Երեմիա
28 Այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի+ իշխանության սկզբում՝ չորրորդ տարում՝ հինգերորդ ամսին, Ազուրի որդի Հանանիա մարգարեն, որը Գաբաոնից+ էր, Եհովայի տանը քահանաների և ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց ինձ. 2 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կկոտրեմ Բաբելոնի թագավորի դրած լուծը:+ 3 Երկու տարի էլ չի անցնի, երբ այստեղ կվերադարձնեմ Եհովայի տան բոլոր պիտույքները, որոնք Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը վերցրել է այստեղից ու տարել Բաբելոն:+ 4 Կվերադարձնեմ նաև Հուդայի թագավոր Հովակիմի+ որդի Հեքոնիային+ ու Հուդայի բոլոր գերիներին, որոնց տարել են Բաբելոն,+– ասում է Եհովան,– որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի դրած լուծը»»:
5 Այդ ժամանակ Եհովայի տանը Երեմիա մարգարեն քահանաների և ողջ ժողովրդի առաջ դիմեց Հանանիա մարգարեին: 6 Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն:* Թող Եհովան այդպես անի: Թող Եհովան կատարի քո մարգարեական խոսքերը և Բաբելոնից այստեղ վերադարձնի Եհովայի տան պիտույքներն ու բոլոր գերիներին: 7 Սակայն խնդրում եմ, լսիր այն, ինչ ես կասեմ քեզ ու ողջ ժողովրդին: 8 Այն մարգարեները, որոնք վաղուց՝ ինձնից ու քեզնից առաջ են եղել, նույնպես մարգարեացել են շատ երկրների ու հզոր թագավորությունների մասին, որ այնտեղ պատերազմներ, աղետներ ու համաճարակներ են լինելու: 9 Բայց երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և նրա խոսքը կատարվում է, այդ ժամանակ է պարզ դառնում, որ նրան իսկապես Եհովան է ուղարկել»:
10 Լսելով այդ խոսքերը՝ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից հանեց լուծը ու կոտրեց:+ 11 Հանանիան ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երկու տարի էլ չի անցնի, երբ նույն կերպ կկոտրեմ Նաբուգոդոնոսոր թագավորի դրած լուծը, որը բոլոր ազգերի պարանոցի վրա է»»:+ Եվ Երեմիա մարգարեն գնաց այդտեղից:
12 Այն բանից հետո, երբ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցի վրայի լուծը կոտրեց, Եհովան ասաց Երեմիային. 13 «Գնա և Հանանիային ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Փայտե լուծը կոտրեցիր,+ բայց դրա փոխարեն երկաթե լուծ կպատրաստես»: 14 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես երկաթե լուծ եմ դնելու այս բոլոր ազգերի պարանոցի վրա, որպեսզի Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին ծառայեն: Նրանք պիտի ծառայեն նրան:+ Նույնիսկ գազաններին եմ նրան տալու»»»:+
15 Երեմիա մարգարեն ասաց Հանանիա+ մարգարեին. «Լսի՛ր, Հանա՛նիա, Եհովան քեզ չի ուղարկել, բայց դու այս ժողովրդին դրդեցիր, որ ստի հավատա:+ 16 Դրա համար սա է ասում Եհովան. «Ես վերացնելու եմ քեզ երկրի երեսից: Այս տարի դու կմեռնես, որովհետև Եհովայի դեմ ըմբոստություն հրահրեցիր»»:+
17 Եվ Հանանիա մարգարեն այդ նույն տարում՝ յոթերորդ ամսին, մահացավ: