Եզեկիել
14 Իսրայելի երեցներից մի քանիսը եկան ու նստեցին իմ առաջ:+ 2 Եվ Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 3 «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ կառչած են իրենց գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար են դրել՝ նրանց դրդելով մեղքի: Մի՞թե կպատասխանեմ նրանց, երբ դիմեն ինձ:+ 4 Ուստի ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Եթե մի իսրայելացի կառչի իր գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու, ես՝ Եհովաս, նրան արժանի պատասխան կտամ՝ նրա պաշտած գարշելի կուռքերի քանակին համապատասխան: 5 Ես իսրայելացիների սիրտը ահ կգցեմ, քանի որ նրանք բոլորը հեռացել են ինձնից և իրենց նողկալի կուռքերին են պաշտում»»:+
6 Ուստի իսրայելացիներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վերադարձեք ինձ մոտ, երես թեքեք ձեր գարշելի կուռքերից և հրաժարվեք ձեր բոլոր նողկալի գործերից:+ 7 Եթե որևէ իսրայելացի կամ Իսրայելում բնակվող որևէ պանդուխտ հեռանա ինձնից ու կառչի իր զազրելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա իմ մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու,+ ե՛ս՝ Եհո՛վաս, կպատասխանեմ նրան. 8 ես կթշնամանամ այդ մարդու հետ, նրան նախազգուշական օրինակ ու առակ կդարձնեմ և կվերացնեմ իմ ժողովրդի միջից:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
9 Բայց եթե մարգարեն, խաբված լինելով, պատասխան տա, իմացեք, որ ես՝ Եհովաս եմ մոլորեցրել նրան:+ Ես իմ ձեռքը կմեկնեմ ու կվերացնեմ նրան իմ ժողովրդի՝ Իսրայելի միջից: 10 Նրանք կկրեն իրենց մեղքի հետևանքը. մարգարեին հարցնողը նույնքան մեղավոր կլինի, որքան մարգարեն: 11 Այդպես կլինի այն բանի համար, որ իսրայելացիները այլևս չհեռանան ինձնից ու իրենց չպղծեն մեղքերով: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
12 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 13 «Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր, անհավատարմությամբ վարվելով, մեղք գործի իմ դեմ, ես իմ ձեռքը կմեկնեմ և այն կզրկեմ սննդի պաշարից,*+ ես սով կուղարկեմ այնտեղ+ ու կվերացնեմ մարդկանց և կենդանիներին:+ 14 Նույնիսկ եթե այդ երկրում լինեին Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը,+ այս երեք մարդիկ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
15 Կամ եթե այդ երկիր գիշատիչ գազաններ ուղարկեի, նրանք ամայացնեին* այն, ու երկիրը անմարդաբնակ դառնար, և այդ գազանների պատճառով ոչ ոք չանցներ այնտեղով,+ 16 ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին. միայն իրենք կփրկվեին, իսկ երկիրն ամայի կդառնար:
17 Կամ եթե սուր ուղղեի այդ երկրի դեմ+ և ասեի՝ «Թող սուր անցնի այդ երկրով», ու վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին,+ 18 ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ միայն իրենք կփրկվեին:
19 Կամ եթե համաճարակ բերեի այդ երկրի վրա+ ու իմ ցասումը թափեի, որպեսզի արյունահեղությամբ վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, 20 ապա, նույնիսկ եթե Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը+ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին:+
21 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այդպես կլինի, երբ Երուսաղեմի վրա չորս պատիժ բերեմ՝+ սուր, սով, գիշատիչ գազաններ և համաճարակ,+ որպեսզի վերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին:+ 22 Բայց ոմանք կփրկվեն և այնտեղից դուրս կբերվեն,+ այդ թվում՝ որդիներն ու դուստրերը: Ահա նրանք գալիս են ձեզ մոտ, և երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը, սուգ չեք անի այն աղետի՝ այն բոլոր բաների համար, որ ես բերել եմ Երուսաղեմի վրա:
23 Դուք սուգ չեք անի, երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը: Եվ այդ ժամանակ կիմանաք, որ այն, ինչ արել եմ, առանց պատճառի չեմ արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: