրուելուց յետոյ գոնջութիւնը մորթի մէջ տարածուի, 36 Եւ քահանան նայէ նորան. եւ եթէ գոնջութիւնը մորթի մէջ տարածուել է, այն ժամանակ քահանան դեղին մազ չ’որոնէ, նա անմաքուր է: 37 Բայց եթէ գոնջութիւնը իր կերպովը կենայ, եւ նորա մէջ սեւ մազ է բուսել, գոնջութիւնը բժշկուած է. նա մաքուր է, եւ քահանան նորան մաքուր հրատարակէ:
38 Եւ եթէ մի մարդ կամ կնիկ իր մարմնի մորթի մէջ պաղպաջներ՝ այսինքն սպիտակ պաղպաջներ ունենայ, 39 Եւ քահանան նայէ, եւ եթէ նորանց մարմինների մորթի մէջի պաղպաջները շլացած սպիտակ լինեն, դա մորթի մէջ գոյացած պիսակ է. նա մաքուր է:
40 Եւ եթէ մի մարդի գլխի մազը թափուի, նա կունտ է. մաքուր է: 41 Եւ եթէ նորա երեսի կողմիցը թափուի նորա գլխի մազերը, դա ճեղ է. մաքուր է: 42 Բայց եթէ կնտութեան կամ ճեղութեան մէջ մի քիչ կարմրած սպիտակ վէրք լինի, նա նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ գոյացած բորոտութիւն է: 43 Այն ժամանակ քահանան նայէ նորան. եւ եթէ նորա կնտութեան կամ ճեղութեան մէջ եղած վէրքի ուռեցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մորթի մէջ եղած բորոտութեան երեւոյթի պէս, 44 Այն մարդը բորոտ է, անմաքուր է. քահանան անպատճառ նորան անմաքուր հրատարակէ. նորա ախտը նորա գլուխին է:
45 Եւ ախտ ունեցող բորոտի հանդերձը պատառած պիտի լինի, եւ նորա գլուխը մերկ, եւ նորա շրթունքները ծածկուած պիտի լինին, եւ «Անմաքուր, անմաքուր» պիտի կանչէ: 46 Ախտը նորա վերան եղած բոլոր օրերը անմաքուր պիտի լինի. նա անմաքուր է, մենակ նստէ. նորա բնակութիւնը բանակիցը դուրս պիտի լինի:
47 Եւ այն հանդերձը՝ որի մէջը բորոտութեան ախտ կայ, թէ բրդի հանդերձ եւ թէ քթանի հանդերձ, 48 Քթանեղէնի կամ բրդեղէնի, առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթի մէջ եւ կամ մորթից շինուած ամեն բանի մէջ, 49 Այսինքն՝ եթէ հանդերձի կամ մորթի մէջ՝ կամ առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ մի քիչ կանանչ կամ կարմրած ախտի նշան լինի, բորոտութեան ախտ է, եւ քահանային պիտի երեւայ: 50 Եւ քահանան նայէ ախտին՝ եւ եօթն օր արգելուած պահէ ախտացեալ բանը: 51 Եւ եօթներորդ օրը ախտացեալ բանին նայէ. եթէ ախտը տարածուել է հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթի մէջ, եւ կամ գործածութեան համար մորթից շինուած ամեն բանի մէջ, այս ախտը բորբոքուող բորոտութիւն է. անմաքուր է: 52 Այն ժամանակ նա այրէ բրդեղէն կամ քթանեղէն հանդերձը՝ կամ առէչը կամ թեզանը կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որի մէջ այն ախտը կայ. որովհետեւ բորբոքուած բորոտութիւն է այն, կրակով պիտի այրուի: 53 Եւ եթէ քահանան տեսնէ, որ ախտը չէ տարածուել հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ, 54 Այն ժամանակ քահանան հրամայէ, որ այն ախտացեալ բանը լուանան. եւ կրկին եօթն օր արգելուած պահէ նորան: 55 Եւ ախտացեալ բանը լուացուելուց յետոյ քահանան տեսնէ, եթէ ախտը իր կերպը չէ փոխել, եւ ախտը չէ տարածուել, նա անմաքուր է. կրակով այրես նորան. նորա աստառին կամ երեսին փտութիւն կայ: 56 Եւ եթէ քահանան տեսնէ, որ նորա լուացուելուց յետոյ ախտը շլացել է. այն ժամանակ պատառէ նորան այն հանդերձիցը կամ մորթիցը կամ առէչիցը եւ կամ թեզանիցը: 57 Եւ եթէ այն հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ ամեն կերպ մորթից շինուած բանի մէջ դարձեալ երեւալու լինի, նա տարածուած բորոտութիւն է. իր վերայ ախտ ունեցող բանը կրակով այրես: 58 Եւ այն հանդերձը, կամ առէչը կամ թեզանը, կամ ամեն կերպ մորթից շինուած բանը, որ լուացուելուց յետոյ ախտը նորանցից գնացել է, դարձեալ պիտի լուացուի, եւ մաքուր է: 59 Բրդի կամ քթանի հանդերձի մէջ, կամ առէչի կամ թեզանի մէջ, կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ երեւացած բորոտութեան ախտի օրէնքը այս է, նորան մաքուր կամ անմաքուր հրատարակելու համար: