2 Տարեգրություն
2 Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Եհովայի անվան համար+ և մի արքունական պալատ:+ 2 Ուստի նա 70 000 բանվոր* և 80 000 քարհատ հավաքագրեց լեռներում աշխատելու համար+ ու 3 600 հոգու վերակացուներ նշանակեց:+ 3 Սողոմոնը նաև Տյուրոսի Քիրամ+ թագավորին այս խոսքն ուղարկեց. «Դու իմ հայր Դավթին մայրու գերաններ էիր ուղարկել, որ իր համար բնակվելու տուն կառուցեր: Ինձ համար էլ նույնն արա:+ 4 Ես պատրաստվում եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել և այն նվիրել* նրան, որպեսզի նրա առաջ ամեն առավոտ ու երեկո,+ Շաբաթ օրերին,+ նորալուսիններին+ և մեր Աստված Եհովային նվիրված տոների ժամանակ+ անուշաբույր խունկ ծխեցվի,+ և նրա առաջ մշտապես դրվող հացեր+ ու ողջակեզներ մատուցվեն: Սա դարեդար կանոն պետք է լինի Իսրայելի համար: 5 Տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեր Աստվածը մյուս բոլոր աստվածներից մեծ է: 6 Ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել. չէ՞ որ նույնիսկ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել նրան,+ ուստի ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ: Այս տունը կարող եմ կառուցել միայն այն բանի համար, որ նրա առաջ զոհեր մատուցվեն: 7 Ինձ մոտ մի վարպետ ուղարկիր, որը հմուտ է ոսկու, արծաթի, պղնձի,+ երկաթի, ինչպես նաև մանուշակագույն ներկված բրդի, մուգ կարմիր ու կապույտ թելի հետ աշխատելու գործում և կարողանում է փորագրություններ անել: Նա կաշխատի Հուդայում ու Երուսաղեմում իմ հայր Դավթի նշանակած հմուտ վարպետների հետ:+ 8 Լիբանանից մայրու, գիհու+ և սանտալի* գերաններ+ ուղարկիր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները Լիբանանի ծառերը կտրելու փորձ ունեն:+ Իմ ծառաները կաշխատեն քո ծառաների հետ,+ 9 որպեսզի ինձ համար մեծ քանակությամբ գերաններ պատրաստեն, քանի որ այն տունը, որ կառուցելու եմ, մեծ ու անչափ փառահեղ է լինելու: 10 Քո ծառաներին՝ ծառահատներին, մթերքով կապահովեմ.+ կտամ 20 000 քոռ* ցորեն, 20 000 քոռ գարի, 20 000 մար* գինի ու 20 000 մար յուղ»:
11 Տյուրոսի թագավոր Քիրամը նամակով պատասխանեց Սողոմոնին. «Իր ժողովրդի հանդեպ սիրուց մղված՝ Եհովան քեզ նրա թագավորն է դարձրել»: 12 Քիրամը նաև գրեց. «Թող փառաբանվի Իսրայելի Աստված Եհովան՝ երկինքն ու երկիրը ստեղծողը, քանի որ նա Դավիթ թագավորին իմաստուն որդի է տվել,+ որը խոհեմությամբ ու հասկացողությամբ է օժտված,+ և որը մի տուն է կառուցելու Եհովայի համար և մի արքունական պալատ: 13 Քեզ մոտ եմ ուղարկում հմուտ ու բանիմաց մի վարպետի, որին Քիրամ-Աբի են կոչում:+ 14 Նրա մայրը Դանի սերնդից է, իսկ հայրը տյուրոսցի է: Նա հմուտ է ոսկու, արծաթի, պղնձի, երկաթի, քարերի ու գերանների, ինչպես նաև մանուշակագույն ներկված բրդի, մուգ կարմիր ու կապույտ թելի հետ աշխատելու գործում:+ Կարող է նաև ամեն տեսակ փորագրություն անել և պատրաստել ցանկացած բան՝ համաձայն իրեն տրված նախագծի:+ Նա կաշխատի քո վարպետների և քո հոր՝ իմ տեր Դավթի վարպետների հետ: 15 Եվ հիմա թող իմ տերը իր ծառաներին ուղարկի այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որ խոստացել է:+ 16 Մենք Լիբանանում ծառեր կկտրենք,+ ինչքան որ քեզ հարկավոր է, դրանցից լաստեր կպատրաստենք ու ծովով կբերենք քեզ մոտ՝ Հոպպե,+ և դու դրանք Երուսաղեմ կփոխադրես»:+
17 Սողոմոնը հաշվեց Իսրայելում ապրող բոլոր օտարազգի տղամարդկանց,+ ինչպես որ մի ժամանակ իր հայր Դավիթն էր արել:+ Նրանց թիվը 153 600 էր: 18 Նրանցից 70 000-ին նա բանվոր նշանակեց, 80 000-ին՝ քարհատ՝+ լեռներում աշխատելու համար, և 3 600-ին՝ վերակացուներ՝ նրանց աշխատանքը վերահսկելու համար:+