Եզեկիել
1 Երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրն էր: Ես գերեվարվածների մեջ էի՝+ Քոբար գետի մոտ:+ Հանկարծ երկինքը բացվեց, ու ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին: 2 Ամսվա հինգերորդ օրը՝ Հովաքին+ թագավորի գերեվարման հինգերորդ տարում, 3 քաղդեացիների+ երկրում՝ Քոբար գետի մոտ, Եհովան խոսեց ինձ հետ՝ քահանա Բուզիի որդի Եզեկիելիս* հետ: Այնտեղ Եհովայի ոգին* իջավ ինձ վրա:+
4 Եվ ահա թե ինչ տեսա. կատաղի քամի,+ որ փչում էր հյուսիսից, նաև վիթխարի մի ամպ և բոցկլտացող կրակ,*+ որոնց շուրջբոլորը վառ լույս էր փայլում, ու կրակի մեջ ոսկու և արծաթի համաձուլվածքի պես մի բան կար:+ 5 Կրակի մեջ չորս կենդանի էակների նման կերպարանքներ կային,+ և յուրաքանչյուրը նման էր մարդու: 6 Ամեն մեկը չորս երես ու չորս թև ուներ:+ 7 Նրանց ոտքերն ուղիղ էին և շողում էին փայլեցված պղնձի պես,+ իսկ ոտնաթաթերը հորթի կճղակների էին նման: 8 Իրենց թևերի տակ չորս կողմից մարդու ձեռքեր ունեին, և նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին: 9 Յուրաքանչյուր էակի մի թևը դիպչում էր մյուս թևին: Գնալիս նրանք չէին շրջվում. ամեն մեկը ուղիղ առաջ էր գնում:+
10 Ահա թե ինչպիսին էին նրանց երեսները. չորսն էլ դիմացից մարդու երես ունեին, աջից՝ առյուծի+ երես, ձախից՝ ցլի+ երես, և չորսն էլ հետևից՝ արծվի+ երես:+ 11 Այդպիսին էին նրանց երեսները: Յուրաքանչյուր էակի երկու թևերը դեպի վեր էին տարածվում և իրար էին դիպչում, իսկ մյուս երկուսը ծածկում էին նրանց մարմինները:+
12 Յուրաքանչյուրը ուղիղ առաջ էր գնում: Ուր որ ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ էլ գնում էին+ ու գնալիս չէին շրջվում: 13 Կենդանի էակները նման էին կրակի մեջ այրվող ածուխների: Կենդանի էակների միջև բոցավառ ջահերի նման ինչ-որ բաներ հետ ու առաջ էին գնում, և կրակի միջից կայծակներ էին շանթում:+ 14 Երբ կենդանի էակները առաջ էին գնում ու հետ դառնում, նրանց շարժումները կայծակի փայլատակումներ էին հիշեցնում:
15 Մինչ նայում էի չորս երես ունեցող կենդանի էակներին, հանկարծ տեսա, որ երկրի վրա՝ նրանցից յուրաքանչյուրի կողքին, մեկական անիվ կա:+ 16 Այդ անիվները այնպես էին փայլում, ասես ոսկեքարից լինեին, և չորսն էլ իրար նման էին: Դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ:* 17 Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: 18 Անիվներն այնքան բարձր էին, որ ակնածանք էին ներշնչում: Չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կային:+ 19 Երբ կենդանի էակները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ կենդանի էակները վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում:+ 20 Կենդանի էակները գնում էին այնտեղ, ուր ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ, ուր ոգին գնում էր: Անիվները բարձրանում էին կենդանի էակների կողքով, որովհետև նրանց վրա ներգործող ոգին* նաև անիվների մեջ էր: 21 Երբ նրանք առաջ էին շարժվում, դրանք էլ էին առաջ շարժվում, երբ կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում: Երբ նրանք վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում նրանց կողքով, որովհետև կենդանի էակների վրա ներգործող ոգին նաև անիվների մեջ էր:
22 Կենդանի էակների գլխավերևում հարթակի տեսք ունեցող մի բան կար, որը սառույցի պես փայլում էր և ակնածանք էր ներշնչում: Այն տարածվում էր նրանց գլխավերևում:+ 23 Այդ հարթակի տակ նրանց թևերը տարածվում էին վեր* և դիպչում էին մեկը մյուսին: Ամեն մեկը ուներ երկու թև, որոնցով ծածկում էր իր մարմնի մի կողմը, և երկու թև, որոնցով ծածկում էր մյուս կողմը: 24 Ես լսում էի նրանց թևերի ձայնը, որը նման էր ջրերի շառաչյունի, Ամենակարողի ձայնին:+ Երբ նրանք առաջ էին շարժվում, զորքի բարձրացրած աղմուկի պես ձայն էր լսվում: Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը:
25 Նրանց գլխավերևում գտնվող հարթակի վերևից մի ձայն էր լսվում: (Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը): 26 Նրանց գլխավերևի հարթակի վրա գահի+ նման մի բան կար, որն ասես շափյուղա քարից լիներ:+ Գահին նստած էր մեկը, ով մարդու կերպարանք ուներ:+ 27 Հետո տեսա, որ նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի վեր փայլ էր ճառագում,+ որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի, նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի ներքև տեսա կրակի պես մի բան:+ Նրա շուրջբոլորը շողշողում էր, 28 և այդ փայլը նման էր ծիածանի,+ որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը: Այսպիսին էր նրա շուրջբոլորը ճառագող լույսը: Այն ասես Եհովայի փառքը լիներ:+ Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը սկսեց խոսել: