Եզրաս
6 Այդ ժամանակ Դարեհ թագավորի հրամանով փնտրտուքներ արվեցին Բաբելոնի գանձատներում եղող արխիվներում: 2 Հետո Եկբատանայի ամրոցում, որը Մարաստանի մարզում է, գտնվեց մի ձեռագիր,* որում գրված էր հետևյալ հրամանը.
3 «Կյուրոս թագավորն իր իշխանության առաջին տարում հրաման արձակեց Աստծու տան վերաբերյալ, որ Երուսաղեմում է.+ «Թող այդ տունը վերակառուցվի, որպեսզի այնտեղ զոհեր մատուցվեն. դրա հիմքը պետք է ամրացվի, բարձրությունն ու լայնությունը պետք է 60 կանգուն* լինեն:+ 4 Պատերը պետք է կանգնեցնեն՝ դնելով երեք շարք մեծ քարեր ու մի շերտ գերան:+ Ծախսերը կփակվեն թագավորի գանձարանից:+ 5 Աստծու տան ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից ու բերել Բաբելոն,+ թող վերադարձվեն Երուսաղեմի տաճար՝ Աստծու տուն, և դրվեն իրենց տեղը»:+
6 Ուստի ձեզ՝ Անդրգետքի* կառավարիչ Թաթանային, Սաթրաբուզանին և ձեր համախոհներին՝ այդ շրջանի ենթակառավարիչներին,+ հրամայում եմ, որ հեռանաք այդտեղից: 7 Մի՛ խանգարեք Աստծու տան վերակառուցման աշխատանքներին: Հրեաների կառավարիչն ու նրանց երեցները պետք է կանգնեցնեն Աստծու տունն իր նախկին տեղում: 8 Ես նաև հրամայում եմ, որ Աստծու տունը վերակառուցելու հարցում հրեաների երեցներին հետևյալ օգնությունը տրամադրեք. արքունի գանձարանից,+ մասնավորապես Անդրգետքից հավաքվող հարկերից անմիջապես միջոցներ տրամադրեք նրանց ծախսերի համար, որ գործը չկանգնի:+ 9 Երուսաղեմում գտնվող քահանաներին էլ ամեն օր առանց վերապահումների տրամադրեք այն, ինչ անհրաժեշտ է երկնքի Աստծուն ողջակեզներ մատուցելու համար՝ մատղաշ ցլեր,+ արու ոչխարներ+ ու գառներ,+ նաև ցորեն,+ աղ,+ գինի+ և յուղ՝+ ամեն բան, ինչ որ ասեն, 10 որպեսզի նրանք երկնքի Աստծուն շարունակ մատուցեն նրան հաճելի ընծաներ և աղոթեն թագավորի ու իր որդիների բարօրության համար:+ 11 Եթե որևէ մեկը խախտի այս հրամանը, կարգադրում եմ, որ այդ մարդու տնից մի գերան հանեն ու նրան վեր բարձրացնելով՝ գամեն դրան, իսկ նրա տունը հասարակաց արտաքնոց* դարձնեն: 12 Ամեն թագավոր կամ ժողովուրդ, որ կհանդգնի դեմ գնալ այս հրամանին ու կփորձի ավերել Աստծու տունը, որ Երուսաղեմում է, թող կործանվի Աստծու ձեռքով, ով ընտրել է այդ վայրն իր անվան համար:+ Ես՝ Դարեհս եմ արձակում այս հրամանը: Անհապաղ իրագործե՛ք»:
13 Ուստի Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն+ ու նրանց համախոհները անհապաղ արեցին այն ամենը, ինչ Դարեհ թագավորը հրամայել էր: 14 Իսկ հրեաների երեցները, Անգե մարգարեի+ և Ադդովի թոռ Զաքարիայի+ մարգարեություններից քաջալերված, շարունակեցին շինարարությունը: Գործը հաջողությամբ առաջ գնաց,+ ու նրանք ավարտին հասցրին շինարարությունը՝ Իսրայելի Աստծու կարգադրության+ և Կյուրոսի,+ Դարեհի+ ու Պարսկաստանի մյուս թագավորի՝ Արտաքսերքսեսի*+ տված հրամանների համաձայն: 15 Տան շինարարությունը ավարտին հասցվեց Դարեհ թագավորի իշխանության վեցերորդ տարում՝ ադար* ամսվա երրորդ օրը:
16 Իսրայելացիները՝ քահանաները, ղևտացիները+ և գերությունից վերադարձած մյուս մարդիկ, ուրախությամբ նշեցին Աստծու տան հանդիսավոր բացումը:* 17 Աստծու տան հանդիսավոր բացման առթիվ նրանք բերեցին 100 ցուլ, 200 արու ոչխար, 400 գառ, ինչպես նաև Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ 12 արու այծ՝ որպես մեղքի զոհ ամբողջ Իսրայելի համար:+ 18 Քահանաներին ու ղևտացիներին ըստ իրենց խմբերի նշանակեցին, որ Երուսաղեմում ծառայություն մատուցեն Աստծուն,+ ինչպես որ գրված է Մովսեսի գրքում:+
19 Առաջին ամսվա 14-րդ օրը գերությունից վերադարձածները նշեցին Պասեքը:+ 20 Քահանաներն ու ղևտացիները՝ բոլորն անխտիր, մաքրագործվել էին,+ ուստի Աստծու աչքին մաքուր էին: Նրանք մորթեցին Պասեքի զոհը գերությունից վերադարձած բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ մյուս քահանաների և իրենց համար: 21 Այդ զոհից կերան գերությունից վերադարձած իսրայելացիները և բոլոր նրանք, ովքեր ձերբազատվել էին այդ տարածքում ապրող ազգերի անմաքուր սովորություններից ու միացել էին իսրայելացիներին, որ պաշտեն* Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 22 Ժողովուրդը նաև յոթ օր ցնծությամբ նշեց Անթթխմոր հացերի տոնը,+ քանի որ Եհովան նրանց ուրախություն էր պատճառել և մղել էր Ասորեստանի թագավորին,* որ բարեհաճ լինի նրանց հանդեպ+ և աջակցի նրանց* ճշմարիտ Աստծու՝ Իսրայելի Աստծու տան վերակառուցման գործում: