2 Տարեգրություն
20 Որոշ ժամանակ անց մովաբացիները,+ ամմոնացիներն+ ու Ամմոնի երկրից* այլ մարդիկ եկան Հովսափատի դեմ պատերազմելու: 2 Հովսափատին տեղեկացրին. «Ծովի* կողմից՝ Եդոմից,+ մեծ զորք է գալիս քո դեմ: Այն արդեն Ասասան-Թամարում է, այսինքն՝ Ենգադիում»:+ 3 Հովսափատը վախեցավ և որոշեց* Եհովայի առաջնորդությունը փնտրել,+ ուստի ծոմ հայտարարեց ամբողջ Հուդայի համար: 4 Հուդայի բնակիչները հավաքվեցին, որպեսզի Եհովայից առաջնորդություն խնդրեն:+ Բոլոր քաղաքներից մարդիկ եկան, որ խորհուրդ հարցնեն Եհովայից:
5 Հովսափատը կանգնեց Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդի մեջ, որը հավաքվել էր Եհովայի տանը՝ նոր գավիթի առաջ, 6 և ասաց.
«Ո՜վ Եհովա, մեր նախահայրերի՛ Աստված, դու ես միակ Աստվածը երկնքում,+ և դու ես իշխում ազգերի բոլոր թագավորությունների վրա:+ Քո ձեռքում են ուժն ու հզորությունը, և ոչ ոք չի կարող քեզ ընդդիմանալ:+ 7 Ո՜վ մեր Աստված, դու քշեցիր այս երկրի բնակիչներին քո ժողովրդի՝ Իսրայելի առաջից և այս երկիրը որպես մնայուն սեփականություն տվեցիր քո ընկեր Աբրահամի սերնդին:+ 8 Քո ժողովուրդը այստեղ բնակվեց և այստեղ էլ քո անվան համար սրբարան կառուցեց+ ու ասաց. 9 «Եթե մեզ վրա աղետ գա՝ լինի դա պատերազմ,* դատապարտություն, համաճարակ կամ սով, կկանգնենք այս տան առջև ու քո առջև (որովհետև քո անունը այս տանն է)+ և նեղության մեջ քեզ օգնության կկանչենք: Այդ ժամանակ դու լսիր մեզ ու փրկիր»:+ 10 Այժմ մեր դեմ են ելել ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչները:+ Երբ իսրայելացիները դուրս էին եկել Եգիպտոսից, դու թույլ չտվեցիր, որ ներխուժեն նրանց տարածքները: Ուստի իսրայելացիներն այլ ճանապարհով գնացին ու չոչնչացրին նրանց:+ 11 Եվ հիմա նրանք այսպես են փոխհատուցում մեզ. եկել են, որ մեզ դուրս հանեն քո երկրից, որը տվել ես մեզ որպես ժառանգություն:+ 12 Ո՜վ մեր Աստված, մի՞թե դու նրանց դատաստանը չես տեսնելու:+ Մենք անզոր ենք նրանց մեծ զորքի դեմ, որը մեզ վրա է գալիս, և չգիտենք, թե ինչ անենք,+ ուստի մեր աչքերը քեզ են ուղղված»:+
13 Այդ ընթացքում Հուդայի բոլոր տղամարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, կանգնել էին Եհովայի առաջ:
14 Այդ պահին Եհովայի ոգին իջավ Ասափի սերնդից ղևտացի Մաթանիայի որդի Հեյելի որդի Բանեայի որդի Զաքարիայի որդի Հաազիելի վրա, որը հավաքվածների մեջ էր: 15 Հաազիելն ասաց. «Լսե՛ք, ո՛վ Հուդա ու Երուսաղեմ և ո՛վ Հովսափատ թագավոր: Ահա թե ինչ է ձեզ ասում Եհովան. «Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք այդ մեծ զորքից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է:+ 16 Վաղը նրանց ընդառաջ գնացեք: Նրանք կանցնեն Ասիսի զառիվերով, և դուք նրանց կգտնեք գետահովտի* եզրին՝ Հերուելի անապատի դիմաց: 17 Կարիք չի լինի, որ դուք պատերազմեք: Վե՛ր կացեք, կանգնե՛ք+ ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում:+ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք:+ Վաղը նրանց ընդառաջ գնացեք, ու Եհովան ձեզ հետ կլինի»»:+
18 Այդ պահին Հովսափատը մինչև գետին խոնարհվեց, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը ծնկի եկան Եհովայի առաջ, որ երկրպագեն Եհովային: 19 Հետո ղևտացիները՝ Կահաթյաններն+ ու Կորխյանները, վեր կացան, որ շատ բարձր ձայնով գովաբանեն Իսրայելի Աստված Եհովային:+
