Ելք
9 Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ:+ 2 Բայց եթե չհամաձայնվես նրանց ազատ արձակել ու պահես նրանց, 3 ապա Եհովան իր ձեռքը+ կբարձրացնի դաշտում եղող քո անասունների վրա: Հիվանդաբեր պատուհաս+ կգա ձիերի, էշերի, ուղտերի, ինչպես նաև նախիրների ու հոտերի վրա: 4 Եհովան տարբերություն կդնի Իսրայելի ու Եգիպտոսի անասունների միջև, և իսրայելացիներին պատկանող ոչ մի անասուն չի սատկի»»»:+ 5 Եհովան ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը ես՝ Եհովաս, կանեմ դա այս երկրում»:
6 Հենց հաջորդ օրը Եհովան արեց դա. եգիպտացիներին պատկանող ամեն տեսակ անասուն սատկեց,+ բայց իսրայելացիների անասուններից մեկն անգամ չսատկեց: 7 Փարավոնը հարցուփորձ արեց ու պարզեց, որ իսրայելացիների անասուններից մեկն անգամ չի սատկել: Սակայն փարավոնի սիրտը կարծր մնաց, և նա ազատ չարձակեց ժողովրդին:+
8 Այդ ժամանակ Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Թրծավառարանից երկու լիքը բուռ մոխիր վերցրեք, և թող Մովսեսը փարավոնի առաջ շաղ տա օդում: 9 Այն կվերածվի մանր փոշու, որը կծածկի ողջ Եգիպտոսը, և ամբողջ երկրում մարդկանց ու անասունների վրա թարախապալարներ կհայտնվեն»:
10 Նրանք թրծավառարանից մոխիր վերցրին ու կանգնեցին փարավոնի առաջ: Մովսեսն այն շաղ տվեց օդում, և մարդկանց ու անասունների վրա թարախապալարներ հայտնվեցին: 11 Դրանց պատճառով մոգությամբ զբաղվող քրմերը չկարողացան գալ ու կանգնել Մովսեսի առաջ. թարախապալարներ էին գոյացել թե՛ նրանց, թե՛ բոլոր եգիպտացիների վրա:+ 12 Բայց Եհովան թողեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր Մովսեսին:+
13 Հետո Եհովան Մովսեսին ասաց. «Վաղ առավոտյան վեր կաց, կանգնիր փարավոնի առաջ ու ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ, 14 այլապես հիմա իմ բոլոր հարվածները կուղղեմ քո դեմ, քո ծառաների ու քո ժողովրդի դեմ, որպեսզի իմանաս, որ ամբողջ երկրի վրա ինձ նմանը չկա:+ 15 Ես վաղուց կարող էի բարձրացնել ձեռքս և սարսափելի հիվանդությամբ պատուհասել քեզ ու քո ժողովրդին, և դու բնաջինջ կլինեիր երկրի երեսից: 16 Բայց հենց սրա համար եմ քեզ ողջ թողել, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ:+ 17 Դու մինչև հիմա մեծամտությամբ ես վարվում և ազատ չես արձակում իմ ժողովրդին: 18 Դրա համար վաղը՝ մոտավորապես այս ժամերին, սաստիկ կարկուտ կտեղամ՝ այնպիսին, որի նմանը երբեք չի եղել Եգիպտոսում նրա հիմնադրման օրից ի վեր: 19 Այնպես որ հրաման տուր, որ քո բոլոր անասուններին, դաշտում գտնվող քո բոլոր մարդկանց և ունեցվածքդ ծածկի տակ բերեն: Ցանկացած մարդ կամ անասուն, որ կմնա դաշտում և ծածկի տակ չի լինի, կմեռնի, երբ կարկուտը թափվի նրանց վրա»»»:
20 Փարավոնի մարդկանցից բոլոր նրանք, ովքեր վախեցան Եհովայի խոսքից, շտապ տուն բերեցին իրենց ծառաներին ու անասուններին: 21 Իսկ ովքեր չվախեցան և ուշադրություն չդարձրին Եհովայի խոսքին, իրենց ծառաներին ու անասուններին թողեցին դաշտում:
22 Եհովան ասաց Մովսեսին. «Մեկնիր ձեռքդ դեպի երկինք, որ կարկուտ գա ողջ Եգիպտոսի վրա՝+ այս երկրի մարդկանց, անասունների և դաշտի ողջ բուսականության վրա»:+ 23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Եհովան որոտ ու կարկուտ բերեց: Երկրի վրա կրակ* էր թափվում: Եհովան կարկուտ էր տեղում Եգիպտոսի վրա: 24 Կարկուտ էր թափվում, և դրա հետ՝ փայլատակող կրակ: Կարկուտը շատ սաստիկ էր. դրա նմանը երբևէ չէր եղել Եգիպտոսում այն ժամանակվանից ի վեր, երբ այնտեղ ազգ էր ձևավորվել:+ 25 Եգիպտոսի ողջ տարածքում կարկուտը հարվածեց դաշտում գտնվող ամեն ինչի՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, ավերեց ողջ բուսականությունը և ջարդուխուրդ արեց դաշտում եղած բոլոր ծառերը:+ 26 Կարկուտ չեկավ միայն Գեսեմ երկրում, որտեղ իսրայելացիներն էին:+
27 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Հիմա ընդունում եմ, որ մեղք եմ գործել: Եհովան արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը մեղավոր ենք: 28 Աղաչե՛ք Եհովային, որ դադարեցնի իր որոտն ու կարկուտը: Այդ ժամանակ ազատ կարձակեմ ձեզ. էլ չեք մնա այստեղ»: 29 Մովսեսն էլ ասաց նրան. «Քաղաքից դուրս գալուն պես ես ձեռքերս դեպի վեր կտարածեմ ու կաղոթեմ Եհովային: Որոտը կդադարի, ու այլևս կարկուտ չի գա, և դու կիմանաս, որ երկիրը Եհովային է պատկանում:+ 30 Բայց ես արդեն գիտեմ, որ դու և քո ծառաները նույնիսկ այդ ժամանակ չեք վախենա* Եհովա Աստծուց»:
31 Կարկուտը ոչնչացրել էր վուշն* ու գարին, որովհետև այդ ժամանակ գարին արդեն հասկեր էր տվել, իսկ վուշը բողբոջել էր: 32 Սակայն ցորենն ու հաճարը չէին վնասվել, քանի որ դրանք ավելի ուշ են հասնում: 33 Փարավոնի մոտից գնալով՝ Մովսեսը դուրս եկավ քաղաքից և ձեռքերը դեպի վեր տարածելով՝ աղոթեց Եհովային: Այդ ժամանակ որոտը, կարկուտն ու հորդառատ անձրևը դադարեցին:+ 34 Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտն ու որոտը դադարեցին, կրկին մեղք գործեց՝ կարծրացրեց իր սիրտը,+ թե՛ նա, թե՛ իր ծառաները: 35 Փարավոնի սիրտը համառ մնաց, և նա ազատ չարձակեց իսրայելացիներին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր Մովսեսի միջոցով:+