Եզեկիել
3 Հետո նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ քո առաջ է, կեր: Կեր այս գլանաձև գիրքը, ապա գնա և խոսիր Իսրայելի հետ»:+
2 Ուստի բերանս բացեցի, և նա տվեց ինձ այդ գիրքը, որ ուտեմ: 3 Հետո ասաց. «Մարդո՛ւ որդի, կեր այս գիրքը, որ տալիս եմ քեզ, և լցրու ստամոքսդ»: Ես սկսեցի ուտել. այն մեղրի պես քաղցր էր իմ բերանում:+
4 Նա ասաց. «Մարդո՛ւ որդի, գնա Իսրայելի ժողովրդի մոտ և իմ խոսքերը հայտնիր նրան: 5 Քեզ ուղարկում եմ ոչ թե մի ժողովրդի մոտ, որը խոսում է դժվարհասկանալի և անծանոթ լեզվով, այլ Իսրայելի ժողովրդի մոտ: 6 Քեզ չեմ ուղարկում այն բազմաթիվ ժողովուրդների մոտ, որոնք դժվարհասկանալի և անծանոթ լեզվով են խոսում, և որոնց խոսքերը չես կարող հասկանալ: Եթե քեզ ուղարկեի նրանց մոտ, նրանք կլսեին քեզ:+ 7 Սակայն իսրայելացիները չեն ցանկանա քեզ լսել, որովհետև չեն ցանկանում ինձ լսել,+ քանի որ Իսրայելի ժողովուրդը պնդաճակատ է ու կարծր սիրտ ունի:+ 8 Ես քո երեսը նրանց երեսի նման պինդ եմ դարձրել և քո ճակատը՝ նրանց ճակատի նման կարծր:+ 9 Ադամանդի պես կարծր եմ դարձրել քո ճակատը, ավելի կարծր, քան կայծքարն է:+ Նրանցից մի՛ վախեցիր և նրանց դեմքի արտահայտությունից մի՛ սարսափիր.+ նրանք ապստամբ ժողովուրդ են»:
10 Ապա նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, ուշադիր լսիր այն բոլոր խոսքերը, որ քեզ կասեմ, և խորությամբ մտածիր դրանց շուրջ: 11 Գնա քո գերեվարված հայրենակիցների մոտ+ և խոսիր նրանց հետ: Նրանց ասա՝ «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան», անկախ նրանից՝ կլսեն, թե կմերժեն»:+
12 Այնուհետև ոգին ինձ տարավ,+ ու ես իմ հետևից մի ձայն լսեցի, որը նման էր թնդյունի. «Թող գովաբանվի Եհովայի փառքը նրա բնակության վայրում»: 13 Եվ լսվում էր կենդանի էակների՝ իրար դիպչող թևերի ձայնը,+ նրանց կողքին եղող անիվների ձայնը,+ ինչպես նաև թնդյունի նման ձայնը: 14 Ոգին տարավ ինձ: Ես դառնացած ու զայրացած գնում էի և ինձ վրա զգում էի Եհովայի զորության ուժգին ներգործությունը: 15 Ես եկա Թելաբիբ՝ Քոբար գետի+ մոտակայքում ապրող գերեվարվածների մոտ, և սկսեցի բնակվել այնտեղ: Ես ցնցված էի+ և այդ վիճակում յոթ օր մնացի նրանց հետ:
16 Յոթ օր հետո Եհովան ասաց ինձ.
17 «Մարդո՛ւ որդի, քեզ ժամապահ եմ նշանակել Իսրայելի ժողովրդի համար:+ Երբ որևէ խոսք լսես ինձնից, պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց:+ 18 Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց դու չնախազգուշացնես նրան՝ չասես, որ հետ դառնա իր չար ճանապարհից, որպեսզի ողջ մնա,+ նա կմեռնի իր մեղքի պատճառով, քանի որ մեղսագործ է,+ բայց նրա մահվան* համար քեզնից հաշիվ կպահանջեմ:+ 19 Իսկ եթե դու նախազգուշացնես մեղսագործին, բայց նա հետ չդառնա իր չար ճանապարհից՝ չդադարի մեղք գործելուց, նա կմեռնի իր մեղքի պատճառով, իսկ դու կպահպանես քո կյանքը:+ 20 Իսկ եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է,* ես գայթակղության քար կդնեմ նրա առաջ, և նա կմեռնի:+ Եթե դու նրան չնախազգուշացնես, նա կմեռնի իր մեղքի պատճառով, և ես չեմ հիշի նրա արդար գործերը, բայց քեզնից հաշիվ կպահանջեմ նրա մահվան համար:+ 21 Սակայն եթե արդարին նախազգուշացնես, որ մեղք չգործի, ու նա մեղք չգործի, ապա նա անպատճառ ողջ կմնա, քանի որ նախազգուշացված էր,+ և դու կպահպանես քո կյանքը»:
22 Այնտեղ Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և Նա ասաց. «Գնա դաշտահովիտ, և այնտեղ ես կխոսեմ քեզ հետ»: 23 Ես գնացի դաշտահովիտ և տեսա Եհովայի փառքը,+ որը նման էր այն փառքին, որ տեսել էի Քոբար գետի մոտ,+ ու ես, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցի: 24 Ապա ոգին մտավ իմ մեջ, ինձ ոտքի կանգնեցրեց,+ և Աստված ասաց ինձ.
«Գնա փակվիր քո տանը: 25 Մարդո՛ւ որդի, քեզ պարաններով կկապեն, և դու չես կարողանա դուրս գնալ նրանց մոտ: 26 Քո լեզուն քիմքիդ կկպցնեմ, և դու համր կդառնաս ու չես կարողանա խրատել նրանց. նրանք ապստամբ ժողովուրդ են: 27 Բայց երբ խոսեմ քեզ հետ, կբացեմ քո բերանը, և դու կասես նրանց.+ «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան»: Լսողը թող լսի,+ իսկ մերժողը թող մերժի. նրանք ապստամբ ժողովուրդ են»:+