20 Վաղ առավոտյան նրանք վեր կացան ու գնացին Թեկուեի+ անապատ: Երբ նրանք դուրս էին գալիս, Հովսափատը կանգնեց նրանց առաջ ու ասաց. «Լսե՛ք ի՛նձ, ո՛վ Հուդա և Երուսաղեմ: Հավատացե՛ք ձեր Աստված Եհովային, որ հաստատուն լինեք: Հավատացե՛ք նրա մարգարեներին+ և հաջողություն կունենաք»:
21 Ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո նա երգիչներ նշանակեց,+ որ շքեղ և սուրբ հանդերձանք հագած՝ գնան սպառազինված զորքի առջևից ու երգեն և գովաբանեն Եհովային՝ ասելով. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»:+
22 Երբ նրանք սկսեցին ուրախությամբ փառաբանական երգեր երգել, Եհովան որոգայթ լարեց Հուդայի դեմ դուրս եկած ամմոնացիների, մովաբացիների ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչների համար, և նրանք սկսեցին սպանել իրար:+ 23 Ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիրի լեռնային շրջանի բնակիչների վրա,+ որպեսզի կոտորեն ու ոչնչացնեն նրանց, և երբ Սեիրի բնակիչներին կոտորեցին, սկսեցին իրար կոտորել:+
24 Երբ Հուդայի մարդիկ հասան անապատի+ դիտարանին, նայեցին թշնամու զորքի կողմը ու տեսան, որ նրանց դիակները փռված են գետնին.+ ոչ ոք կենդանի չէր մնացել: 25 Այդ ժամանակ Հովսափատն ու նրա մարդիկ գնացին ավար հավաքելու և մեծ քանակությամբ ապրանք գտան, ինչպես նաև հանդերձանք ու թանկարժեք իրեր:+ Ավարն այնքան շատ էր, որ նրանք երեք օր հավաքում տանում էին այն, բայց ամբողջը այդպես էլ չկարողացան տանել: 26 Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բարաքայի հովտում և այնտեղ գովաբանեցին* Եհովային: Ուստի այդ վայրը կոչեցին Բարաքայի* հովիտ.+ այն մինչ օրս այդպես է կոչվում:
27 Դրանից հետո Հուդայի և Երուսաղեմի բոլոր տղամարդիկ Հովսափատի գլխավորությամբ վերադարձան Երուսաղեմ: Նրանք ուրախանում էին, որովհետև Եհովան նրանց հաղթանակ էր շնորհել թշնամիների նկատմամբ:+ 28 Նրանք շեփորների,+ տավիղների ու քնարների+ հնչյունների ներքո մտան Երուսաղեմ և գնացին Եհովայի տուն:+ 29 Երբ մյուս թագավորությունները լսեցին, որ Եհովան է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Աստծու հանդեպ վախը պատեց նրանց:+ 30 Հովսափատի Աստվածը ամեն կողմից խաղաղություն տվեց նրան. նրա թագավորությունում հանգստություն էր տիրում:+
31 Հովսափատը շարունակեց իշխել Հուդայի վրա: Նա սկսել էր թագավորել 35 տարեկանում և 25 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ազուբա էր. նա Սալիի դուստրն էր:+ 32 Հովսափատը գնաց իր հոր՝ Ասայի+ ճանապարհով ու չշեղվեց դրանից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 33 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին,+ և ժողովուրդը դեռևս վճռական չէր ծառայելու իր նախահայրերի Աստծուն:+
34 Հովսափատի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է Հանանիի+ որդի Հեուի+ գրառումներում, որոնք ներառված են «Իսրայելի թագավորների գրքում»: 35 Դրանից հետո Հուդայի թագավոր Հովսափատը դաշինք կնքեց Իսրայելի թագավոր Օքոզիայի հետ, որը չար գործեր էր անում:+ 36 Հովսափատը նրա հետ պայմանավորվեց Թարսիս+ գնալու համար նավեր կառուցել, և նրանք Եսիոն-Գաբերում+ նավեր կառուցեցին: 37 Սակայն մարեսացի Դոդիայի որդի Եղիեզերը մարգարեացավ՝ Հովսափատին ասելով. «Քանի որ Օքոզիայի հետ դաշինք կնքեցիր, Եհովան կխափանի քո գործը»:+ Այսպիսով՝ նավերը խորտակվեցին+ և չհասան Թարսիս: