Հովհաննես
Քրիստոսը հաց է ուտում մեռելներից յարուցած Ղազարոսի տանը ուր որ Մարիամն նորա ոտներն է օծում։ Քրիստոսի Երուսաղէմ մտնելը։ Մի քանի Հելլենացիք ուզում են իրան տեսնել։ Քրիստոսը իր անձի վերայ է խօսում։
12 Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ: 2 Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր: 3 Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը: 4 Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝ 5 Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ: 6 Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր: 7 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ: 8 Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չ’ունիք:
9 Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ: 10 Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն: 11 Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին:
12 Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, 13 Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը: 14 Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ 15 մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած: 16 Եւ նորա աշակերտներն առաջ չ’իմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան: 17 Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան: 18 Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը: 19 Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց:
20 Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը: 21 Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գլիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել: 22 Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին: 23 Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի: 24 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ: 25 Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձը ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան: 26 Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան: 27 Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ: 28 Հայր, փառաւորիր քո անունը: Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ: 29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ: 30 Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար: 31 Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կ’գցվուի: 32 Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կ’քաշեմ ինձ մօտ: 33 Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի: 34 Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կ’կենայ. եւ դու ի՞նչպէս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին: 35 Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չ’հասնէ. եւ խաւարումը գնացողը չ’գիտէ, թէ ո՞ւր է գնում: 36 Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք: Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից:
37 Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38 Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրով բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ: 39 Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է. 40 Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չ’իմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց: 41 Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց: 42 Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին: 43 Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը:
44 Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին: 45 Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում: 46 Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ: 47 Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չ’հաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չ’եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը: 48 Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը: 49 Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ: 50 Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում: