Եզեկիել
37 Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և իր ոգով Եհովան տարավ ինձ ու կանգնեցրեց ոսկորներով լի մի հովտի մեջտեղը:+ 2 Նա անցկացրեց ինձ դրանց միջով: Ես տեսա, որ հովիտը լեփ-լեցուն էր ոսկորներով, դրանք շատ չորացած էին:+ 3 Նա ինձ հարցրեց. «Մարդո՛ւ որդի, կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»: Ես պատասխանեցի. «Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դա դո՛ւ գիտես»:+ 4 Նա ասաց. «Մարգարեացիր այս ոսկորների մասին և ասա. «Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Եհովայի խոսքը.
5 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան այս ոսկորներին. «Ես շունչ կտամ ձեզ, և դուք կկենդանանաք:+ 6 Ձեզ ջլերով ու մսով կպատեմ, մաշկով կծածկեմ, ու կյանքի կկոչվեք: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:
7 Այդ ժամանակ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել: Եվ երբ մարգարեանում էի, մի ձայն լսվեց՝ մի դղրդոց, և ոսկորները սկսեցին մոտենալ իրար. ոսկորը՝ ոսկորին: 8 Ապա տեսա, որ դրանք ջլերով ու մսով պատվեցին և մաշկով ծածկվեցին: Սակայն դրանց մեջ դեռևս շունչ չկար:
9 Եվ նա ասաց ինձ. «Մարգարեացիր, մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա քամուն. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ քամի,* չորս կողմերից* արի ու փչիր այս սպանված մարդկանց վրա, որպեսզի կենդանանան»»»:
10 Ուստի ես մարգարեացա, ինչպես որ նա ինձ պատվիրել էր, և նրանց մեջ շունչ* մտավ, նրանք կենդանացան ու ոտքի կանգնեցին:+ Դա հսկայական զորք էր:
11 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորները ողջ Իսրայելն են:+ Իսրայելացիներն ասում են. «Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է:+ Մենք ամեն ինչից կտրվել ենք»: 12 Դրա համար մարգարեացիր և ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, ես բացելու եմ ձեր գերեզմանները,+ ձեզ հանելու եմ դրանց միջից ու բերելու եմ Իսրայել:+ 13 Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ դրանց միջից, ո՛վ իմ ժողովուրդ:+ 14 Իմ ոգին կդնեմ ձեր մեջ, ու դուք կկենդանանաք,+ ձեզ կբնակեցնեմ ձեր երկրում, և դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»,– ասում է Եհովան»»:
15 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ: Նա ասաց. 16 «Մարդո՛ւ որդի, մի փայտ վերցրու ու վրան գրիր. «Հուդա և Իսրայելի ժողովուրդ, որը նրա հետ է»:*+ Մի ուրիշ փայտ էլ վերցրու և վրան գրիր. «Հովսեփ՝ Եփրեմի փայտ, և ողջ Իսրայել, որը նրա հետ է»:*+ 17 Ապա դրանք իրար միացրու, որ քո ձեռքում մեկ փայտ դառնան:+ 18 Երբ քո ժողովուրդը քեզ հարցնի՝ «Կասե՞ս, թե այս ամենն ինչ է նշանակում», 19 պատասխանիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերցնեմ Հովսեփի և նրա հետ եղող Իսրայելի ցեղերի փայտը, որը Եփրեմի ձեռքում է, և այն կմիացնեմ Հուդայի փայտին: Ես դրանք մեկ փայտ կդարձնեմ,+ իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն»»: 20 Այն փայտերը, որոնց վրա գրելու ես, կպահես այնպես, որ տեսանելի լինեն մարդկանց:
21 Ապա ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իսրայելացիներին կհանեմ այն ազգերի միջից, որոնց մոտ նրանք գնացել են, ամեն տեղից կհավաքեմ ու կբերեմ իրենց երկիր:+ 22 Նրանց մեկ ազգ կդարձնեմ այդ երկրում՝+ Իսրայելի լեռների վրա, ու նրանց վրա մեկ թագավոր կիշխի:+ Նրանք այլևս երկու ազգ չեն լինի, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված կլինեն:+ 23 Նրանք այլևս չեն պղծվի գարշելի կուռքերով, նողկալի գործերով ու մեղքերով:+ Ես կօգնեմ նրանց, որ այլևս մեղք չգործեն, ինչը անում էին անհավատարմության պատճառով, և կմաքրեմ նրանց: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ:+
24 Իմ ծառա Դավիթը նրանց թագավորը կլինի,+ ու նրանք բոլորը մեկ հովիվ կունենան:+ Նրանք կհնազանդվեն իմ օրենքներին* և ճշգրտորեն կպահեն իմ կանոնները:+ 25 Նրանք կբնակվեն այն երկրում, որը տվել եմ իմ ծառա Հակոբին, և որտեղ ապրել են իրենց նախահայրերը:+ Նրանք, նրանց երեխաները, նրանց երեխաների երեխաները+ առհավետ կբնակվեն այնտեղ,+ և իմ ծառա Դավիթը նրանց առաջնորդը* կլինի հավիտյան:+
26 Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ,+ և այն հավիտենական ուխտ կլինի: Ես նրանց կբնակեցնեմ իրենց երկրում, կշատացնեմ+ և իմ սրբարանը նրանց մեջ կդնեմ առհավետ: 27 Իմ խորանը* նրանց հետ* կլինի, ես կլինեմ նրանց Աստվածը, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն:+ 28 Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի, և ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ Իսրայելին սուրբ դարձնում»»»:+