Եզեկիել
13 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր այն մասին, թե ինչ է սպասում Իսրայելի մարգարեներին՝+ նրանց, ովքեր մարգարեություններ են հորինում,+ և ասա. «Լսե՛ք Եհովայի խոսքը: 3 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ հիմար մարգարեներին, որոնք ոչինչ չեն տեսել և լոկ իրենց մտքերն են ասում:+ 4 Քո մարգարեները, ո՛վ Իսրայել, ավերակներում բնակվող աղվեսների նման են դարձել: 5 Ո՛վ մարգարեներ, դուք չեք գնա հանուն Իսրայելի քարե պարիսպների ճեղքերը փակելու,+ ինչի պատճառով Եհովայի օրը Իսրայելը կընկնի պատերազմում:+ 6 Նրանց տեսիլքները կեղծ են, և կանխագուշակությունները՝ սուտ: Նրանք ասում են՝ «Ահա թե ինչ է ասում Եհովան», մինչդեռ Եհովան չի ուղարկել նրանց, և ակնկալում են, որ իրենց ասածը կկատարվի:+ 7 Չէ՞ որ ձեր տեսիլքները կեղծ են, չէ՞ որ ձեր կանխագուշակությունները սուտ են, երբ ասում եք՝ «Ահա թե ինչ է ասում Եհովան», մինչդեռ ես ոչինչ չեմ ասել»:
8 Այդ պատճառով սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես ձեր դեմ եմ, քանի որ դուք սուտ բաներ եք ասում, և ձեր տեսիլքները կեղծ են,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:+ 9 Իմ հզոր ձեռքով ես կպատժեմ այն մարգարեներին, որոնց տեսիլքները կեղծ են, և կանխագուշակությունները՝ սուտ:+ Նրանք չեն լինի այն մարդկանց թվում, ում ես վստահում եմ: Նրանք գրանցված չեն լինի Իսրայելի ժողովրդի գրանցամատյանում և Իսրայել չեն վերադառնա: Եվ դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ:+ 10 Այս ամենը կլինի այն պատճառով, որ նրանք իմ ժողովրդին մոլորեցրել են՝ ասելով՝ խաղաղություն է, մինչդեռ խաղաղություն չկա:+ Երբ մեկը խարխուլ միջնապատ է կառուցում, նրանք կրով ծեփում են այն»:*+
11 Պատը կրով ծեփողներին ասա, որ այն փլուզվելու է: Հորդառատ անձրև է տեղալու, կարկուտ է թափվելու, և հզոր փոթորիկը քանդելու է այն:+ 12 Երբ պատը քանդվի, ձեզ կասեն. «Ի՞նչ օգուտ, որ ծեփել էիք պատը»:+
13 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես իմ զայրույթով հզոր փոթորիկներ կուղարկեմ, իմ բարկությամբ հորդառատ անձրև կթափեմ և իմ ավերիչ ցասումով կարկուտ կտեղամ: 14 Ես կքանդեմ այն պատը, որը ծեփել եք կրով, հողին կհավասարեցնեմ այն, ու նրա հիմքը կբացվի: Երբ քաղաքն ընկնի, այնտեղ կկործանվեք: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
15 Երբ իմ ցասումն իսպառ թափեմ այդ պատի և այն կրով ծեփողների վրա, կասեմ ձեզ. «Պատն այլևս չկա, և այն ծեփողներն էլ չկան:+ 16 Այլևս չկան Իսրայելի մարգարեները՝ նրանք, ովքեր մարգարեանում էին Երուսաղեմի մասին, և ովքեր նրա խաղաղության մասին տեսիլքներ էին տեսնում, մինչդեռ խաղաղություն չկար»»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
17 Իսկ դու, մարդո՛ւ որդի, շրջվիր քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք մարգարեություններ են հորինում, ու մարգարեացիր այն մասին, թե նրանց ինչ է սպասում: 18 Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ այն կանանց, ովքեր ժապավեններ են կարում ձեռքերի համար* և գլխածածկոցներ են պատրաստում ցանկացած հասակի մարդկանց համար, որպեսզի նրանց կյանքերը որսան: Մի՞թե կարծում եք, թե իմ ժողովրդի միջից մարդկանց կյանքեր որսալով՝ կփրկեք ձեր կյանքը: 19 Մի քանի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար դուք անարգում եք ինձ իմ ժողովրդի առաջ:+ Խաբելով իմ ժողովրդին, որը լսում է ձեր ստերը՝ դուք սպանում եք նրանց, ովքեր չպետք է մահանան, ու կենդանի եք թողնում նրանց, ովքեր չպետք է ապրեն»:+
20 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերացնեմ ձեր ժապավենները, ո՛վ կանայք, որոնցով որսում եք մարդկանց, ինչպես թռչունների: Ես կպոկեմ դրանք ձեր բազուկներից ու ձեր ձեռքից կփրկեմ նրանց, ում որսում եք, ինչպես թռչունների: 21 Ես կքաշեմ կհանեմ ձեր գլխածածկոցները և ձեր ձեռքից կազատեմ իմ ժողովրդին. նրանք այլևս որս չեն լինի ձեզ համար: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 22 Դուք ձեր ստերով վհատեցրել եք արդարին,+ ում ես, սակայն, ցավ չեմ պատճառել, իսկ չարագործին զորացրել եք,+ ու նա հետ չի դառնում իր չար ճանապարհից, ուստի ողջ չի մնա:+ 23 Դրա համար դո՛ւք, կանա՛յք, այլևս կեղծ տեսիլքներ չեք տեսնի և գուշակություն չեք անի:+ Ես իմ ժողովրդին կազատեմ ձեր ձեռքից, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»: