1 Կորնթացիներ
Լեզուների գործածութիւնը եկեղեցու հոգևոր շինութեան համար։
14 Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք: 2 Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում: 3 Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում: 4 Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում: 5 Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ:
6 Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով: 7 Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չ’անեն, ի՞նչպէս կ’ճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը: 8 Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար: 9 Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք: 10 Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ: 11 Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չ’գիտենամ, ես խօսողին խուժ կ’լինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ: 12 Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք: 13 Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ: 14 Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթք անում. բայց միտքս անպտուղ է: 15 Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ: 16 Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում: 17 Դու իրաւ որ լաւ ես գոհանում. բայց միւսը չէ շինվում: 18 Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ: 19 Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով:
20 Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք: 21 Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը: 22 Ուրեմն լեզուները նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների: 23 Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք: 24 Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի: 25 Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է:
26 Ուրեմն ի՞նչ է, եղբարք. երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. ամենը շինութեան համար լինի: 27 Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինին. մէկը միւսից յետոյ. եւ մէկը թող թարգմանէ: 28 Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի: 29 Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն: 30 Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ: 31 Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին: 32 Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են: 33 Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը:
34 Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է: 35 Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել: 36 Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ: 37 Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են: 38 Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի: 39 Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք: 40 Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի: