Փիլիմոն
1 Ես՝ Պողոսս, որ բանտարկված եմ+ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատիս համար, և մեր եղբայր Տիմոթեոսը+ ողջունում ենք քեզ, Փիլիմո՛ն, մեր սիրելի՛ համագործակից: 2 Ողջունում ենք նաև մեր քրոջը՝ Ապպիային, և Արքիպոսին,+ որը մեզ պես Քրիստոսի զինվոր է, ինչպես նաև քո տանը հավաքվող ժողովին:+
3 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:
4 Իմ աղոթքներում քո մասին հիշատակելիս ես միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն,+ 5 որովհետև շարունակ լսում եմ, թե ինչպիսի հավատ ու սեր ունես Տեր Հիսուսի հանդեպ, և որ բոլոր սրբերի* հանդեպ էլ ես այդպիսի սեր դրսևորում: 6 Աղոթում եմ, որ այն հավատը, որ բոլորիս պես դու էլ ունես, մղի քեզ գիտակցելու, թե որքան բարիք ենք ստացել Քրիստոսի միջոցով: 7 Եղբա՛յրս, ես շատ ուրախացա ու քաջալերվեցի՝ լսելով քո ցուցաբերած սիրո մասին, թե ինչպես ես ջերմացրել սրբերի սրտերը:
8 Ու հենց այդ պատճառով էլ, թեև որպես Քրիստոսի առաքյալ իրավասություն ունեմ պատվիրելու քեզ անել այն, ինչ ճիշտն է, 9 ես՝ Պողոսս, որ տարիքս առած մարդ եմ և այժմ նաև բանտարկյալ՝ ազատազրկված հանուն Քրիստոս Հիսուսի, գերադասում եմ խնդրանքս ուղղել քեզ՝ հիմնվելով քո սիրո վրա: 10 Խնդրանքս իմ զավակի՝ Օնեսիմոսի+ մասին է, որի համար հոր պես եմ դարձել+ կապանքներիս մեջ եղած ժամանակ: 11 Նախկինում նա անպիտան մարդ էր քեզ համար, մինչդեռ հիմա պիտանի է դարձել և՛ քեզ, և՛ ինձ համար: 12 Եվ հիմա ես հետ եմ ուղարկում նրան, այո՛, սրտիս անչափ թանկ այդ մարդուն:
13 Կուզենայի նրան ինձ մոտ պահել, որ նա քո փոխարեն օգտակար լինի ինձ, մինչ բանտարկված եմ բարի լուրը քարոզելու համար:+ 14 Բայց չուզեցի ինչ-որ բան անել առանց քո համաձայնության: Ես ուզում եմ, որ լավությունը, որի մասին խնդրում եմ, անես ոչ թե հարկադրանքով, այլ հոժար կամքով:+ 15 Թերևս իզուր չեղավ, որ նա որոշ ժամանակով հեռացավ քեզնից, որովհետև հիմա կարող է ընդմիշտ քեզ հետ լինել, 16 սակայն արդեն ոչ թե որպես ծառա,*+ այլ ավելին՝ որպես սիրելի եղբայր:+ Նա շատ սիրելի է ինձ համար և որքա՜ն առավել պետք է քեզ համար սիրելի լինի, քանի որ հիմա ոչ միայն քո ծառան է, այլև քո քրիստոնյա եղբայրը: 17 Ուստի եթե ինձ ընկեր ես համարում, գրկաբաց ընդունիր նրան, ինչպես որ ինձ կընդունեիր: 18 Իսկ եթե նրա պատճառով որևէ կորուստ ես ունեցել, կամ եթե նա քեզ ինչ-որ բան է պարտք, դա ինձ թող: 19 Ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով՝ ե՛ս կհատուցեմ, թեև գիտես, որ դու էլ ինձ ես պարտական քո կյանքով: 20 Այո՛, եղբա՛յրս, հանուն Տիրոջ՝ արա ինձ այդ լավությունը. հանուն Քրիստոսի՝ ջերմացրու սիրտս:
21 Ես վստահ եմ, որ կկատարես խնդրանքս, և գիտեմ, որ նույնիսկ ավելին կանես, դրա համար էլ գրում եմ քեզ: 22 Այս ամենից բացի՝ ինձ համար մնալու տեղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ ազատ կարձակվեմ ու կգամ ձեզ մոտ:+
23 Քեզ բարևում է Եպաֆրասը,+ որ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի համար բանտարկված է ինձ հետ: 24 Բարևում են նաև իմ համագործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը,+ Դեմասը+ և Ղուկասը:+
25 Թող Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար: