Զաքարիա
Ապաշխարելու յորդոր։ Տիրոջ հրեշտակի երևալը։
1 Դարեհի երկրորդ տարուայ ութերորդ ամսումը եղավ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ Զաքարիա մարգարէին ասելով.
2 Բարկացած է Տէրը ձեր հայրերի վերայ բարկութիւնով։ 3 Եւ նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դէպի ինձ դարձէք, եւ ես էլ դէպի ձեզ կ’դառնամ, ասում է Զօրաց Տէրը։ 4 Մի լինիք ձեր հայրերի նման, որոնց աղաղակում էին առաջի մարգարէները՝ ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. թէ Ձեր չար ճանապարհներիցը եւ ձեր չար արարքներիցը մէկ ետ դարձէք, բայց նորանք չ‘լսեցին եւ ինձ ականջ չ‘դրին, ասում է Տէրը։ 5 Ձեր հայրերն ու՞ր են. եւ մի՞թէ յաւիտեան պիտի ապրէին մարգարէքը։ 6 Սակայն իմ խօսքերն ու պատուէրները, որոնք ես պատուիրել էի իմ ծառաներին՝ մարգարէներին, չէ՞ որ հասան ձեր հայրերին. սակայն նորանք ետ դառան եւ ասեցին. Ինչպէս որ Զօրաց Տէրը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին ու մեր արարքներին համեմատ, այնպէս է արել մեզ հետ։
7 Դարեհի երկրորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսուայ՝ այսինքն Սեբաթ ամսի քսանեւչորսերորդ օրը եղաւ Տիրոջ խօսքը Ադդովի որդի Բարաքիայի որդի՝ Զաքարիա մարգարէին, ասելով. 8 Տեսայ գիշերը, եւ ահա մի մարդ՝ հեծած մի աշխէտ ձիի վերայ, եւ նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մէջտեղը. եւ նորա ետեւին կային աշխէտ, պիսակ ու սպիտակ ձիանք։ 9 Եւ ասեցի. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ Եւ ասեց ինձ այն հրեշտակը որ ինձ հետ խօսում էր թէ Ես քեզ ցոյց կ’տամ թէ սորանք ինչ են։ 10 Եւ մրտենիների մէջտեղը կանգնող մարդը պատասխանեց եւ ասեց. Սորանք նորանք են, որ Տէրը ուղարկել է երկրումը ման գալու։ 11 Եւ նորանք պատասխանեցին մրտենիների մէջտեղը կանգնող Տիրոջ հրեշտակին եւ ասեցին. Ման եկանք երկրումը, եւ ահա բոլոր երկիրը նստած եւ հանգիստ է։ 12 Եւ Տիրոջ հրեշտակը պատասխանեց եւ ասեց Ով Զօրաց Տէր, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, որոնց վերայ՝ ահա եօթանասուն տարի է՝ բարկացած ես։ 13 Եւ Տէրը պատասխանեց ինձ հետ խօսող հրեշտակին բարի խօսքերով՝ մխիթարական խօսքերով։ 14 Եւ ինձ հետ խօսող հրեշտակը ասեց ինձ. Կանչիր եւ ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մեծ նախանձով ես նախանձել եմ Երուսաղէմի եւ Սիօնի համար։ 15 Եւ ես բարկութիւնով բարկացել էի հանդարտ ազգերի վերայ, որովհետեւ ես քիչ էի բարկացել, բայց նորանք օգնեցին չարութեան համար։ 16 Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ես ետ եմ դառնում Երուսաղէմին ողորմութիւններով. իմ տունը պէտք է չինուի նորանում, ասում է Զօրաց Տէրը, եւ լար պիտի ձգուի Երուսաղէմի վերայ։ 17 Էլի կանչիր ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ պիտի յորդեն իմ քաղաքները բարիքներով, եւ Տէրը պիտի դեռ մխիթարէ Սիօնին, եւ դեռ պիտի ընտրէ Երուսաղէմին։
18 Եւ աչքերս բարձրացրի ու նայեցի եւ ահա չորս եղջիւր։ 19 Եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են. եւ նա ասեց ինձ. Սորանք այն եղջիւրներն են որոնք ցրուեցին Յուդային, Իսրայէլին եւ Երուսաղէմին։ 20 Եւ Տէրն ինձ չորս արուեստաւոր ցոյց տուաւ։ 21 Եւ ես ասեցի. Սորանք գալիս են որ ի՞նչ անեն. եւ նա ասեց. Սորանք այն եղջիւրներն են, որոնք ցրուեցին Յուդային, այնպէս որ մարդ չ’բարձրացրեց իր գլուխը. եւ սորանք եկել են որ նորանց վախեցնեն, որ վայր գցեն Յուդայի երկրի դէմ՝ նորան ցրուելու համար՝ եղջիւր բարձրացնող ազգերի եղջիւրները։