Ելք
25 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ասա Իսրայելի ժողովրդին, որ ինձ համար նվիրաբերություն անեն. ինձ համար նվիրաբերություն ընդունեք յուրաքանչյուր մարդուց, ում սիրտը մղում է տալու:+ 3 Ահա թե ինչ պետք է ընդունեք նրանցից որպես նվիրաբերություն. ոսկի,+ արծաթ,+ պղինձ,+ 4 կապույտ թել, մանուշակագույն* ներկված բուրդ, վառ կարմիր* մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ, 5 խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ,+ 6 յուղ՝ ճրագակալի համար,+ բալասան՝ օծման յուղի+ և անուշահոտ խնկի+ համար, 7 եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի*+ ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար: 8 Դուք պետք է սուրբ վրան* շինեք ինձ երկրպագելու համար, և ես կբնակվեմ ձեր մեջ:+ 9 Այդ խորանն* ու դրա ամբողջ կահկարասին պետք է պատրաստեք այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց կտամ:+
10 Ակացիայի փայտից տապանակ պետք է պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+ 11 Ապա այն պետք է պատեք մաքուր ոսկով:+ Պատեք այն ներսից ու դրսից և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:+ 12 Չորս ոսկե օղակ ձուլեք տապանակի համար և ամրացրեք դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ տապանակի մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում: 13 Ակացիայի փայտից ձողեր պատրաստեք և դրանք պատեք ոսկով:+ 14 Ձողերն անցկացրեք տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն: 15 Ձողերը պետք է մնան տապանակի օղակների մեջ: Դրանք չպետք է հանվեն այնտեղից:+ 16 Տապանակի մեջ կդնես Վկայության տախտակները,*+ որ ես կտամ քեզ:
17 Մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ:+ 18 Պատրաստեք նաև երկու ոսկե քերովբեներ: Դրանք պետք է կոփելով պատրաստեք և դնեք կափարիչի երկու ծայրերին:+ 19 Քերովբեները պետք է լինեն կափարիչի երկու ծայրերին, ամեն ծայրին՝ մեկ քերովբե: 20 Քերովբեների երկու թևերը պետք է տարածված լինեն դեպի վեր՝ ծածկելով կափարիչը:+ Քերովբեները պետք է դեմ դիմաց լինեն: Նրանց երեսները պետք է դեպի կափարիչն ուղղված լինեն: 21 Կափարիչը տապանակի վրա կդնես:+ Վկայության տախտակները, որ կտամ քեզ, կդնես տապանակի մեջ: 22 Ես կհայտնվեմ քեզ կափարիչի վերևում՝+ Վկայության տապանակի վրայի երկու քերովբեների մեջտեղում, և կխոսեմ քեզ հետ ու կհայտնեմ այն բոլոր պատվիրանները, որ պետք է հաղորդես իսրայելացիներին:
23 Նաև ակացիայի փայտից մի սեղան+ պատրաստեք՝ երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+ 24 Պատեք այն մաքուր ոսկով և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք: 25 Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեք՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեք: 26 Սեղանի համար չորս ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն են ամրացվելու: 27 Օղակները պետք է լինեն եզրակալի անմիջապես ներքևում, և դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 28 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք. սեղանը դրանցով պետք է տանեք:
29 Պատրաստեք դրա վրա դրվելիք ափսեները, անոթները, ինչպես նաև կժերը և թասերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեն: Այդ ամենը պետք է մաքուր ոսկուց պատրաստեք:+ 30 Սեղանի վրա կանոնավորաբար պետք է դրվեն այն հացերը, որոնք պետք է իմ առաջ լինեն:+
31 Մաքուր ոսկուց ճրագակալ+ պատրաստեք: Այն պետք է կոփելով պատրաստեք: Դրա պատվանդանը, բունը, ճյուղերը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+ 32 Ճրագակալի բնից վեց ճյուղ պետք է դուրս գա. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 33 Ճրագակալի մի կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա նույնպես պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Այսպիսին պետք է լինեն ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 34 Իսկ ճրագակալի բնի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: 35 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, պետք է լինի մեկ կոկոն: Մեկ կոկոն էլ պետք է լինի հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես պետք է դասավորված լինեն կոկոնները բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 36 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը պետք է մեկ ամբողջական կտոր լինեն՝ կոփված մաքուր ոսկուց:+ 37 Յոթ ճրագ պետք է պատրաստեք ճրագակալի համար: Եվ երբ ճրագները վառված լինեն, կլուսավորեն դիմացի տարածությունը:+ 38 Ճրագների պատրույգը հանելու ունելիներն ու ամանները պետք է մաքուր ոսկուց լինեն:+ 39 Ճրագակալն իր պիտույքներով պետք է պատրաստվի մեկ տաղանդ* մաքուր ոսկուց: 40 Հետևիր, որ դրանք պատրաստվեն այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»:+