Հայտնություն
9 Հինգերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և տեսա մի աստղ, որ երկնքից ընկել էր երկրի վրա, և նրան տրվեց անդունդի* բանալին:+ 2 Նա բացեց անդունդը, ու այնտեղից մեծ հնոցի ծխի նման ծուխ բարձրացավ, և արևն ու օդը այդ ծխից խավարեցին:+ 3 Ծխի միջից մորեխներ դուրս եկան երկրի վրա,+ ու նրանց իշխանություն տրվեց, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն: 4 Նրանց ասվեց, որ չվնասեն ո՛չ երկրի կանաչ խոտը, ո՛չ ծառերը, ո՛չ էլ որևէ այլ բույս, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին:+
5 Մորեխներին իշխանություն տրվեց հինգ ամիս տանջելու նրանց, բայց թույլ չտրվեց սպանել: Եվ նրանց պատճառած տանջանքը նման էր այն տանջանքին, որ մարդը կրում է կարիճի խայթոցի պատճառով:+ 6 Այդ օրերին մարդիկ մահ կփնտրեն, բայց չեն գտնի. կցանկանան մեռնել, բայց մահը կփախչի նրանցից:
7 Մորեխները պատերազմի համար նախապատրաստված ձիերի էին նման:+ Նրանց գլուխներին ոսկե թագերի պես բաներ կային, երեսները մարդկանց երեսների էին նման: 8 Նրանց մազերը կանանց մազերի պես էին, իսկ ատամները առյուծի ատամների էին նման:+ 9 Նրանք երկաթե զրահների պես զրահներ ունեին, և նրանց թևերի ձայնը պատերազմի սլացող ձիակառքերի դղրդյունի էր նման:+ 10 Կարիճների պես՝ նրանք խայթիչով պոչեր ունեին, և զորություն ունեին դրանցով հինգ ամիս վնասելու մարդկանց:+ 11 Նրանց թագավորը անդունդի հրեշտակն էր:+ Նրա անունը եբրայերեն Աբադոն* էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն:*
12 Մեկ վայը անցավ: Դրանից հետո ևս երկու վայեր+ են գալիս:
13 Վեցերորդ հրեշտակը+ փչեց իր շեփորը,+ և Աստծու առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի*+ եղջյուրներից մի ձայն լսեցի, 14 որն ասաց շեփոր ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր չորս հրեշտակներին, որոնք կապված են մեծ գետի՝ Եփրատի մոտ»:+ 15 Եվ այդ չորս հրեշտակները, որոնք պատրաստ էին գործի անցնելու այդ ժամին, այդ օրը, ամսին և տարվան, արձակվեցին, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին:
16 Ես լսեցի, որ հեծելազորի թիվը 200 միլիոն* էր: 17 Ձիերն ու հեծյալները, որոնց տեսա տեսիլքում, այսպիսի տեսք ունեին. հեծյալները հուր-կարմիր, հակինթի պես կապույտ և ծծմբի պես դեղին զրահներ ունեին: Ձիերի գլուխները առյուծների+ գլուխների էին նման, և նրանց երախներից կրակ, ծուխ ու ծծումբ էին դուրս գալիս: 18 Մարդկանց մեկ երրորդը սպանվեց այս երեք պատուհասներով՝ նրանց երախներից դուրս եկող կրակով, ծխով ու ծծմբով: 19 Ձիերի զորությունը իրենց երախներում ու պոչերում էր: Նրանց պոչերը գլուխ ունեին և նման էին օձերի, ու դրանցով նրանք վնաս էին հասցնում:
20 Իսկ մնացած մարդիկ, ովքեր այս պատուհասներից չմեռան, այդպես էլ չզղջացին իրենց գործերի համար, այլ շարունակեցին պաշտել դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել:+ 21 Նրանք չզղջացին իրենց կատարած սպանությունների, ոգեհարցության, անբարոյականության* և գողությունների համար: