2 Թագավորներ
21 Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Էփսիբա էր: 2 Մանասեն արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորույթներին,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:+ 3 Նա վերականգնեց այն սրբավայրերը, որոնք իր հայր Եզեկիան ավերել էր,+ զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և սուրբ ձող*+ պատրաստեց, ինչպես որ արել էր Իսրայելի թագավոր Աքաաբը:+ Մանասեն խոնարհվեց երկնքի ողջ զորքի* առաջ ու ծառայեց դրանց:+ 4 Նաև զոհասեղաններ կառուցեց Եհովայի տանը,+ որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը Երուսաղեմում կլինի»:+ 5 Նա երկնքի ողջ զորքի+ համար Եհովայի տան երկու գավիթներում զոհասեղաններ կառուցեց:+ 6 Մանասեն այրեց իր որդուն, մոգությամբ զբաղվեց, նախանշաններ փնտրեց+ և ծառայության վերցրեց ոգեհարցների ու գուշակների:+ Նա շատ բաներ արեց, որոնք չար էին Եհովայի աչքում, և վիրավորեց նրան:
7 Մանասեն իր պատրաստած սուրբ ձողի+ քանդակված կուռքը դրեց այն տանը, որի մասին Եհովան Դավթին ու նրա որդի Սողոմոնին ասել էր. «Իմ անունը ընդմիշտ կլինի այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր քաղաքներից:+ 8 Եթե իսրայելացիները ճշգրտորեն կատարեն այն ամենը՝ այն ողջ Օրենքը, որն իմ ծառա Մովսեսի միջոցով պատվիրել եմ պահել,+ նրանց այլևս չեմ վռնդի այն երկրից, որը տվել եմ նրանց նախահայրերին»:+ 9 Բայց նրանք չհնազանդվեցին: Մանասեն շեղեց նրանց ճիշտ ճանապարհից՝ դրդելով նրանց ավելի մեծ չարիք գործելու, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջնջել էր իսրայելացիների առաջից:+
10 Եհովան իր ծառաների՝ մարգարեների+ միջոցով ասում էր. 11 «Հուդայի թագավոր Մանասեն այս բոլոր նողկալի բաներն է անում. նա իրենից առաջ եղած ամորհացիներից+ ավելի վատ է վարվում+ և Հուդային մեղքի է դրդում իր գարշելի կուռքերով: 12 Այդ պատճառով Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ես Երուսաղեմի և Հուդայի վրա այնպիսի աղետ եմ բերելու,+ որ ով լսի այդ մասին, կցնցվի:*+ 13 Երուսաղեմով մեկ կձգեմ այն չափման լարը,+ որով չափեցի Սամարիան,+ և նրան կստուգեմ այն հարթաչափով,* որով ստուգեցի Աքաաբի տունը:+ Երուսաղեմը կսրբեմ, ինչպես թասն են սրբում, սրբում են ու շուռ տալիս:+ 14 Ես կլքեմ իմ ժողովրդին, որ մնացել է երկրում,+ ու կմատնեմ իր թշնամիների ձեռքը: Նրան կկողոպտեն ու գերության կտանեն,+ 15 քանի որ անում է այն, ինչը չար է իմ աչքում, և իր նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր վիրավորում է ինձ»»:+
16 Բացի նրանից, որ Մանասեն մեղք գործեց՝ Հուդայի բնակիչներին մեղքի դրդելով, այնպես որ նրանք էլ արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ նա նաև այնքան շատ անմեղ արյուն թափեց, որ Երուսաղեմը ծայրից ծայր արյունով լցրեց:+ 17 Մանասեի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, նաև նրա մեղքերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 18 Մանասեն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ամոնը:
19 Ամոնը+ 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, որի հայրը ետեբացի Արուզն էր: 20 Իր հոր՝ Մանասեի պես Ամոնն արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 21 Նա գնաց իր հոր հետքերով ու ծառայեց այն գարշելի կուռքերին, որոնց իր հայրն էր ծառայել, և խոնարհվեց դրանց առաջ:+ 22 Այսպիսով՝ Ամոնը թողեց իր նախահայրերի Աստված Եհովային և չգնաց Եհովայի ճանապարհով:+ 23 Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան հենց իր տան մեջ: 24 Սակայն ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել, և նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդուն՝ Հովսիային:+ 25 Ամոնի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 26 Նրան թաղեցին իր գերեզմանում, որը Օզայի պարտեզում էր:+ Ամոնից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովսիան:+