Ղուկաս
Քրիստոսի յարութիւնը, երեւումը և համբարձումը։
24 Բայց միաշաբթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. եւ ոմանք էլ նորանց հետ: 2 Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալուած գտան: 3 Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան: 4 Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով: 5 Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում: 6 Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր. 7 Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ: 8 Եւ նորան խօսքերը յիշեցին: 9 Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին: 10 Եւ էին Մարիամ Մագդաղենացին, եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին: 11 Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց: 12 Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով:
13 Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարեզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս: 14 Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար: 15 Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հենց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ: 16 Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չ’ճանաչեն նորան: 17 Եւ նրանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք: 18 Եւ պատաասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում: 19 Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին: 20 Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցի նորան: 21 Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան: 22 Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը: 23 Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է: 24 Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան: 25 Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին: 26 Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր: 27 Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին: 28 Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում: 29 Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ: 30 Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց: 31 Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից: 32 Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար:
33 Եւ նոյն ժամին վեր կացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին. 34 Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել է Սիմօնին: 35 Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին:
36 Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ: 37 Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում: 38 Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը: 39 Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ: 40 Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց: 41 Եւ քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. Կերակուր ունի՞ք այստեղ: 42 Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ: 43 Եւ առաւ կերաւ նորանց առաջին: 44 Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրէնքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները: 45 Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան: 46 Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել. 47 Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած: 48 Եւ դուք այս բաների համար վկաներ էք: 49 Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կ’ուղարկեմ ձեզ վերայ. դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք:
50 Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց: 51 Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը: 52 Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ: 53 Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. գովում եւ օրհնում էին Աստուծուն: Ամէն: