Եսթեր
4 Երբ Մուրթքեն+ իմացավ այդ ամենը,+ պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու իր վրա մոխիր լցրեց: Հետո բարձր ձայնով դառնագին լաց լինելով՝ գնաց քաղաքամեջ: 2 Այդպես նա գնաց մինչև պալատի դարպասը, բայց ներս չմտավ, քանի որ չէր թույլատրվում քուրձ հագած ներս մտնել: 3 Ամեն մարզում,+ որտեղ հայտարարվում էր թագավորի հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում, ծոմ էին պահում,+ լացում ու ողբում էին: Շատերը պառկում էին քրձի ու մոխրի վրա:+ 4 Երբ Եսթերի աղախիններն ու ներքինիները եկան և լուր բերեցին նրան, թագուհին խիստ մտահոգվեց: Նա հագուստներ ուղարկեց Մուրթքեին, որ քուրձը հանի և դրանք հագնի, բայց Մուրթքեն հրաժարվեց: 5 Ուստի Եսթերը կանչեց Հաթաքին՝ թագավորի ներքինիներից մեկին, որը նշանակվել էր իրեն ծառայելու, և հրամայեց, որ Մուրթքեից իմանա, թե ինչ է պատահել, և ինչի համար է նա այդպես վարվում:
6 Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակ, որ պալատի դարպասի դիմաց էր: 7 Մուրթքեն նրան պատմեց ողջ եղելությունը ու նշեց, թե հրեաների ոչնչացման+ համար կոնկրետ որքան փող էր+ Համանը խոստացել մուծել թագավորի գանձարան: 8 Նաև Հաթաքին տվեց հրեաների ոչնչացման հրամանագրի մի օրինակ, որը հրապարակվել էր Շուշանում,+ և ասաց, որ այն ցույց տա Եսթերին, բացատրի ամեն ինչ և ասի նրան,+ որ գնա թագավորի մոտ ու նրանից անձամբ գթասրտություն աղերսի իր ժողովրդի համար:
9 Հաթաքը վերադարձավ ու Եսթերին հաղորդեց Մուրթքեի ասածները: 10 Այդ ժամանակ Եսթերը Հաթաքի միջոցով հետևյալ պատասխանն ուղարկեց Մուրթքեին.+ 11 «Թագավորի ամեն մի ծառա և մարզերի ամեն մի բնակիչ գիտի, որ եթե որևէ տղամարդ կամ կին առանց կանչվելու գնա թագավորի մոտ՝ ներքին բակ,+ ըստ օրենքի՝ նրան ընդամենը մի բան է սպասում՝ մահապատիժ, եթե միայն թագավորը դեպի նա չմեկնի իր ոսկե գավազանը:+ Իսկ ես արդեն 30 օր է՝ չեմ կանչվել թագավորի մոտ»:
12 Երբ Մուրթքեին հայտնեցին Եսթերի խոսքերը, 13 նա այս պատասխանն ուղարկեց Եսթերին. «Մի՛ կարծիր, թե դու մյուս բոլոր հրեաներից ավելի լավ վիճակում ես, ու քեզ կհաջողվի փրկվել, ինչ է թե թագավորի ընտանիքից ես: 14 Եթե հիմա լուռ մնաս, հրեաների օգնությունն ու փրկությունը ուրիշ տեղից կգա,+ իսկ դու և քո հոր տունը կվերանաք: Եվ ո՞վ գիտի, գուցե հենց այսպիսի օրվա համար ես դու թագուհի դարձել»:+
15 Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. 16 «Գնա, հավաքիր Շուշանում ապրող բոլոր հրեաներին, և ինձ համար ծոմ+ պահեք: Երեք օր+ գիշեր-ցերեկ ոչինչ մի՛ կերեք ու մի՛ խմեք: Ես իմ աղախինների հետ նույնպես ծոմ կպահեմ: Հետո կգնամ թագավորի մոտ, թեև դա դեմ է օրենքին, ու եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»: 17 Մուրթքեն գնաց և կատարեց Եսթերի բոլոր հրահանգները: