Թվեր
Քահանաների և Ղևտացիների պաշտօնը եւ բաժինը։
18 Եւ Եհովան ասեց Ահարօնին. Դու եւ քո որդիքը եւ քո հօր տունը քեզ հետ սրբարանի անօրէնութիւնը պիտի կրէք. եւ դու եւ քո որդիքը քեզ հետ ձեր քահանայութեան անօրէնութիւնը պիտի կրէք։ 2 Եւ քո հօր ցեղից այսիքն Ղեւիի ցեղից եղող քո եղբայրներին մօտեցնես, որ քեզ հետ սպասաւորութիւն անեն. եւ դու եւ քո որդիքը քեզ հետ վկայութեան խորանի առաջին պիտի լինէք. 3 Եւ նորանք պահեն քո պահպանութիւնը եւ բոլոր խորանի պահպանութիւնը, միայն թէ սրբարանի անօթների եւ սեղանին չ’մօտենան, որ ոչ նորանք մեռնեն՝ եւ ոչ էլ դուք։ 4 Եւ նորանք քեզ հետ միանան, եւ ժողովքի խորանի պահպանութիւնը պահեն՝ խորանի ամեն պաշտօնի համեմատ. եւ մի օտար պիտի չ’մօտենայ ձեզ։ 5 Եւ պահեցէք սրբարանի պահպանութիւնը, որ այլ եւս Իսրայէլի որդկանց վերայ բարկութիւն չ’լինի։ 6 Եւ ահա ես Իսրայէլի որդկանց միջիցը ձեր եղբայրներին՝ Ղեւտացիներին առայ իբրեւ ձեզ համար Եհովային պարգեւ տրուած, որ ժողովքի խորանի պաշտօնն անեն։ 7 Եւ դու եւ քեզ հետ քո որդիքը պահեցէք ձեր քահանայութիւնը սեղանի բոլոր բաների համար եւ վարագոյրի ներսի կողմի համար, եւ պաշտօնը կատարեցէք. ձեր քահանայութիւնը իբրեւ պարգեւ պաշտօն տուի, եւ մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։
8 Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ. Եւ ահա ես քեզ տուի իմ ընծաների պահպանութիւնը Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաներիցը, նորանք քեզ տուի օծման համար եւ քո որդկանցը՝ յաւիտենական կանոնով։ 9 Սորանք լինին ամենասուրբ բաներիցը՝ կրակիցը, նորանց ամեն հացի նուէրների, նորանց ամեն մեղքի պատարագների եւ նորանց ամեն յանցանքի պատարագների բոլոր պատարագները որ ինձ կ’հատուցանեն, ամենասուրբ են քեզ եւ քո որդկանց համար։ 10 Ամենասուրբ տեղումը ուտես այն, ամեն արու ուտէ այն. նա սուրբ է քեզ համար։ 11 Այս էլ քոնը լինի նորանց պարգեւների բարձրացնելու պատարագը Իսրայէլի որդկանց բոլոր երերացնելու ընծաներից. քեզ տուի նորանց եւ քեզ հետ քո տղերանցը եւ քո աղջկերանցը յաւիտենական կանոնով, քո տան մէջ ամեն մաքուրն ուտէ այն։ 12 Ամենից լաւ իւղի եւ ամենից լաւ գինիի եւ ցորենի բոլոր երախայրիները՝ որ Եհովային են մատուացանում, քեզ տուի։ 13 Նորանց երկրի մէջ եղած բոլորի երախայրիները՝ որ բերում են Եհովայի համար, քոնը լինի. քո տան մէջ ամեն մաքուրը ուտէ նորանից։ 14 Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը քոնը լինի։ 15 Ամեն մարմնի ամեն արգանդ բացողը, որ մատուցանում են Եհովային, թէ մարդ եւ թէ անասուն՝ քոնը լինի. միայն թէ մարդի առաջինեկը անպատճառ փրկես. եւ անմաքուր անասունի առաջինեկն էլ փրկես։ 16 Եւ փրկուողին մէկ ամսական փրկես, սրբարանի սիկղի համեմատ հինգ սիկղ արծաթի գնով* պիտի փրկես. սիկղը քսան կերատ է։ 17 Բայց կովի առաջինեկը եւ ոչխարի առաջինեկը կամ այծի առաջինեկը չ’փրկես. նորանք սուրբ են. նորանց արիւնը սեղանի վերայ սրսկես եւ նորանց ճարպը այրես իբր անուշահոտ պատարագ Եհովայի համար. 