1 Կորնթացիներ
Ազգապիղծ անձին սատանայի մատնուիլը։ Անառակներից պէտք է ետ քաշուիլ։
5 Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ: 2 Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց: 3 Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց, 4 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկտեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ, 5 Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը: 6 Ձեր պարծանքը լաւ չէ. չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է: 7 Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը: 8 Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը: 9 Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ: 10 Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք: 11 Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել: 12 Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք: 13 Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք: