Ելք
27 «Ակացիայի փայտից մի զոհասեղան պատրաստեք՝+ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ: Այն պետք է քառակուսի լինի՝ երեք կանգուն բարձրությամբ:*+ 2 Դրա չորս անկյուններին եղջյուրներ+ պատրաստեք: Դրանք զոհասեղանի հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն: Զոհասեղանը պղնձով պատեք:+ 3 Դրա մոխիրը* հավաքելու համար դույլեր պատրաստեք, նաև բահեր, թասեր, մեծ պատառաքաղներ ու կրակամաններ: Զոհասեղանի բոլոր պիտույքները պետք է պղնձից լինեն:+ 4 Զոհասեղանի համար պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեք և դրա վրա՝ չորս անկյուններում՝ պղնձե չորս օղակներ: 5 Ցանցը դրեք զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև. այն մոտավորապես զոհասեղանի մեջտեղում պետք է լինի: 6 Զոհասեղանի համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք ու պղնձով պատեք: 7 Ձողերը պետք է երկու կողմերից անցկացվեն օղակների միջով, որ զոհասեղանը դրանցով տարվի:+ 8 Զոհասեղանը պետք է պատրաստվի տախտակներից և նման լինի դատարկ արկղի: Այն պետք է պատրաստվի ճիշտ այնպես, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա:+
9 Խորանի շուրջը պետք է գավիթ*+ լինի: Գավիթի հարավային կողմը պետք է սահմանազատված լինի մանված բարձրորակ վուշից* պաստառներով և ունենա 100 կանգուն* երկարություն:+ 10 Գավիթի այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 11 Գավիթի հյուսիսային կողմը նույնպես պետք է պաստառներով սահմանազատված լինի և ունենա 100 կանգուն երկարություն: Այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդաններն էլ պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝ արծաթից: 12 Արևմտյան կողմից գավիթի ողջ լայնությամբ պետք է ձգվի 50 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, տասը սյուներով և տասը ակոսավոր պատվանդաններով: 13 Գավիթի լայնությունը 50 կանգուն պետք է լինի նաև արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմում: 14 Այդ կողմում՝ մուտքից դեպի աջ պետք է ձգվի 15 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով:+ 15 Մուտքից դեպի ձախ նույնպես պետք է լինի 15 կանգուն երկարության ցանկապատ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով:
16 Գավիթի մուտքի համար վարագույր պատրաստեք, որը մի կողմից մյուսը պետք է ունենա 20 կանգուն* երկարություն: Այն պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ Մուտքը պետք է չորս սյուն ունենա՝ չորս ակոսավոր պատվանդաններով:+ 17 Գավիթի շուրջը տեղադրվելիք բոլոր սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները պետք է արծաթից լինեն, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից:+ 18 Գավիթի ցանկապատի երկարությունը պետք է 100 կանգուն լինի,+ լայնությունը՝ 50 կանգուն, բարձրությունը՝ 5 կանգուն:* Ցանկապատի պաստառները պետք է պատրաստված լինեն մանված բարձրորակ վուշից, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից: 19 Այն բոլոր պիտույքները, որ նախատեսված են խորանում մատուցվելիք ծառայությունների համար, ինչպես նաև խորանի ու գավիթի բոլոր սեպերը պետք է պղնձից լինեն:+
20 Իսրայելացիներին պատվիրիր, որ ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն ճրագների համար, որպեսզի դրանք միշտ վառված լինեն:+ 21 Ահարոնն ու նրա որդիները պետք է հոգ տանեն, որ հանդիպման վրանում՝ Վկայության տապանակի կողքի վարագույրից դուրս,+ ճրագները երեկոյից մինչև առավոտ վառված լինեն իմ՝ Եհովայիս առաջ:+ Սա մնայուն կանոն է, որը իսրայելացիները պետք է պահեն սերնդեսերունդ»:+