18 Եւ նորանց միսը քոնը լինի ինչպէս երերացնելու երբուծը եւ աջ զիստը՝ քոնը լինի։ 19 Սուրբ բաներիցը ամեն բարձրացնելու պատարագները, որ Իսրայէլի որդիքը Եհովային մատուցանում են, քեզ եւ քեզ հետ քո տղերանցը եւ աղջկերանցը տուի յաւիտենական կանոնով, նա քո սերունդի համար աղի ուխտ է յաւիտեան Եհովայի առաջին քեզ համար եւ քեզ հետ քո սերունդի համար։ 20 Եւ Եհովան ասեց Ահարօնին. Նորանց երկրի մէջ դու ժառանգութիւն չ’ունենաս. եւ նորանց մէջտեղը բաժին չ’ունենաս. ես եմ քո բաժինը եւ ժառանգութիւնը Իսրայէլի որդկանց մէջ։
21 Եւ ահա Իսրայէլի բոլոր տասանորդը տուի Ղեւիի որդկանց ժառանգութեան համար՝ իրանց այս պաշտօնի փոխարէն, որ պաշտօնով ծառայում են ժողովքի խորանին։ 22 Եւ Իսրայէլի որդիքն այլ եւս ժողովքի խորանին չ’մօտենան, որ մեղք չ’կրեն եւ չ’մեռնեն։ 23 Եւ ժողովքի խորանի պաշտօնը Ղեւին անէ, եւ իրանց անօրէնութիւնը իրանք կրեն. սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. որ նորանք Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չ’ունենան։ 24 Որովհետեւ Իսրայէլի որդկանց տասանորդը՝ որոնք Եհովային ընծայում են, Ղեւտացիներին ժառանգութիւն տուի. այս պատճառով նորանց համար ասեցի, որ Իսրայէլի որդկանց մէջ ժառանգութիւն չ’ունենան։
25 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 26 Այսպէս խօսիր Ղեւտացիների հետ եւ ասիր նորանց. Երբոր Իսրայէլի որդիներից տասանորդը առնէք, որ նորանց կողմանից ձեզ տուի ժառանգութեան համար, այն ժամանակ նորանից տասանորդի տասներորդը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովայի համար։ 27 Եւ ձեզ համար ձեր բարձրացնելու պատարագը համարուի կալի ցորենի պէս եւ հնձանի բերքի պէս։ 28 Այսպէս դուք էլ բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային այն բոլոր տասանորդներից, որ դուք առնէք Իսրայէլի որդիներից, եւ նորանցից Եհովայի բարձրացնելու պատարագը Ահարօն քահանային տաք։ 29 Բոլոր ձեզ տրուած պատարագներից Եհովային մատուցանէք ամեն բարձրացնելու պատարագը բոլորովին նորա ամենալաւիցը՝ նորա սուրբ մասը մատուցանէք։ 30 Եւ ասես նորանց. Երբոր նորա ամենալաւը մատուցանէք, այն ժամանակ մնացածը կալի արդիւնքի պէս եւ հնձանի արդիւնքի պէս համարուի Ղեւտացիների համար։ 31 Եւ ամեն տեղ ուտէք այն, դուք եւ ձեր ընտանիքները. որովհետեւ ժողովքի խորանի մէջ ձեր պաշտօնի փոխարէն ձեր վարձքը նա է։ 32 Եւ նորա համար մեղք չէր կրիլ նորանից ամենալաւը մատուցանելուց յետոյ եւ Իսրայէլի որդկանց սուրբ բաները չ’պղծէք որ չ’մեռնէք։