1 Սամուել
9 Բենիամինի+ ցեղից մի շատ հարուստ մարդ կար. նրա անունը Կիս էր:+ Նա Ափիայի որդի Բեքորաթի որդի Սերորի որդի Աբիելի որդին էր: 2 Այդ մարդը մի որդի ուներ: Նրա անունը Սավուղ էր,+ և նա երիտասարդ էր ու գեղեցկատես: Իսրայելացիների մեջ նրանից ավելի գեղեցկատես տղամարդ չկար. նա հասակով մի գլուխ բարձր էր բոլորից:
3 Մի անգամ, երբ Սավուղի հոր՝ Կիսի ավանակները կորան, նա իր որդուն՝ Սավուղին, ասաց. «Խնդրում եմ, վերցրու սպասավորներից մեկին և գնա ավանակներին փնտրելու»: 4 Ուստի Սավուղն ու սպասավորը անցան Եփրեմի լեռնային շրջանով և Սալիսայի տարածքով, ապա շրջեցին Սալիմով, բայց ավանակներին չգտան: Հետո փնտրեցին Բենիամինի ողջ երկրում, սակայն այնտեղ էլ չգտան:
5 Երբ հասան Սուֆի շրջան, Սավուղն իրեն ուղեկցող սպասավորին ասաց. «Արի վերադառնանք, թե չէ հայրս, ավանակներին թողած, կսկսի մե՛զ համար անհանգստանալ»:+ 6 Բայց սպասավորը պատասխանեց. «Այս քաղաքում Աստծու մարդ կա: Նա պատվավոր մարդ է: Ինչ որ ասում է, անպայման կատարվում է:+ Գնանք նրա մոտ, գուցե նա մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք»: 7 Սավուղն էլ ասաց իր սպասավորին. «Եթե գնանք, ի՞նչ ենք տանելու այդ մարդուն. մեր պարկերում հաց չկա, ոչ մի նվեր չունենք ճշմարիտ Աստծու մարդու համար: Ի՞նչ ենք տալու նրան»: 8 Սպասավորը պատասխանեց. «Տես, ինձ մոտ մեկ քառորդ սիկղ* արծաթ կա: Ես այն կտամ ճշմարիտ Աստծու մարդուն, և նա կասի մեզ, թե ուր գնանք»: 9 (Հին ժամանակներում, երբ Իսրայելում մարդիկ ինչ-որ բան էին ուզում հարցնել Աստծուն, ասում էին՝ «Եկեք գնանք տեսանողի*+ մոտ», որովհետև նախկինում մարգարեին տեսանող էին կոչում): 10 Սավուղն իր սպասավորին ասաց. «Ճիշտ ես ասում, արի գնանք»: Եվ նրանք գնացին այն քաղաք, որտեղ գտնվում էր ճշմարիտ Աստծու մարդը:
11 Երբ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվեր ճանապարհով, հանդիպեցին աղջիկների, որոնք գնում էին ջուր հանելու, և հարցրին նրանց. «Տեսանողն+ այստե՞ղ է»: 12 Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ահա՛ նա, հենց նոր է եկել: Միայն թե շտապեք. նա այսօր եկել է քաղաք, որովհետև ժողովուրդը զոհաբերություն+ է անում սրբավայրում:+ 13 Երբ մտնեք քաղաք, նրան այնտեղ կգտնեք: Շտապեք, քանի դեռ նա չի բարձրացել սրբավայր՝ զոհից ուտելու: Ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգնա, որովհետև նա է օրհնում զոհը, և հրավիրվածները միայն դրանից հետո կարող են ուտել: Հենց հիմա գնացեք և նրան կտեսնեք այնտեղ»: 14 Ուստի նրանք գնացին քաղաք: Երբ քաղաքում էին, Սամուելը նրանց ընդառաջ գնաց, որ դիմավորի, ու որ միասին սրբավայր բարձրանան:
15 Սավուղի գալուց մի օր առաջ Եհովան Սամուելին ասել էր. 16 «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Բենիամինի+ երկրից մի մարդ կուղարկեմ քեզ մոտ, և դու նրան իմ ժողովրդի՝ Իսրայելի համար առաջնորդ կօծես:+ Նա իմ ժողովրդին կփրկի փղշտացիների ձեռքից, որովհետև ես տեսա իմ ժողովրդի տառապանքը, և նրանց աղաղակը ինձ հասավ»:+ 17 Երբ Սամուելը տեսավ Սավուղին, Եհովան ասաց նրան. «Սա է այն մարդը, որի մասին ասացի քեզ, թե նա է իշխելու իմ ժողովրդի վրա»:*+
18 Դարպասի մոտ Սավուղը մոտեցավ Սամուելին ու հարցրեց. «Ասա, խնդրում եմ, որտե՞ղ է տեսանողի տունը»: 19 Սամուելը պատասխանեց. «Ե՛ս եմ տեսանողը: Իմ առջևից գնացեք ու բարձրացեք սրբավայր: Այսօր ինձ հետ եք ուտելու:+ Առավոտյան կպատմեմ քեզ այն ամենը, ինչ ուզում ես իմանալ,* ու ճանապարհ կդնեմ: 20 Իսկ երեք օր առաջ կորած ավանակներիդ+ համար մի՛ անհանգստացիր. դրանք գտնվել են: Եվ մի՞թե Իսրայելի բոլոր թանկարժեք բաները քեզ ու քո հոր ամբողջ տանը չեն պատկանում»:+ 21 Սավուղն էլ պատասխանեց. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ցեղից եմ՝ Բենիամինից,+ և իմ տոհմը ամենաաննշանն է Բենիամինի ցեղի մեջ: Ինչո՞ւ ես ինձ այդպիսի բան ասում»:
22 Սամուելը Սավուղին ու նրա սպասավորին տարավ ճաշասրահ, որտեղ հրավիրվածներն էին՝ մոտ 30 հոգի, ու նրանց նստեցրեց ամենապատվավոր տեղը: 23 Սամուելն ասաց խոհարարին. «Բեր ինձ այն բաժինը, որը քեզ տվեցի ու ասացի, որ մի կողմ դնես»: 24 Խոհարարն էլ վերցրեց ազդրը և դրեց Սավուղի առաջ: Սամուելն ասաց. «Սա քեզ համար է մի կողմ դրվել: Կեր, այս առիթի համար էինք պահել. ասել էի, որ հյուրեր եմ ունենալու»: Սավուղը այդ օրը հաց կերավ Սամուելի հետ: 25 Դրանից հետո նրանք սրբավայրից+ իջան քաղաք: Սամուելը Սավուղի հետ բարձրացավ տանիք և շարունակեց խոսել նրա հետ: 26 Հաջորդ օրը նրանք վաղ առավոտյան վեր կացան: Լույսը բացվելուն պես Սամուելը ձայն տվեց Սավուղին, որը տանիքում էր, և ասաց. «Պատրաստվիր, որ քեզ ճանապարհեմ»: Սավուղը պատրաստվեց, և ինքն ու Սամուելը դուրս եկան: 27 Երբ նրանք քաղաքից դուրս գալուց հետո իջնում էին զառիվայր ճանապարհով, Սամուելն ասաց Սավուղին. «Սպասավորին+ ասա, որ մեզնից առաջ անցնի (և սպասավորն առաջ անցավ), իսկ դու կանգնիր, որ քեզ Աստծու խոսքը հայտնեմ»: